«Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ օրերս «Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ «Առողջ և անվտանգ ապրելակերպի կողմնացույց» խորագիրը կրող միջոցառումը։ Eco.am սոցիալական հարթակը ներկա լինելով միջոցառմանն արձանագրեց, որ այն նպատակաուղղված էր լսողության խնդիրներ ունեցող երիտասարդների շրջանում առողջ ապրելակերպի մասին իրազեկվածության մակարդակի բարձրացմանը։
Միջոցառման ընթացքում լսողության խնդիրներով երիտասարդները հանդես եկան թատերական մնջախաղով՝ ներկայացնելով թմրամոլության, հոգեորսության, բուլինգի, անառողջ սննդի, ֆիզիկական պասիվության, լսողության պահպանման խնդրի վտանգները՝ առաջարկելով այդ արատների դեմ պայքարի տարբերակներ։
Ներկաներին ուղղված ողջույնի խոսքում ԿԳՄՍ նախարարության երիտասարդության քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Զարա Ասլանյանը կարևորելով երիտասարդության շրջանում առողջ ապրելակերպի քարոզչությունը հատկապես առանձնահատուկ կարիքներով երիտասարդների շրջանում նշեց․ «Իրազեկվածության բարձացումը խթանում է առողջ ապրելակերպի՝ որպես կենսակերպի, ընկալումը։ Սա ապրելու և առօրյայի գիտակից մոտեցում է, որի հիմքերը դրվում են դեռևս մանկապարտեզում։ Ուստի պետք է կարողանանք ձևավորել այնպիսի կրթական միջավայր, որտեղ յուրաքանչյուր մարդ մանկուց կսկսի հոգ տանել իր առողջության, ֆիզիկական զարգացման մասին և որոշակի գիտելիքների տիրապետելով՝ կվարի առողջ կենսակերպ և կունենա դրան միտված ընդունելի վարքագիծ»։
Ըստ ծրագրի ղեկավար Լուսինե Բաբայանի՝ հանրապետության այլ դպրոցների հետ ևս լինելու է շարունակական համագործակցություն, որը ներառականության առումով կնպաստի լսողության խնդիրներով երեխաների՝ հանրային կյանքում առավել լայն ընդգրկմանը։
Ներկաներից Շուշանիկ Դումիկյանի կարծիքով՝ մնջախաղի բեմականացումը շատ հուզիչ էր, ու ցանկալի կլիներ, որ իրազեկված երիտասարդների շրջանակը ընդլայնվեր։
Մասնակիցներից Բելլան պատմեց, որ նա բազմաթիվ խնդիրների մասին իրազեկված չի եղել ․«Իմ աչքերը բացվեցին, ես հասկացա, որ կան շատ խնդիրներ, որոնցից մենք տեղյակ չենք։ Օրինակ՝ բուլինգից պաշտպանվելու համար պետք է մեկս մյուսին օգնենք, միմյանց աջակցենք, որ կարողանանք շրջանցել այդ չարիքը»։ Երիտասարդների հետ աշխատած փորձագետները նշեցին, որ խտրականության, թմրամոլության ու ծխելու վնասակարության մասին պետք է հնարավորինս շատ իրազեկել երիտասարդներին, որպեսզի նրանք երբեք տուրք չտան այդ արատավոր երևույթներին։
Միջոցառման ավարտին մասնակից երիտասարդները «Նարեկացի արվեստի միության» կողմից ստացան անակնկալ նվերներ։
Թողնել մեկնաբանություն