«Բնապահպանական կրթությունը կարևոր դեր է խաղում»․ ՇՄ նախարարը՝ «Սևանի ընկերներ» ծրագրի մասնակիցներին

https://eco.am/%d5%a2%d5%b6%d5%a1%d5%ba%d5%a1%d5%b0%d5%ba%d5%a1%d5%b6%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%af%d6%80%d5%a9%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%a8-%d5%af%d5%a1%d6%80%d6%87%d5%b8%d6%80-%d5%a4/

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի լաբորատորիայում կայացել է «Սևանի ընկերներ» ծրագրի արդյունքների ներկայացման միջոցառումը։ Այն իրականացվում է Եվրոպական միության և Գերմանիայի կառավարության համաֆինանսավորմամբ «Սևանա լճի շրջակա միջավայրի պաhպանություն» (EU4Sevan) ծրագրի աջակցությամբ` «Շրջակա միջավայր և առողջություն» ՀԿ-ի կողմից։ Ծրագրի նպատակն է բարձրացնել երիտասարդների իրազեկվածությունը՝ նպաստելով Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանությանն ու էկոհամակարգի վերականգնմանը։ Ծրագիրն իր 2 փուլերի ընթացքում ընդգրկել է Գեղարքունիքի մարզի 54 բնակավայրերից դպրոցներ և երիտասարդներ, որոնց հետ համատեղ իրականացվել են իրազեկման տարբեր միջոցառումներ:

Eco.am սոցիալական հարթակը «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից տեղեկացավ, որ առաջին փուլի ընթացքում ծրագիրն աշխատել է ավելի քան 500 աշակերտի հետ, որոնցից ընտրվել են ծրագրի ամենաակտիվ մասնակիցները և շարունակել աշխատել մասնագետների հետ՝ ձևավորելով խմբեր և մշակելով լճի պահպանությանն ուղղված իրենց նախագծային գաղափարները:

Արդյունքում՝ 2022 թվականի դեկտեմբերին տեղի ունեցած միջոցառման ժամանակ ընտրվել էր 5 հաղթող նախագծային խումբ՝ ծրագրի երկրորդ փուլին մասնակցելու համար։

25 աշակերտից և ուսուցչից բաղկացած խմբերը շարունակել են իրենց մասնակցությունը ծրագրում, նախագծերի մշակման և կառավարման վերաբերյալ դասընթացներին՝ ստանալով մասնագիտական աջակցություն ոլորտի փորձագետներից, ձեռք բերելով համապատասխան կարողություններ և գիտելիքներ իրականացնելու իրենց նախագծերը:

Միևնույն ժամանակ «Սևանի ընկերներ» ծրագրի թիմը շարունակել է իրազեկման աշխատանքներ իրականացնել՝ ներգրավելով նոր դպրոցներ և երեխաներ:

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերը, ԳՄՀԸ հայաստանյան գրասենյակի տնօրեն Մադլեն Ռաուշենբերգերը, EU4Sevan ծրագրի ղեկավար Քրիստիան Հենշելը:   Միջոցառման հյուրերը հանդես են եկել ելույթներով և կարևորել էկոլոգիական կրթության դերը և երիտասարդների ներգրավվածությունը բնապահպանական խնդիրների լուծման գործընթացում:

«Բնապահպանական կրթությունը կարևոր դեր է խաղում՝ օգնելով մեզ զարգացնել կայուն մտածելակերպ: Այն օգնում է զարգացնել քննադատական մտածողությունը, վերլուծելու և տեղեկացված որոշումներ կայացնելու կարողությունը՝ հաշվի առնելով բնության վրա մեր վարքագծի հետևանքները: Նման կրթությունն օգնում է մեզ հասկանալ կենսաբազմազանության և էկոհամակարգերի պահպանման կարևորությունը ողջ մարդկության բարօրության համար:   Բացի այդ, բնապահպանական կրթությունը խթանում է քաղաքացիական ներգրավվածությունը և պատասխանատվությունը»,-իր ելույթում նշել է նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը և շնորհակալություն հայտնել գործընկերներին՝ կատարված աշխատանքի համար:

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Ն.Գ. պարոն Վասիլիս Մարագոսը իր խոսքում կարևորել է բնապահպանական կրթության և երիտասարդների ներգրավման դերը վարքագծային փոփոխության և Սևանա լճի էկոհամակարգի պահպանման գործում՝ հույս հայտնելով, որ նմանատիպ ծրագրերը կունենան երկարաժամկետ և կայուն ազդեցություն շրջակա միջավայրի պահպանության գործում:

Միջոցառման ընթացքում հաղթող հինգ նախագծային խմբերը ներկայացրել են իրենց նախագծերը, որոնք ավելի են հղկվել ծրագրի երկրորդ փուլում՝ փորձագետների հետ բազմաթիվ դասընթացների և աշխատանքի շնորհիվ: Ծրագրերի ներկայացումներից հետո աշակերտները շրջել են «Հիդրոօդերեվութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի լաբորատորիայում և ծանոթացել ջրի մոնիթորինգի գործընթացին:

EU4Sevan ծրագիրը համատեղ ֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի կառավարության կողմից և իրականացվում է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ)-ի՝ որպես «ECOServe» ծրագրի մաս և ՄԱԶԾ կողմից:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել
  • Զամբյուղում դեռևս չի ավելացվել ապրանքներ։