«Օդի օրական միջին ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր է եղել 8-10 աստիճանով։ Եվ միայն հունվարի 25-ից արկտիկական օդային սառը հոսանքի ներթափանցմամբ պայմանավորված օդի ջերմաստիճանը բավական նվազեց»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյաննն ո ընդգծեց․ «Մասնավորապես՝ հունվարի 31-ին Աշոցքի հատվածում գրանցվեց այս ձմռան ընթացքում հանրապետության ամենացածր ջերմաստիճանը՝ -32։ Իսկ Արագած բարձր լեռնային օդերևութաբանական կայանում, որը գտնվում է ծովի մակերևույթից 3229 մ բարձրության վրա, ձյան ծածկի բարձրությունը կազմում է 161 սմ, Ամբերդի հատվածում՝ 107 սմ, բնակավայրերից ամենաբարձր ձյան ծածկը Ջերմուկում է՝ 95 սմ»։
Գագիկ Սուրենյանի փոխանցմամբ, դեկտեմբեր, հունվար ամիսներին գյուղատնտեսական տեսանկյունից որևէ վտանգավոր երևույթներ չեն արձանագրվել․ «Ավելին՝ հունվարի վերջին դիտված ձյան առատ տեղումները բավական դրական ազդեցություն թողեցին հատկապես աշնանացան ցորենի վրա»։
Սակայն, փետրվարի 4-ից սկսած մեր երկիր հարավից սկսում են ներթափանցել բավական տաք օդային հոսանքներ․ «Փետրվարի 4-6-ն ընկած ժամանակահատվածում գիշերային ու ցերեկային ժամերին սպասվում է օդի ջերմաստիճանի բարձրացում մինչև 12 աստիճանով»,– տեղեկացրեգ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալն ու հավելեց, որ բավականին տաք փետրվար է սպասվում․ «Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է նորմայից բարձր՝ 3-4 աստիճանով։ Տեղումների քանակը կլինի նորմայի մոտ։ Սպասվում է բավական տաք փետրվար»։
Eco.am
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Երբ ձմռանը օդի ջերմաստիճանը կտրուկ բարձրանում է, մտածում են` երկրաշարժ է լինելու․ Գագիկ Սուրենյան






Թողնել մեկնաբանություն