Եղանակային փոփոխությունների հետ գլուխ են բարձրացնում նաև մաշկային հիվանդությունները։
«Կան մի շարք մաշկային հիվանդություններ, որոնց բնորոշ է սեզոնայնությունը»,- ասում է մաշկաբան-վեներոլոգ Սևակ Մկրտչյանն ու թվարկում աշնան-ձմռան ամիսներին սրացող ամենահաճախ հանդիպող հիվանդությունները․
Պսորիազ
Այն ունի երկարատև, խրոնիկական ընթացք, որը ամռան ամիսներին կարող է նվազել, քանի որ որոշ հիվանդների մոտ արևի ճառագայթները դրական են անդրադառնում պսորիազի ընթացքի վրա: Իսկ աշնան և ձմռան ամիսներին հնարավոր են սրացումներ։
Ատոպիկ մաշկաբորբ
Սեզոնային սրացումներ բնորոշ են նաև ատոպիկ մաշկաբորբին՝ աշնան և գարնան ամիսներին: Սրացումներից խուսափելու համար անհրաժեշտ է մշտական պահպանողական խնամք և դինամիկ հսկողություն՝ մաշկաբանի կողմից:
Սնկային հիվանդություն
Աշնանը հաճախ են լինում նաև գունափոփոխ որքինի դեպքերը, որն իրենից ներկայացնում է սնկային հիվանդություն: Պատճառն այն է, որ ամռանը արևի տակ երկար մնալու արդյունքում առողջ մաշկը մգանում է, իսկ սնկով ախտահարված օջախները մնում են սպիտակ բծերի տեսքով: Ախտորոշումը հաստատելու համար անհրաժեշտ է անցկացնել հետազոտություն սնկերի նկատմամբ:
Առողջ եղեք։






Թողնել մեկնաբանություն