Պոլիէթիլենի օգտագործման ծավալները նվազեցնելու նպատակով ՀՀ քաղաքացիներին 300.000 կտորե պայուսակ կբաժանվի

https://eco.am/%d5%ba%d5%b8%d5%ac%d5%ab%d5%a7%d5%a9%d5%ab%d5%ac%d5%a5%d5%b6%d5%ab-%d6%85%d5%a3%d5%bf%d5%a1%d5%a3%d5%b8%d6%80%d5%ae%d5%b4%d5%a1%d5%b6-%d5%ae%d5%a1%d5%be%d5%a1%d5%ac%d5%b6%d5%a5%d6%80%d5%a8-%d5%b6/

Շրջակա միջավայրի նախարարության կողմից օրենսդրական նախաձեռնությամբ 2022 թվականի հունվարի 1-ից հանրապետության տարածքում առևտրի կետերում արգելված է մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վաճառքը։ Բացառություն են կազմում աղբի և կշռափաթեթավորման համար նախատեսված պարկերը, որոնք անհրաժեշտ են ապրանքների սանիտարահիգիենիկ անվտանգությունն ապահովելու համար։

Օրենքի կիրարկումից շուրջ մեկ տարի անց նախարարությունը շահագրգիռ կողմերի հետ քննարկել է պոլիէթիլենային տոպրակների օգտագործման դեմ պայքարի արդյունավետությունը:

Քննարկմանը մասնակցել են Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպաններ, պետական գերատեսչությունների, միջազգային կազմակեպությունների ներկայացուցիչներ, արտադրողներ, խոշոր առևտրի ցանցերի ներկայացուցիչներ, պլաստիկ արտադրանքին այլընտրանք առաջարկողներ և խնդրի շուրջ շահագրգիռ անձինք:

Նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը հանդիպման ժամանակ խոսել է թափոնների կառավարման համատեքստում Կառավարության իրականացրած և ծրագրավորվող քայլերից, ներկայացրել երկրի ստանձնած միջազգային պարտավորություններն այդ ոլորտում՝ հավելելով, որ միայն ջանքերի համատեղման միջոցով է հնարավոր իրական արդյունքի հասնել։

Հանդիպման ընթացքում ներկայացվել է Շրջակա միջավայրի նախարարության, Հայաստանի ամերիկյան համալսարանում Յակոբեան բնապահպանական կենտրոնի և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից համատեղ իրականացվող «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» Շվեդիայի կողմից ֆինանսավորվող 4-ամյա ծրագիրը։ Ծրագրի ղեկավար Հարություն Ալպետյանը ներկայացրել է ծրագրի երեք հիմնական նպատակները։

Նախարարության Ռազմավարական քաղաքականության վարչության պետի տեղակալ Արթուր Ղավալյանը ներկայացրել է պոլիէթիլենային տոպրակների օգտագործման դեմ պայքարի առկա իրավիճակը։

Նախարարի տեղակալը Երևանի քաղաքապետարանի և մարզպետարանների ներկայացուցիչներին հորդորել է առավել ակտիվորեն ներգրավվել գործընթացների մեջ և սերտ փոխհամագործակցել։

Հանդիպման ընթացքում Հայաստանում տարբեր երկրների դիվանագիտական ներկայացուցիչների կողմից ներկայացվել է իրենց երկրի փորձը, ինչպես նաև միջազգային գործընկերները իրենց պատարստակամությունն են հայտնել օժանդակել Հայաստանին թափոնների կառավարման և պլաստիկ արտադրանքի դեմ պայքարի շրջանակում։

Ելույթներով հանդես են եկել առևտրի ցանցերի ներկայացուցիչներ և այլընտրանքային արտադրանք առաջարկող տնտեսվարողներ։

Հանդիպման ավարտին նախարարի տեղակալը տեղեկացրել է Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնության մասին՝ պոլիէթիլենի օգտագործման ծավալները նվազեցնելու և բազմակի օգտագործման պայուսակներին անցնելու նպատակով առաջիկայում մոտ 300.000 կտորե տոպրակ անվճար կբաժանվի Հայաստանի քաղաքացիներին։

Գայանե Գաբրիելյանը գործընկերներին խնդրել է յուրաքանչյուրն իր լիազորությունների և գործառույթների շրջանակում միանալ պայքարին։

Նախաձեռնությանն առաջին խորհրդանշական բազմակի օգտագործման տոպրակը նվիրվել է հենց հանդիպման ավարտին՝ «Մագի» ընկերության հիմնադիր Մարգարիտ Ստեփանյանի կողմից։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել
  • Զամբյուղում դեռևս չի ավելացվել ապրանքներ։