Մեղվի մայրակաթը՝ որպես կենսաքիմիական նոր դեղամիջոց

https://eco.am/%d5%b4%d5%a5%d5%b2%d5%be%d5%ab-%d5%b4%d5%a1%d5%b5%d6%80%d5%a1%d5%af%d5%a1%d5%a9%d5%a8%d5%9d-%d5%b8%d6%80%d5%ba%d5%a5%d5%bd-%d5%af%d5%a5%d5%b6%d5%bd%d5%a1%d6%84%d5%ab%d5%b4%d5%ab%d5%a1%d5%af%d5%a1/

«Մեղվի մայրակաթը լայն կիրառություն ունի հատկապես ժողովրդական բժշկության մեջ: Այն օգտագործում են որպես հակաբակտերիալ, հակասնկային, հակաբորբոքային, հակաօքսիդանտային միջոց, սակայն նրա՝ որպես ռադիոպաշտպանիչ միջոցի մասին տվյալները մասնագիտական գրականության մեջ խիստ սակավ են»,- մեզ հետ զրույցում ասաց ԵՊՀ կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի դոցենտ, ծրագրի ղեկավար, կ.գ.թ. Սեդա Մարությանը։

  «Մեղվի մայրակաթը՝ որպես ռադիոպաշտպանիչ և հակաօքսիդանտային պայքարի կենսաքիմիական նոր դեղամիջոց» գիտական թեման ֆինանսավորման է երաշխավորել ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն, այն ներկայացրել է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի՝ կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնը:

Գիտական թեման նվիրված է իոնացնող ճառագայթահարման բացասական հետևանքներից էուկարիոտ օրգանիզմներին պաշտպանելու նոր, կենսածին մոտեցում մշակելուն:

Ս. Մարությանի խոսքով՝ «Մեղվի մայրակաթն աչքի է ընկնում սննդարար նյութերի մեծ քանակությամբ, ինչն ինքնին կարևոր է ճառագայթահարումից թուլացած օրգանիզմների դիմադրողականությունը բարձրացնելու համար: Մյուս կողմից, մեղվի մայրակաթը պարունակում է բազմաթիվ հակաօքսիդանտային միացություններ, որոնք, ինչպես հայտնի է, կանխում են օքսիդային սթրեսի զարգացումն օրգանիզմի բջիջներում ճառագայթումից հետո և պաշտպանիչ դեր ունեն օրգանիզմի համար»։

Ծրագրի ղեկավարն ընդգծեց, որ գիտական խմբի կատարողները բավականին երիտասարդ են. ընդգրկված են գիտությունների 2 թեկնածու, 1 երիտասարդ գիտաշխատող և 2 մագիստրոս: Գիտական խմբում ընդգրկվածները ձեռնամուխ են եղել առաջին տարվա օրացուցային պլանի կատարմանը։ Ծրագրի ավարտին մեղվի մայրակաթի ռադիոպաշտպանիչ և հակաօքսիդանտային դերի մասին համոզիչ տվյալների ստացումը թույլ կտա առաջարկել մեղվի մայրակաթը՝ որպես հակաճառագայթային պայքարի նոր կենսածին, անվտանգ և հեռանկարային դեղամիջոց:  Արդեն իսկ ստացվել են առաջին հետաքրքիր տվյալները, որոնք հետագա հետազոտությունների համար նոր հեռանկարներ են ստեղծում։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել
  • Զամբյուղում դեռևս չի ավելացվել ապրանքներ։