«Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի վերաբրյալ իրազեկման նպատակով փետրվարի 19-ին հանդիպում-քննարկում տեղի ունեցավ Լոռու մարզպետարանում:
«2023 թվականին ծրագիրը բավականին ակտիվ կերպով և հաջողությամբ իրականացվել է Լոռու մարզում։ Հուսով եմ, որ մարզի համայնքներն առավել ակտվություն կցուցաբերեն և նոր շենքեր կներառվեն ծրագրում»,- քննարկմանն ասաց Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը:
Քննարկումը վարում էր: Ներկա էին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը, մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներ, մարզի համայնքների ղեկավարներ և ներկայացուցիչներ, ծրագրի պատասխանատուները:
Ծրագրի պատասխանատուները նշեցին, որ առաջնային նպատակը շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված գործողություններին աջակցելն է` նպաստելով այդ շենքերի բնակիչների և սեփականատերերի՝ էներգիայի ու դրամական միջոցների էական տնտեսմանը, այդ թվում՝ նվազեցնելով ջերմոցային գազերի արտանետումները:
Բանախոսների դիտարկմամբ, Էներգաարդյունավետ արդիականացումն օգնում է համայնքներին ու համայնքի բնակիչներին խնայել էներգիայի վրա ծախսվող ֆինանսական ռեսուրսների 20-50%-ը:
2023 թվականի դեկտեմբերի դրությամբ ծրագրի միջոցով համաֆինանսավորվել է ավելի քան 150 բնակելի և 50 հասարակական շենք՝ ողջ Հայաստանում: Լոռու մարզում ծրագրի կողմից համաֆինանսավորվել է 41 բազմաբնակարան և 2 հասարակական նշանակության շենք (Վանաձոր, Ստեփանավան,Ալավերդի, Սպիտակ, Տաշիր համայնքներ):
Մասնավորապես, ՄԱԶԾ-ի դրամաշնորհային համաֆինանսավորումը բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության բարձրացման դեպքում կազմում է շինարարության արժեքի 25%-ը, իսկ հանրային և համայնքապատկան շենքերի՝ 20%-ը:
«Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագիրն իրականացնում է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ)՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հետ համագործակցությամբ և Կլիմայի կանաչ հիմնադրամի (ԿԿՀ) ֆինանսավորմամբ: Ծրագիրը սերտորեն համագործակցում է ՀՀ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարության հետ՝ համաֆինանսավորելով պետական սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում համայնքների ներկայացրած հայտերը, ինչպես նաև տեխնիկական օժանդակություն տրամադրելով սուբվենցիոն հայտերի լրացման հարցում, նախագծերի մշակման և շինարարության իրականացման փուլերում։
Eco.am
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ինչպես էներգաարդյունավետ վարքագիծ դրսևորել․ 5 խորհուրդ UNDP-ից






Թողնել մեկնաբանություն