Գյումրու թիվ 11 դպրոցը ևս մրգատու այգի նվեր ստացավ

https://eco.am/%d5%a3%d5%b5%d5%b8%d6%82%d5%b4%d6%80%d5%b8%d6%82-%d5%a9%d5%ab%d5%be-11-%d5%a4%d5%ba%d6%80%d5%b8%d6%81%d5%a8-%d6%87%d5%bd-%d5%b4%d6%80%d5%a3%d5%a1%d5%bf%d5%b8%d6%82-%d5%a1%d5%b5%d5%a3%d5%ab-%d5%b6/

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ֆինանսավորմամբ և «Շիրակի ֆերմերներ»  հասարակական կազմակերպության գործընկերությամբ իրականացվող պտղատու ինտենսիվ այգիների հիմնման վերջին հասցեն Գյումրու թիվ 11 հիմնական դպրոցի տարածքն էր: Նախաձեռնությունը, սկիզբ էր առել Շիրակի մարզի Հոռոմ, այնուհետև Ջրափի և Մեղրաշեն համայնքներում:

Քաղաքի ամենախիտ բնակեցված հատվածներից մեկի՝ Անի թաղամասի թիվ 11 հիմնական դպրոցի նորաստեղծ այգին հիմնվեց մոտ 2500 քառակուսի մետր տարածքի վրա, որից 1500-ը տրամադրվեց իտալական բարձրորակ, կլիմային համապատասխանեցված 280 խնձորի և սալորի ինտենսիվ տնկիներին, իսկ 1000 քառակուսի մետրը՝ բարձր բերքատվության 360 մալինայի և մոշի թփերին:

Բացի այդ կառուցվում է կարկտապաշտպան ցանց, անցկացվում կաթիլային ոռոգման համակարգ: Կազմակերպությունը տրամադրում է նաև ջրի պահեստավորման տարրաներ, այգու պատշաճ և ավտոմատացված խնամքն իրականացնելու համար մշակման գյուղտեխնիկա, հողի թթվայնությունը, խոնավությունն ու ջերմությունը որոշող սարքավորումներ, էտի մկրատներ և բազմաթիվ այլ պարագաներ։ Իսկ սպասվելիք բերքի նպատակային օգտագործման համար կտրամադրվեն մրգի չորանոցներ:

«Շիրակի ֆերմերներ» ասոցիացիայի ինժեներ Հարություն Ղազարյանը նշում է, որ աշխատանքներն ընթացան նախասահմանված կարգով, այգիները հիմնվեցին պրոֆեսիոնալ ցուցումներին համապատասխան:

Դպրոցների մանկավարժներն ու աշակերտները ծառատունկին մասնակցեցին մեծ ոգևորությամբ՝ խոստացան ամենայն ուշադրությամբ պահել ու խնամել այգիները:

Գյումրու թիվ 11 հիմնական դպրոցի տնօրեն Արմենուհի Գրիգորյանը աշակերտների հետ ոգևորությամբ մասնակցեց ծառատունկին, նշեց, որ անչափ ուրախ են, որ քաղաքի դպրոցներից հենց իրենցն է ընտրվել այս ծրագիրն իրականացնելու համար․ «Սկզբում չպատկերացրեցինք ինչ ծրագիր է, բայց այժմ տեսանք դրա օգտակարությունն ու ծավալը։ Երեխաները կօգտվեն էկոլոգիապես մաքուր սննդից։ Բացի այդ, ստացված միրգը և՛ թարմ, և՛ կազմակերպության կողմից տրամադրված սարքավորումներով պատրաստված չրերի տեսքով կվաճառվեն, հասույթով կհոգանք դպրոցի կարիքները: Ուզում եմ շնորհակալություն հայտնել  ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրին և Շիրակի ֆերմերների ասոցիացիային այս հրաշալի այգին մեզ նվիրելու համար: Նշեմ նաև, որ կազմակերպությունները սեմինարներ են անցկացնելու դպրոցում, որի ընթացքում կուսուցանեն այգին ճիշտ խնամելու գաղտնիքները»,- տեղեկացրեց Գյումրու թիվ 11 հիմնական դպրոցի տնօրենը։

Հավելենք, որ ոչ միայն դպրոցների հանրույթները, այլև ծրագրի մասնակից չորս համայնքների բնակիչները, բարձր գնահատեցին ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային և «Շիրակի ֆերմերների» ասոցիացիայի համագործակցությամբ իրականացված ծրագրերը՝ հույս հայտնելով, որ կանաչ տարածքների ավելացման նոր նախաձեռնությունները չեն ուշանա:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել
  • Զամբյուղում դեռևս չի ավելացվել ապրանքներ։