Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է 2023-2030 թվականների Աղետների ռիսկի կառավարման ռազմավարության նախագիծն ու 2023-2026 թթ. գործողությունների ծրագիրը:
Eco.am սոցիալական հարթակը ՀՀ կառավարությունից տեղեկացավ, որ ռազմավարությունն ուղղված է աղետների ռիսկերի բացահայտմանը, գնահատմանը, կարողությունների զարգացմանն ու մշտադիտարկմանը, աղետներին արձագանքմանն ու հետաղետային վերականգնմանը:
Նշվում է, որ նախագիծն անդրադարձ է կատարում աղետների ռիսկի ոլորտում առկա խնդիրներին, իսկ դրա նպատակներն են՝
1․ ձևավորել անվտանգ ու դիմակայուն պետություն,
2․ ապահովել ռիսկերի նվազեցմանն ուղղված միջոցառումների իրականացում,
3․ անվտանգային մշակույթի ամրապնդում,
4․ տեխնոլոգիական համակարգի բարելավում,
5․ մարդկային ռեսուրսների զարգացում:
Նախատեսվում են նաև քաղաքացիների շրջանում իրականացնել իրազեկման արդյունավետ միջոցառումներ, ընդլայնել ոլորտում ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունները, զարգացնել պետություն-մասնավոր հատված համագործակցությունը:
Նախագծի շուրջ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, ներկայացվել են տարբեր առաջարկություններ և դիտարկումներ:
Վարչապետ Փաշինյանը կարևորել է աղետների ռիսկի ռազմավարության ընդունումն ու այս ուղղությամբ հետևողական ծրագրերի իրականացումը, այդ թվում՝ երեխաների շրջանում տարբեր միջոցառումների միջոցով իրազեկվածության բարձրացումը: Վարչապետը հանձնարարել է ռազմավարության նախագիծը ներկայացնել Կառավարության հաստատմանը:






Թողնել մեկնաբանություն