Առողջ ապրելակերպը գեղեցիկ փաթեթավորված արտահայտություն չէ․ Անի Խաչիկյան

https://eco.am/%d5%a1%d5%bc%d5%b8%d5%b2%d5%bb-%d5%a1%d5%ba%d6%80%d5%a5%d5%ac%d5%a1%d5%af%d5%a5%d6%80%d5%ba%d5%a8-%d5%a3%d5%a5%d5%b2%d5%a5%d6%81%d5%ab%d5%af-%d6%83%d5%a1%d5%a9%d5%a5%d5%a9%d5%a1%d5%be%d5%b8%d6%80/

Eco.am-ի հյուրասրահում այս անգամ դերասանուհի Անի Խաչիկյանն է, ում համար առողջ ապրելակերպը բնության հետ ներդաշնակ, բայց միևնույն ժամանակ բնությունից անջատ ապրելու բանաձևն է։

– Երբեմն մեզ վեր ենք դասում բնությունից, բայց ընդամենը մի մասնիկն ենք ու չենք կարողանում ներդաշնակ ապրել մեր էկո համակարգի հետ։ Առողջ ապրելակերպը գեղեցիկ փաթեթավորված արտահայտություն չէ, որն օգտագործում են մարդիկ, առավել նորաձև երևալու համար։ Դա թրենդի մեջ մտավ կորոնավիրուսի կարանտինից հետո, երբ մարդիկ անելիք չունեին, ստիպված գնում էին արշավների ու վերջապես փորձում էին նոր-նոր ճանաչել, բացահայտել Հայաստանն իրենց համար։ Այնպես չէ, որ ես սպորտայնին դահլիճներ եմ հաճախում, կամ առավոտյան գնում եմ վազելու, չնայած, եթե կարողանայի այդպես կազմակերպել իմ առօրյան, ավելի լավ կլիներ, բայց քաղաքային կյանքի մեջ երկար ապրելուց հետո սկսում եմ խեղդվել, որովհետեւ այստեղ ամեն ինչ ավտոմատացված է։ Մենք շատ ենք կտրված բնությունից։ Առողջ ապրելակերպը նախ այն գիտակցումն է, որ չվնասես քեզ  շրջապատող աշխարհը՝ հողը, ջուրը, օդը, որը քեզ կյանք է տալիս։ Ուղղակի, հոգատար չենք մեր կյանքի կարևոր նախապայմանների համար, չենք գիտակցում, որ եթե ջուր չլինի, մենք էլ չենք լինի։

– Իսկ Դուք խնայում ե՞ք ջուրը, թե՞ գիտակցում եք, բայց չի ստացվում։

– Այո, ջրի և էլեկտրաէներգիայի խնայողությունն ինձ մոտ փոքրուց է գալիս։ Ես անընդհատ տան մեջ պտտվում եմ ու անջատում այդ պահին անիմաստ միացրած լույսերը։ Նույնն էլ՝ ջուրը, որովհետև փոքր ժամանակ մի հոլովակ էի դիտել, որտեղ պատմում էր, որ աշխարհի շատ երկրներում մարդիկ ջուր չունեն, ուղղակի ցեխաջուր են խմում։ Այդ տեսարանն իմ վրա մեծ ազդեցություն էր թողել ու այդ ժամանակվանից հասկացա, որ ջուրը պետք է խնայողաբար օգտագործել։

– Անի, որքան գիտեմ ընկերները Ձեր ներկայությամբ զգուշորեն են աղբ կամ ծխախոտի մնացորդ նետում գետնին։

– Իմ բոլոր ընկերները գիտեն, որ եթե հանկարծ, Աստված չանի, իմ ներկայությամբ որևէ բան գցեն գետնին, իրենց վատ դրության մեջ եմ դնում՝ կռանում եմ, գետնից վերցնում ու տալիս իրենց ձեռքը։ Ընկերներս ասում են՝ սա գիժ է, ուրիշ մոլորակից է եկել։ Ընդհանրապես, երբ դրսում քայլելիս դիմացս տոպրակ կամ պլաստմասե շիշ է հայտնվում, առանց կաշկանդվելու վերցնում եմ ու գցում աղբամանը։ Կամ՝ երբ տեսնեմ, որ ծխախոտի մնացորդը գցում են գետնին, ես մարդկանց կարող եմ նկատողություն անել։ Ոչ թե անառողջ ձևով հարձակում եմ գործում, ինչպես օրինակ, բուսակերները՝ մսակերների դեպքում, այլ հանգիստ տոնով բացատրում եմ։ Չնայած, իմ մեջ ագրեսիա է առաջանում այն մարդկանց հանդեպ, ովքեր չունեն այդ գիտակցումը, եթե ուզում ես խոսքդ տեղ հասնի, ասելիքդ արդյունք ունենա, պետք է շատ զգույշ մոտենաս այդ հարցին։

– Իսկ տան աղբը տեսակավորում ե՞ք։

– Դեռ աղբի տեսակավորմանը չեմ հասել, չնայած, հասկանում եմ, որ սա ևս շատ կարևոր է։ Հետո, շատ քիչ թաղամասերում կան աղբի տեսակավորման համար  թափոնամաններ։ Դրա հերթն էլ կգա (Ժպտում է)։ Ի դեպ, վերջին 3 տարիներին, վերջապես ինքս ինձ դաստիարակեցի, որ խանութներում գնումների գնալիս ինձ հետ  կտորից պայուսակներ տանեմ։ Դա, կարծես թե, իմ էկո սովորությունների առաջին քայլերն էին։ Մինչև հիմա, երբ գնումների ժամանակ հրաժարվում եմ պոլիէթիլենային տոպրակներից, վաճառողուհիներն այնպես են նայում, կարծես հենց նոր Մարսից իջած լինեմ (Ծիծաղում է), մտածում են, թե գումար եմ խնայում, ասում են՝ ոչինչ, անվճար ենք տալիս․․․ Ես էլ ժպիտով բացատրում եմ, որ դրանով խնայում եմ մեր շրջակա միջավայրը, ոչ թե գումարս։

Գնումների ժամանակ ուշադրություն դարձնո՞ւմ եք ապրանքների ժամկետներին, բիո պիտակներին։

– Բիո պիտակներին այդքան ուշադրություն չեմ դարձնում, բայց ժամկետները շատ ուշադիր ստուգում եմ։ Հիմնականում, աշխատում եմ միրգ-բանջարեղենը գնել ավելի փոքր, բակային խանութներից, որովհետև այդտեղ ավելի շատ է գյուղմթերք վաճառվում, քան՝ ջերմոցային։ Օրինակ, այն խնձորները, որոնց վրա «խալեր» կան ու մեկ ու մեջ նաև որդնած են, առողջ միրգ լինելու երաշխիքներից է։ Մթերքի տեսքից էլ ես կարողանում հասկանալ աճեցված է, թե՝ բնական միջավայրում աճած։

– Կառանձնացնե՞ք Ձեզ համար օրգանիկ մի քանի ուտեստներ, որ ինքներդ սիրում եք ուտել, նաև՝ պատրաստել։

 Այս շրջանի իմ ամենասիրելի ուտեստը, տարբեր տեսակի կանաչեղենն է, որըս իրում եմ տապակել ու մածունով ուտել։ Բանջարեղեններ, ձավարեղեն եմ շատ սիրում ուտել։

– Շատ ծնողներ իրենց երեխաներին սիրով գազավորված ըմպելիքներ են տալիս, պատճառաբանելով, թե չեն կարող մերժել երեխային։ Այդ հարցում, Դուք ինչպե՞ս եք վարվում։

– Իրականում դա գալիս է մեր սոցիումից։ Իմ շրջապատում բալիկ-ծնող-տատիկ ու պապիկ շփումներն ուսումնասիրելով հասկացա, որ տատիկ-պապիկները ինչ ասես տալիս են թոռնիկիներին, այսպես ասած, երես են տալիս, հետո ծնողին շատ դժվար է լինում դրանից երեխային կտրելը։ Շատ դեպքերում նաև ծնողն է այդպես վարվում՝ ծուլանալով երեխայի համար արագ որևէ սնունդ պատրաստել։ Բնականաբար, եթե երեխային փոքր տարիքից տալիս ես դդումով ապուր, նա դա է սիրում։ Ես որդուս՝ Տեսլային, փորձել եմ գազավորված հյութեր էլ, չիպսեր էլ տալ, բոլոր փորձարկում ներն էլ արել եմ։ Միայն գազավորված ըմպելիքները նրան դուր չեկան, իսկ մնացածի դեպքում, աշխատում եմ, որ նրա աչքը չտեսնի, քանի որ ուզում է։

– Անի, Ձեր անթերի կազմվածքը բնությունի՞ց, թե՝ ծնողներից ժառանգություն է։

Եթե խոսքը գնում է բալիկի ծնունդից հետո փոր կամ կախված մաշկ չունենալու մասին, դա երևի բնությունից է ու նաև նրանից, որ հղիության ընթացքում հետևել եմ իմ կազմվածքին։ Իսկ ընդհանրապես, չէի ասի, թե իմ կազմվածքն անթերի է, քանի որ իրականում ես շատ նիհար եմ։ Տարբեր ոլորտներից սոցցանցերում հայտնի մարդիկ թելադրում են գեղեցկության կարծրատիպեր, ինչի հետ ես համաձայն չեմ։ Ինձ համար անթերի է այն մարդը, ով սիրում է իրեն այնպիսին, ինչպիսին կա ու իր դեմքին ուղղակի դաջվում է այդ ներսի գեղեցկությունը։ Կարևոր է, որ այդ ներսի գեղեցկությունն ամեն մեկն իր մեջ գտնի։

– Սովորաբար խնամքի միջոցներն ինչպե՞ս եք ընտրում, նախընտրում եք բրենդայի՞ն, թե՝ բիո:

Բավականին ժամանակ է բրենդային շատ հայտնի կոսմետիկ միջոցներից  բացարձակ չեմ օգտագործում։ Չեմ ժխտում, որակյալ են, շատ թանկ են և մշակված են տարբեր նյութերով, բայց, ես խորապես համոզված եմ, որ ամեն տարածաշրջանի  մաշկ, գենային համակարգ, ունի իրեն հարմար միջոցները։ Այն նյութը, որը  ֆրանսուհու գենետիկ մաշկի համար է ստեղծված, հայի համար հնարավոր է այդքան էլ լավ չլինի։ Վերջին տարիներին, կոսմետիկայի և խնամքի միջոցների փոքր և միջին բիզնեսը շատացել է, որոնք արտադրվում են տեղի խոտաբույսերով, նյութերով, եթերային յուղերով։ Այ, դա ինձ ավելի շատ է հավատ ներշնչում։ Կամ, լավագույն դեպքում՝ տնային միջոցներով՝ մրգերից, բանջարեղեններից սնուցող դիմակներ եմ պատրաստում։

– Առողջ ապրելակերպ վարելու Ձեր էկո խորհուրդները՝ մեր ընթերցողներին։ 

– Առաջին ու կարևոր խորհուրդս այն է, որ շատ արշավեն։ Խոսքը այն «քեֆերի» մասին չէ, որ ավտոբուսներով գնում են քաղաքից դուրս, ուտում-խմում, իրենց հետևից թափում են, տաշի-տուշի են անում ու հետ են գալիս։ Իրական արշավների մասին եմ խոսում, որ սար բարձրանան, հոգնեն, մկանային ձգվածություն ունենան, քրտնեն, մրսեն, թրջվեն՝ անձրևի տակ, սոված կամ ծարավ լինեն։ Արշավը միայն բնության հետ շփումը չէ, այլ քո ու համամարդկային արժեքների ստուգում է։ Այդ ընթացքում շատ բան ես բացահայտում քո ու քեզ ուղեկցող մարդկանց մասին, որ առօրյա կյանքում հնարավոր է և չբացահայտեիր։ Արշավները ոչ միայն միմյանց հանդեպ հոգատարություն են սերմանում, այլ՝ կամք են դաստիարակում։ Սարում չես կարող տաքսի կանչել ու գնալ տուն, որովհետև հոգնել ես կամ՝ փոշմանել ես։ Եկել ես, ուրեմն պետք է մինչև վերջ գնաս քո ճանապարհը։ Կամ՝ չես կարող քեզ համար ուտելիք պատվիրել, այլ պետք է ծանր-ծանր քարշ տաս քո հետ, վաստակես, որ ուտես։ Մի խոսքով, արշավը մարդուն վերադարձնում է ինքն իրեն, բնությանն ու գիտակցության նոր մակարդակ է բերում։

Հաջորդ խորհուրդս է, որ հետևեն սննդին։ Կարևոր է, թե ինչ ենք ուտում։ Հնարավորության դեպքում վիտամիններով հարուստ սնունդ կերեք, որովհետև դրանից է կախված մեր առողջությունը։

Երրորդ խորհուրդս՝ փորձեք մաքուր պահել մեր միջավայրը և մի՛ վնասեք կենդանիներին։ Այն մարդը, որն ընդունակ է վնասելու, խոշտանգելու, սատկացնելու կենդանուն, նա առաջին հերթին վտանգավոր է հասարակության համար։

– Անի, Ձեր բնապահպանական, շրջակա միջավայրի մասին մտահոգություններն այնքան շատ են, որ վերջերս նախաձեռնեցիք «Էկո Պարեկ» յութուբյան հաղորդաշարը, որտեղ արշավների շնորհիվ բացահայտում եք բնապահպանական բազմաթիվ խնդիրներ։

– Այո, հաղորդման շրջանակներում փորձում ենք տարբեր վայրերում լինել, ուսումնասիրել ու  հասկանալ բնապահպանական լուրջ խնդիրների պատճառներն ու դրանց լուծման հնարավոր եղանակները։ Բնապահպանական այդ հաղորդման միջոցով փորձում ենք հասարակությանը իրազեկել, թե որտեղ ինչ է կատարվում, ինչ պատճառով, ինչ կարելի է անել, որ այդպես չլինի։ Մենք բնապահպանական, հանքարդյունաբերական ընկերությունների կողմից առաջացրած շատ լուրջ խնդիր ունենք, իսկ մեր հասարակությունը սիրում է, որ խնդիրը գրպանին հասնի, նոր արձագանքի։ Երբ ասում ենք ո՛չ Ամուլ սարի շահագորշմանը, ոչ միայն բնության կամ մարդու մասին ենք մտածում, այլ դրանք մեծ հարված են մեր պետությանը և տնտեսությանը։

«Էկո Պարեկ» Հաղորդումը կարող եք դիտել ստորև․

 

 

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով