Բնությանը մոտ լինելն անհրաժեշտություն է, բույսեր խնամելը՝ մեծ պատասխանատվություն։ Այն խոսում է մարդու արժեհամակարգի, բարեկրթության և հոգու գեղեցկության մասին։ Նրանք մեզ՝ թթվածին, մենք նրանց՝ սեր ու խնամք։
Eco.am սոցիալական հարթակը ներկայացնում է բուսաբանական այգու կոնցեպտով գործող Օ₂ Gardens-ի կողմից նախաձեռնած լուսանկարների շարքը՝ իրենց ոլորտներում հաջողության հասած տղամարդկանց մասնակցությամբ, ովքեր կիսում են այս գաղափարն ու ասում՝ հոգ տանելը գեղեցիկ է։
«Ես մելոման եմ, միևնույն ժամանակ՝ բնության մեծ սիրահար։ Հրաշալի եռյակ ենք՝ ես, բնությունն ու երաժշտությունը։ Արևադարձային ռիթմերով ոգեշնչված՝ առավել շատ տարված եմ հենց արևադարձային բույսերով․ անգամ ավոկադոյի ծառ ունեմ։ Ես սիրում եմ խոսել իմ բույսերի հետ, դրանք խնամել։ Բույսերի մասին հոգ տանելիս անգամ նրանց ամենաչնչին փոփոխությունն ես զգում, իսկ բույսերը՝ քո սերը»․ ասում է դերասան Արման Խաչատրյանը։
«Բնության և հատկապես բույսերի հետ ես միշտ կապված եմ եղել, իսկ վիրավորվելուց և հաշմանդամություն ձեռք բերելուց հետո այդ կապն առավել քան ուժեղացել է։ Բույսերի հետ առանձնանալը, զրուցելը, փայփայելն ու նրանց մասին հոգ տանելն ինձ միայն դրական էներգիա են տալիս և հանգստացնում են։ Բույսերն ինձ համար սիրո, մաքրության ու պարզության խորհրդանիշ են․ դրանք ինձ խաղաղություն են պարգևում, հոգուս և բնության միջև ներդաշնակ կապն են ստեղծում։ Առանց բնության ես կյանք չունեմ»․ ասում է ՀՀ ԶՈՒ փոխգնդապետ Սարգիս Ստեփանյանը։
«Ես ծնվել եմ գյուղում, ու հենց դա է պատճառը, որ այսքան մոտ եմ բնությանը։ Բույսին ես վերաբերվում եմ այնպես, ինչպես կվերաբերվեմ մարդուն։ Նա, ով կարող է բույսի մասին հոգ տանել, կարող է նաև հոգ տանել աշխարհի մասին, որովհետև աշխարհը կախված է մեկ հատիկ բույսից։ Ես սիրում եմ բնությունը, որովհետև բնությունն էլ ինձ է սիրում»․ ասում է դերասան Ավետ Զոհրաբյանը։
«Ես ֆիթնես մարզիչ եմ և, բնականաբար, առողջ ապրելակերպի կողմնակից եմ: Մեր գործն է օգնել մարդկանց հոգ տանել իրենց օրգանիզմի մասին, ապրել ավելի ակտիվ և առողջ։ Բոլորս էլ գիտենք, որ բնությունը մեզ թթվածնով է ապահովում, բարելավում է նյութափոխանակությունն ու մեր մարմինն ու միտքն ավելի առողջ դարձնում։ Ես էլ, որպես առողջ ապրելակերպ վարելու կողմնակից, մարդկանց միշտ խորհուրդ եմ տալիս հնարավորինս շատ բնության գրկում լինել, գնալ քաղաքից դուրս, վայելել բնաշխարհի հիասքանչ գեղեցկությունը, բայց և հնարավորինս ուշադիր ու հոգատար լինել դրա հանդեպ»․ ասում է ֆիթնես մարզիչ Դավիթ Սարգսյանը։
«Բույսերի հանդեպ հոգատարությունն արժեհամակարգ է։ Սա առաջին քայլն է՝ երեխաներին սովորեցնելու սիրել աշխարհը, հոգ տանելու դրա մասին. չէ՞ որ բույսերը մյուս բոլոր, ավելի բարդ կերդանի օրգանիզմներից ամենաներողամիտն են»․ ասում է միջազգային կարգի սպորտի վարպետ Սերգեյ Ասատուրովը։
«Բույսեր մշակելը, խնամելը և առհասարակ դրանցով շրջապատված լինելն ինձ համար լավագույն թերապիաներից են։ Այն բանից հետո, երբ մոտ ընկերս ինձ ծանոթացրեց իր տնային բույսերին, մեծ սիրով և ոգևորությամբ ես էլ սկսեցի բույսեր աճեցնել ու խնամել։ Արդեն 10 տարի է, ինչ առօրյաս դրանցով է լցված»․ ասում է երաժշտական պրոդյուսեր՝ Հայկ (Apricota) Հարությունյանը։
«Մորս կապը բույսերի հետ ինձ մանկուց հիացրել է։ Նրա շնորհիվ է, որ պաշտում եմ բնությունը և որ անվերջ հիանում ծառերով, ծաղիկներով, բույսերով ու առհասարակ կանաչով։ Առանց բույսի կյանք չկա․ նրանց երեխայի պես սիրել ու խնամել է պետք։ Ինչպես երեխային ես ժամանակին կերակրում, ճիշտ դաստիարակում, հետը զրուցում, նույն կերպ էլ պետք է բույսերին վերաբերվես, և եթե ինչ-որ տեղ թերանաս, այն կթառամի։ Ճիշտ խնամքի ու ջերմության դեպքում էլ իր ցանկալի պտուղները կտա։ Սիրում եմ, երբ մեր տանը միշտ ծաղիկներ են լինում, և չեմ սիրում, երբ դրանք քաղում են․ ծաղիկները պիտի շնչեն։ Նույն կերպ էլ սիրում եմ հողով ծաղիկներ նվիրել, դրանցում մի տեսակ կյանք կա»․ ասում է հանրային կառավարման մասնագետ, մարքեթոլոգ Սեյրան Սողոյանը։
«Իմ աշխատանքային ոլորտն այնպիսին է, որ երբեմն ամեն ինչից կտրվել ու հանգստանալ է պետք, իսկ այդ հարցում միշտ բնությունն է օգնում։ Առհասարակ ծառերի ու ծաղիկների մեծ սիրահար եմ, շատ հաճախ գնում եմ սարեր, ձորեր, անտառներ, որտեղ խաղաղվում ու հանգստություն եմ գտնում։ Մարդն ու բնությունը փոխկապակցված են․ եթե չլինի կանաչը, չի լինի և կյանքը։ Ես սիրում եմ բոլոր տեսակի բույսերը, դրանք բոլորը յուրովի գեղեցիկ են։ Վերջերս էլ առանձնատուն եմ գնել, որտեղ ինքս տարբեր տեսակի բույսեր եմ աճեցնում»․ ասում է դիջեյ Արայիկ Հակոբյանը (DJ Kiaro)։
«Բույսերն ապահովում են մեր առողջ և գեղեցիկ միջավայրը։ Դրան ի պատասխան՝ բույսերի մասին հոգ տանելը, նրանց սեր ու ջերմություն տալը նվազագույնն է, որ կարող ենք անել։
Բնությունն ինձ ուժ, էներգիա և հանգստություն է տալիս, այդ իսկ պատճառով առաջին իսկ հնարավորության դեպքում բնության գիրկ եմ գնում, կտրվում առօրյայից ու նոր լիցքերով վերադառնում աշխատանքիս։ Արդյունքում այդ դրական էներգիան փոխանցվում է նաև իմ լսարանին»․ ասում է դիջեյ Համլետ Վանյանը (DJ Jokey)։
«Դեռ մանկուց բնության վերաբերյալ ֆիլմեր եմ դիտում։ Ես պաշտում եմ բնությունը․ բնության մեջ մոռանում ես առօրյա հոգսերի մասին, միտքդ խաղաղվում է։ Տանն ինքս աճեցնում եմ 4 թանձրատերևուկ (փողի ծառ), որոնց սիրում եմ իրենց ծառանման տեսքի համար։ Առանձնակի սիրում եմ էկզոտիկ բնությունը․ ունեցել եմ տարանտուլա սարդ, թագավորական կարիճ, իսկ բույսերից Վեներա ճանճակալ եմ աճեցրել: Քանի որ կծու համի մեծ սիրահար եմ, վերջերս Բարսելոնայից ինձ հետ բերել եմ աշխարհի ամենակծու՝ Կառոլինա Ռիփեր տեսակի պղպեղի սերմերը, որոնք խնամքով ու հոգատարությամբ տնկել եմ և անհամբեր սպասում եմ առաջին պտուղներին»․ ասում է ինֆլուենսեր, լուսանկարիչ Հայկ Շաբանյանը։
Թողնել մեկնաբանություն