Հունիսի 17-ն անապատացման, երաշտի դեմ պայքարի համաշխարհային օրն է. Նազելի Վարդանյան

https://eco.am/%d5%be%d5%a1%d5%b2%d5%b8%d6%82%d6%81-%d5%a5%d5%b6%d6%84-%d5%af%d5%a1%d5%b6%d5%a3%d5%b6%d5%a1%d5%ae-%d5%a7%d5%af%d5%b8%d6%81%d5%ab%d5%a4%d5%ab-%d5%a1%d5%bc%d5%a1%d5%bb-%d5%a2%d5%a1%d5%b5%d6%81-%d5%b9/

Հողն անփոխարինելի բնական ռեսուրս է, որի խելամիտ օգտագործումից և պահպանումից է կախված մեր երկրի կայուն սոցիալ-տնտեսական և էկոլոգիական զարգացումը: Հունիսի 17-ն անապատացման, երաշտի դեմ պայքարի համաշխարհային օրն է։ Անապատացման դեմ ՄԱԿ-ի կոնվենցիան ընդունվել է 1994 թվականին, որի նպատակն է միավորել պետական և հասարակական կազմակերպությունների ջանքերը միջազգային, ազգային, տարածաշրջանային և տեղական մակարդակի վրա անապատացման և հողերի ոչնչացման դեմ պայքարի և երաշտի հետևանքները նվազեցնելու գործընթացում: Հայաստանի Հանրապետությունը Անապատացման դեմ ՄԱԿ-ի կոնվենցիայի լիիրավ անդամ է, սակայն, բնապահպաններն ահազանգում են՝ ՀՀ տարածքի 80 տոկոսը ենթակա է անապատացման։

«Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրեն, բնապահպան-իրավաբան Նազելի Վարդանյանն Eco.am-ի հետ զրույցում փաստում է, որ չնայած խստացված օրենքներին՝ այսօր էլ շարունակում են հատվել անտառները։

– Պատահական չէ, որ վավերացրել ենք անապատացան դեմ պայքարի կոնվենցիան և Հայաստանի վերջին զեկույցում նշված է, որ ՀՀ տարածքի 80 տոկոսը ենթակա է անապատացման։ Այսինքն, այդ պրոցեսներն արդեն սկսված են։ Քանի որ Հայաստանը լեռնային երկիր է, այդ անապատացման՝ հողատարման, հողի էռոզիայի, դեգրադացիայի պրոցեսները շատ ավելի արագ են տեղի ունենում։

– Տիկին Վարդանյան, անտառների անապատացումը հիմնականում ծառահատմա՞ն հետևանք են։

– Այո, որքան էլ խստացված են օրենքները, անտառը շարունակում է հատվել, որովհետև կա պահանջարկ, որը պետք է բավարարվի, կամ՝ այլ սոցիալական ծրագրեր առաջարկվի։ Ճիշտ է, վերջին տարիներին ավելի խստացվել է վերահսկողությունը, բայց բոլոր դեպքերում էլի մոտ 10-15 անգամ գերազանցում է հատումների թույլատրելի նորմերը։ Վերջին տարիներին Անտառային կոմիտեն  30-35 հազար խորանարդ մետր սանիտարական հատման թույլտվություն է տալիս, բայց մինչև 600-700, նույնիսկ 1000 խորանարդ մետր հատում է լինում, որը անդառնալի հետևանքներ է ունենում մեր անտառների որակի և ինքնավերականգնման հատկությունների վրա։ Անզեն աչքով նայելիս՝ թվում է, որ մենք որոշ շրջաններում անտառ ունենք, բայց այդ անտառը չի բավարարում այն ցուցանիշները, որը սահմանված է լիարժեք անտառ ունենալուն՝ լրիվությունը, տեսակային կազմը։ Որպես կանոն՝ բարձրարժեք տեսակներն են հատվում, եթե ոչ վառելափայտի, ապա կահույքագործության, շինափայտի և այլնի համար հատվում է հաճարենին ու կաղնին, մնում են բոխին և ավելի ցածրարժեք տեսակները։ Սա լուրջ խնդիր է, եթե  լուրջ ծրագրեր չնախաձեռնվեն, անտառի վերականգնման, վերահսկողության և ինստիտուցիոնալ փոփոխություններ չարվեն։ Իրականում, այդպես էլ ոլորտում նորմալ ինստիտուցիոնալ փոփոխություններ չարվեց, անտառն էլի Շրջակա միջավայրի նախարարության ենթակայության տակ է և ինքնուրույն իր հարցերը կառավարությունում չի կարող բարձրացնել ու իր շահերը պաշտպանել։ Ճիշտ է, ստեղծվել է կոմիտե, բայց այն որևէ ինքնուրույնություն չունի, և այդ անտառը, փաստորեն, մնացել է այլ կառույցների շահերի բախման խաչմերուկում։

Օրինակ, նույն Շրջակա միջավայրի նախարարության հետ Անտառային կոմիտեն ունի շահերի բախում, որովհետև նախարարությունը կարող է փորձաքննություն անել և հանքարդյունահանության համար անտառային տարածք տրամադրել։ Վերջերս, օրինակ, Լոռիում լսումներ էին անում, եթե Անտառային կոմիտեն նախարարությունից առանձին լիներ, իր խոսքը կարող էր ասել և թույլ չտար անտառային հողերի կատեգորիայի փոփոխություն։ Բայց, սա արվում է ի վնաս բնությանն ու անտառին։

-Դուք հաճախ եք խոսում ոլորտում ինստիտուցիոնալ փոփոխությունների և անտառային վերահսկողական ծառայություն ստեղծելու մասին…

– Ոչ միայն, նաև անտառի պահպանություն ծառայություն ստեղծելու, անտառապահների լիազորությունները ընդլայնելու և լուրջ լիազորություններ տալու, նաև անտառապահներին ինչ-որ ձև խրախուսելու մասին եմ խոսում, բայց ապարդյուն։ Նախկինում, օրինակ՝ անտառապահն իրավունք ուներ առաջինն ինքն առգրավվեր և՛ գործիքները, և՛ հատված փայտը ու տեղում տուգաներ։ Հիմա ոչ մի իրավուքն չունի, իր կյանքը վտանգի ենթարկելով կազմում է ակտը և հետո արդեն իրավապահ մարմինները կարճում են գործը, կամ՝ ընթացք են տալիս։ Բացի վնասից, դրանից ոչ մի օգուտ չի ստանում անտառապահը։ Իսկ նախկինում, գանձված տուգանքներից նա տոկոս էր ստանում, որպես խրախուսում։ Այսինքն, ինչ-որ մեխանիզմներ կար, որը կորցրեցինք և հիմա այս վիճակին ենք հասել։ Քրեական օրենսգրում խիստ հոդվածներ են նախատեսված, բարձր տուգանքներ, մինչև անգամ ազատազրկում, բայց մեկ է, եթե պահանջարկը կա, ապա ինչ-որ ձևով այդ հանցագործությունը տեղի է ունենալու։

– Վերջին տարիներին հաճախակի են դարձել անտառային հրդեհները, որքա՞ն վնաս ենք այս ընթացքում կրել և ինչպե՞ս պետք է պայքարել այդ ամենի դեմ։

– Վնասը հսկայական է, որքան էլ այդ տուգանքներով փորձում են վերականգնել, վնասը միայն գումարային չէ։ Անտառը էկոհամակարգ է, այդտեղ կենսաբազմազանություն կա՝ բացի ծառերից կան ցածրատեսակ բուսական և կենդանական աշխարհ։ Անտառը հողապաշտպան, կլիմայակարգավորիչ, կլիմայապաշտպան ֆունկցիա է կատարում, երբ այդ էկոհամակարգը խախտվում է, վնասվում և վերանում է այդ ներդաշնակությունը, կորցնում է ինքնավերականգնման իր ֆունկցիան։ Դրա համար էլ ի՞նչ գումար տաս, որ այդ ամբողջ էկոհամակարգը վերականգնես։ Օրենքի 17-րդ հոդվածում նշված է, որ Կառավարության որոշմամբ՝ պետք է հաստատվի տնտեսական վնասի հաշվարկման մեխանիզմը, բայց այն 2014 թվականից մինչև այսօր չի հաստատվել, նույնիսկ՝ տնտեսական վնասը չի հաշվարկվել։ Իսկ էկոլոգիական վնասի, մարդու առողջության վրա ազդեցության մասին ընդհանրապես խոսք չկա, որը պետք է հենց առաջնային լինի, որովհետև սա հենց էկոլոգիական փորձաքննություն է։

Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության մասին շատ լավ օրենք ունենք՝ 1992 թվականին ընդունված։ Միակ օրենքն է, որտեղ նշված է, որ մարդն ունի առողջ շրջակա միջավայրում ապրելու իրավունք։ 2005 թվականի Սահմանադրության մեջ մեծ պայքարի արդյունքում մտցրինք այդ իրավունքը, բայց վերջին փոփոխություններով՝ այն դուրս է մնացել։ Այսինքն, Սահմանադրությամբ՝ մենք չունենք առողջ շրջակա միջավայրում ապրելու իրավունք։ Այդ օրենքում նշված է, որ սկզբից պետք է սանիտարական, առողջապահական փորձաքննություն իրականացվի, օրինակ, հանքարդյունաբերության կամ այնպիսի ծրագրերում, որոնք մարդկանց առողջությանը վնաս կարող են պատճառել, բայց այդ դրույթը 1992 թվականից մինչև այսօր ոչ մի կերպ չի գործում։ Այսինքն, ունենք օրենսդրություն, որը չի գործում։

-Իսկ կլիմայի փոփոխությունն ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ մարդու առողջության վրա։

– Կլիմայի փոփոխությունը պարզ է, որ լուրջ հետևանք ունենալու է, որովհետև յուրաքանչյուր անձ բնակվում է ինչ-որ մի կլիմայական գոտում և իր ֆիզիկական առողջությունը կախված է հենց այդ կլիմայից։ Օրինակ, աֆրիկացին չի դիմանա  հյուսիսային երկրներում, նույնն էլ մենք չենք կարող ապրել կամ առողջ լինել աֆրիկյան երկրներում։ Ամեն մարդ իր բնակլիմայական պայմաններին և միջավայրին է հարմարված։ Սկզբում ասում էին, որ ջերմոցներում ջերմաստիճանը բարձրանալու է, բարձրացավ 1-2 աստիճանով, բայց բոլոր դեպքերում հիմա ոչ թե կլիման փոփոխվում է հենց տաքացման առումով, այլ դեստաբիլիզացիայի մեջ է, կարող է իջնել կամ բարձրանալ ջերմաստիճանը։ Եղանակի տատանումներն ազդում են մարդու առողջության վրա, նույնիսկ՝ սեզոնային փոփոխությունները։ Աշնանը և գարնանը բոլոր հիվանդությունները գլուխ են բարձրացնում, իսկ պատկերացնո՞ւմ եք, որ անընդհատ փոփոխության ենթարկվի, այն էլ՝ կտրուկ։ Արդեն մենք այդ փոփոխությունները տեսնում ենք երկրագնդի վրա, Աֆրիկայում ձյուն է գալիս, իսկ հյուսիսային բևեռում սառույցները հալվում են, սա լուրջ ու գլոբալ խնդիր է։ Միջազգային հանրությունը դրան մեծ ուշադրություն է դարձնում։

– Տիկին Վարդանյան, այսօր փաստորեն մենք էկոցիդի՞ առաջ ենք կանգնած։

– Մենք վաղուց ենք կանգնած էկոցիդի առաջ, բայց չենք գիտակցում։ Այս Քովիդի պանդեմիան երևի մեզ հուշեց, որ առանց բնության որևէ այլ ճանապարհ չունենք, պետք է պահպանենք բնությունը։ Արդեն երկու տարի է միակ բանը, որ մեզ փրկում է, բնության գիրկ դուրս գալն է, որ աշխարհից լրիվ չկտրվեինք։

– Բայց, էկոցիդը բնակլիմայական փոփոխությա՞ն հետեւանք է, թե՞ մարդկային գործոնի։

– Բոլոր դեպքերում, այս ամենը անտրոպոգեն ազդեցության արդյունքում է տեղի ունենում։ Ի վերջո, մարդկությունը դրա համար պատասխան է տալու և արդեն տալիս է։ Պարզապես պետք է հասկանալ, որ մենք բնության մի մասնիկն ենք։ Այսինքն, մինչև գիտակցության փոփոխություն չլինի, մինչև չհասկանանք, որ նյութականը երկրորդական է, իսկ հոգևորն ու բնականն առաջնային։ Դա միայն մեր երկրին չի վերաբերվում, պարզապես մեզ մոտ ինքնագիտակցության մակարդակն ավելի ցածր է։ Մենք չենք պատկերացնում, որ բնության մի մասնիկն ենք, ոչ մի տարբերություն չկա՝ մարդ է, թիթեռ, կենդանի, բույս, այդ էկոհամակարգից մեզ դուրս չենք կարող պատկերացնել։ Բնության մեջ չկա այնպիսի կենդանի կամ բույս, որը ոչնչացնում է իր և այլ տեսակներին։ Լինելու դեպքում էլ բնական, սանիտարական վերականգնման պրոցես է գնում, ոչ թե իր կենսամիջավայրը վերացնելու։ Իսկ մեր կենսամիջավայրը վերացնում ենք, վերածում ենք անապատների, պոչամբարների, ախտոտում ու նստում ենք մեջտեղը։ Հետո մի տեղից փախչում ենք մյուսն ու ասում, որ այստեղ լավ չէ ապրելը։ Պատկերացրեք՝ եթե բոլորը նույն կերպ մտածեն… Յուրաքանչյուր երկրում էլ կա այդպիսի վայր, որտեղ օգտակար հանածոներ լինեն, հատկապես Հայաստանում, եւ եթե բոլորը նույն կերպ մտածեն, ամբողջ երկրագունդը պոչամբարի կվերածվի։ Եթե վերադառնանք բնությանը, ապա բնության բարիքներով գումար կաշխատենք, ոչ թե վնասելով։

– Այդ գիտակցումը, երևի թե, պետք է սկսել մանկապարտեզի՞ց։

– Մանկապարտեզն արդեն ուշ է, պետք է սկսել դեռ չծնված ժամանակվանից։ Մայրը դեռ չծննդաբերած՝ պետք է մաքուր օդի դուրս գա, թռչյունների ծլվլոց լսի, բնությանը մոտ լինի, շատ զբոսնի, որպեսզի այդ երեխան մոտ լինի բնությանը։ Մեծանալիս էլ հասկանա, որ չի կարելի մրջյունին տրորել, կենդանուն վնասել, բույսը կտրատել ու կոտրել։ Չծնված ժամանակվանից մինչև մահ՝ մարդը պետք է ինքնադաստիարակվի, ինքնավերակառուցվի ու ներդաշնակ ապրի բնության հետ։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել