Օհանավան համայնքի վարչական տարածքում՝ Քասաղ գետի կիրճում, սեփականության իրավունքով իրեն պատկանող տարածքում քաղաքացին հողային աշխատանքներ կատարելիս բացել է ժայռափոր դամբարան-տապանատուն։
Eco.am սոցիալական հարթակը «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն»-ից տեղեկացավ, որ այդ մասին քաղաքացին անձամբ է տեղեկացրել մասնագետներին, որից հետո տարածքում հողային աշխատանքները դադարեցվել են։ Սակայն, երեկ՝ փետրվարի 14-ին հուշարձանի տարածք են այցելել ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» և «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ների մասնագետները, այցելել ու տեղում ծանոթացել են մինչ օրս անհայտ հուշարձանին։
Քննարկվել են աշխատանքների ընթացքում հայտնաբերված հնագիտական առարկաները պետությանը հանձնելու և հրատապ պեղումների անհրաժեշտությունը: Առաջիկայում նոր հայտնաբերված հուշարձանը կվկայագրվի և կստանա նաև նորահայտ հուշարձանի կարգավիճակ:
Հիշեցնենք, որ Քասաղ գետի կիրճը հարուստ է տարբեր ժամանակների ժայռափոր կառույցներով, վիմափոր սրբատեղիներով, որոնց մեծ մասը փաստագրված և հաշվառված է պետության կողմից։ Դրանց վերաբերյալ նյութեր են պահվում Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի արխիվում։
Նորագյուտ կառույցն իր հորինվածքով, որոշ գտածներով և շինության տիպով առանձնահատուկ է։ Առաջիկայում կմեկնարկեն հուշարձանի առավել մանրամասն ուսումնասիրման համար անհրաժեշտ աշխատանքները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ






Թողնել մեկնաբանություն