Կանաչ մեղվակեր․ «Տարվա թռչուն 2023» արշավի ամենագունավոր թեկնածուն

https://eco.am/%d5%af%d5%a1%d5%b6%d5%a1%d5%b9-%d5%b4%d5%a5%d5%b2%d5%be%d5%a1%d5%af%d5%a5%d6%80%e2%80%a4-%d5%bf%d5%a1%d6%80%d5%be%d5%a1-%d5%a9%d5%bc%d5%b9%d5%b8%d6%82%d5%b6-2023-%d5%a1%d6%80%d5%b7%d5%a1/

Eco.am սոցիալական հարթակն արդեն անդրադարձել էր, որ Գերմանիայի Բնության Պահպանության Միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը մինչև դեկտեմբերի 10-ը անցկացնում է «Տարվա թռչուն» 2023 քվեարկությունը։ Արդյունքներն ամփոփելուց հետո հայտնի կդառնա 2023 թվականի տարվա խորհրդանիշ թռչունը:

«Տարվա թռչուն» կրթական արշավի նպատակն է յուրաքանչյուր տարի ընտրել այդ տարին խորհրդանշող թռչնատեսակի և հասարակության լայն շերտերի ուշադրությունը հրավիրել այդ տեսակի և նրա բնադրավայրերի պահպանության կարևորության վրա:

Մինչ դեկտեմբերի 10-ը Գերմանիայի Բնության Պահպանության Միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը իր սոցիալական ցանցերի էջերում և կայքում պարբերաբար տեղադրելու է մրցույթի թեկնածու թռչնատեսակների մասին հետաքրքիր և ուսուցողական նյութեր, որոնք թույլ կտան կատարել գիտակցված ընտրություն:

Այսօր մեր ընթերցողին ներկայացնում ենք «Տարվա թռչուն» 2023 արշավի 6 թեկնածուներից ամենագունավորին՝ կանաչ մեղվակերին (Merops persicus):

Կանաչ մեղվակերն առանձնանում է մարմնի վառ գունավորմամբ։ Հասուն թռչնի մարմնի ընդհանուր գունավորումը կանաչ է, դիմային մասը՝ կապույտ, սև ու սպիտակ։ Կզակը դեղին է, թևատակի ծածկող փետուրները, կոկորդը՝ շիկակարմրավուն, գոտկատեղը՝ կապույտ երանգով։

Տարածված է  Հյուսիսային Եգիպտոսից և Մերձավոր Արևելքից մինչև Ղազախստան և Հնդկաստան ընկած տարածքներում։ Հայաստանում հանդիպում է Արարատյան դաշտի կիսաաանապատային տեղանքներում, բնադրող չվող է։ Բնակվում է կավոտ զառիթափերով կիսաանապատներում, խուսափում է շինություններից, անտառապատ տարածքներից։

Կանաչ մեղվակերը Հայաստանում խիստ սակավաթիվ տեսակ է և ընդգրկված է ՀՀ Կարմիր գրքում։ IUCN կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»։

Հակառակ անվանմանը՝ մեղուները կանաչ մեղվակերի սիրելի ուտելիքը չեն և կազմում են նրանց ընդունած սննդի մոտ 10%-ը։ Կանաչ մեղվակերները նախընտրում են ավելի դանդաղաշարժ և չխայթող միջատներ որսալ։

Նման է Ոսկեգույն մեղվակերին (Merops apisater), որը Հայաստանում տարածված տեսակ է։ Տարբերել կարող եք մարմնի վերևի կանաչով, կոկորդի և թևատակի ծածկողների շիկակարմիրով։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել
  • Զամբյուղում դեռևս չի ավելացվել ապրանքներ։