«Պայքար պլաստիկ աղտոտվածության դեմ»․ այսօր Շրջակա միջավայրի համաշխարհային օրն է

https://eco.am/%d5%ba%d5%a1%d5%b5%d6%84%d5%a1%d6%80-%d5%ba%d5%ac%d5%a1%d5%bd%d5%bf%d5%ab%d5%af-%d5%a1%d5%b2%d5%bf%d5%b8%d5%bf%d5%be%d5%a1%d5%ae%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%a4%d5%a5%d5%b4/

1972 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան հունիսի 5-ը հայտարարեց որպես Շրջակա միջավայրի համաշխարհային օր։ Այդ օրվանից էլ հունիսի 5-ը դարձավ միջազգային բնապահպանական օրացույցի կարևոր տոներից մեկը։ Այն ամեն տարի նշվում է ավելի քան հարյուր երկրներում:

Այս տարի աշխարհը Շրջակա միջավայրի համաշխարհային օրը նշում է «Պայքար պլաստիկ աղտոտվածության դեմ» կարգախոսով։

Այս տարվա կարգախոսը մեկ անգամ ևս հիշեցնում է, որ աշխարհը խեղդվում է պլաստիկի մեջ:  Տարեկան արտադրվում է ավելի քան 400 միլիոն տոննա պլաստիկ, որի կեսը մեկանգամյա օգտագործման է, և այս ամենի միայն 10%- ն է վերամշակվում:  Ենթադրվում է, որ 19-23 միլիոն տոննա պլաստիկ հայտնվում է լճերում, գետերում և ծովերում, ինչը համարժեք է պոլիէթիլենային տոպրակներով, շշերով և այլ իրերով լցված նավթատարին:

Այսօր պլաստիկը լցվում է աղբավայրեր, տարրալվացվում է օվկիանոս և վերածվում թունավոր ծխի՝ այն դարձնելով մոլորակի ամենամեծ սպառնալիքներից մեկը:

Քչերը գիտեն, որ պլաստիկի միկրոմասնիկները մտնում են մեր սննդի և խմելու ջրի մեջ, և նույնիսկ օդ, որը շնչում ենք: Պլաստմասսայից շատ ապրանքներ պարունակում են վտանգավոր հավելումներ, որոնք կարող են վտանգ ներկայացնել առողջության համար:

Շրջակա միջավայրի համաշխարհային օրը ամսաթիվն ընտրվել է ի նշանավորումն Ստոկհոլմի հանձնաժողովի՝ շրջակա միջավայրի պահպանման խնդիրների լուծմանն ուղղված աշխատանքների մեկնարկի: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան իր որոշման մեջ կոչ է արել պետություններին և ՄԱԿ-ի կազմակերպություններին յուրաքանչյուր տարի այդ օրն անցկացնել միջոցառումներ, որոնք ուղղված կլինեն շրջակա միջավայրի պահպանմանն ու բարելավմանը:

Մարդկային քաղաքակրթության ժամանակակից տեխնիկական զարգացումը ներկա դրությամբ հանգեցրել է շրջակա միջավայրի զգալի աղտոտվածությանը: Մարդու ամենօրյա տնտեսական (հանքեր, անտառհատումներ, անտառային հրդեհներ և այլն) և զինվորական (զենքերի փորձարկումներ, պատերազմներ և այլն) գործունեությունը բնական միջավայրին վնաս է հասցնում:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով