Աշխարհի 14 երկրների Օրհուս կենտրոնների տարեկան հանդիպումը կայացել է Դուշանբեում

https://eco.am/%d5%a1%d5%b7%d5%ad%d5%a1%d6%80%d5%b0%d5%ab-14-%d5%a5%d6%80%d5%af%d6%80%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab-%d6%85%d6%80%d5%b0%d5%b8%d6%82%d5%bd-%d5%af%d5%a5%d5%b6%d5%bf%d6%80%d5%b8%d5%b6%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab/

Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում կայացել է Օրհուս կենտրոնների տարեկան հանդիպումը։ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության կողմից կազմակերպված ամենամյա հանդիպումն ուղղված էր Օրհուս կենտրոնների դերին՝ շրջակա միջավայրի պահպանության, կանաչ տնտեսության սկզբունքների տարածման և վտանգավոր թափոնների կառավարման հետ կապված տարբեր հարցերում հասարակության մասնակցության խթանման գործում։

Eco.am սոցիալական հարթակը ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացավ, որ աշխարհի 14 երկրների Օրհուս կենտրոնների ներկայացուցիչների շարքում հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ պատվիրակությունը` քննարկելու բնապահպանական մարտահրավերների հաղթահարման ճանապարհին Օրհուս կենտրոնների դերի և ակտիվ գործունեության հարցը, տեղեկանալու լավագույն փորձին, ինչպես նաև ներկայացնելու բնապահպանական իրազեկման և կրթության ոլորտում ձեռքբերումները, հասարակության արդյունավետ մասնակցության ձևերը:

Հանդիպման ընթացքում բարձրաձայնվել են օրակարգային հարցեր` ուղղված բնապահպանական որոշումների կայացման գործում պետություն-հասարակություն-մասնավոր հատված համագործակցության արդյունավետության բարձրացմանը, այդ թվում թվային գործիքների կիրառման միջոցով: Հանդիպման մասնակից երկրների ներկայացուցիչները քննարկել են Օրհուս կենտրոնների դերը բնապահպանական որոշումների կայացմանը հասարակության մասնակցության խթանման գործում, ներկայացրել Կանաչ տնտեսության սկզբունքների խթանման, ինչպես նաև Օրհուս կենտրոնների կողմից վտանգավոր և թունավոր թափոնների կառավարման ներդրումների վերաբերյալ զեկույցներ։

Երևանի Օրհուս կենտրոնի համակարգող Սիլվա Այվազյանը ներկայացրել է գրասենյակի գործունեությունը ու հանրության արդյունավետ ներգրավման ներուժի իրացման հնարավորությունները։ Ներկայացրել է կենտրոնի միջոցով պետական գերատեսչություն-հանրային հատված կապի ապահովման գործիքակազմը և Հայաստանում Օրհուս կենտրոնների վերակտիվացման և իրավական կարգավիճակի հստակեցման հարցը։ Նա անդրադարձել է նաև իրազեկման և մասնակցության գործընթացների թվայնացման կառավարության քաղաքականությանը։

Աշխատաժողովի մասնակիցներն այցելել են լիցքային պատվար ունեցող աշխարհում ամենաբարձր՝ Նուրեկի հիդրոէլեկտրակայան՝ տեղում ծանոթանալու կայանի աշխատանքներին և Տաջիկստանի վերականգնվող էներգետիկայի պոտենցիալին։ Այստեղ հիդրոէներգետիկայի միջոցով ապահովվում է ներքին սպառման էլէկտրաէներգիայի շուրջ 96%-ը։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել