Ինչպես ամռանը չհիվանդանալ անգինայով

https://eco.am/%d5%ab%d5%b6%d5%b9%d5%ba%d5%a5%d5%bd-%d5%a1%d5%b4%d5%bc%d5%a1%d5%b6%d5%a8-%d5%b9%d5%b0%d5%ab%d5%be%d5%a1%d5%b6%d5%a4%d5%a1%d5%b6%d5%a1%d5%ac-%d5%a1%d5%b6%d5%a3%d5%ab%d5%b6%d5%a1%d5%b5%d5%b8%d5%be/

Հաճախ է պատահում, որ ամռան տապին հիվանդանում ենք անգինայով ու զարմանքով ինքներս մեզ հարց տալիս, թե պատճառը ո՞րն է։ Զարմանալու առիթ չկա, պարզապես պետք է հետևեք ձեր վարքին ու սննդակարգին։ Հիշե՛ք, որ հարկավոր է իմունիտետը բարձր պահել ոչ միայն ձմռանը, քանի որ ամռանն էլ դրա հավանականությունն ու պատճառները շատ են։

Մեր օրերում կորոնավիրուսային համավարակի պայմաններում, երբեմն դժվար է լինում տարանջատել անգինան, հարբուխն ու կորոնավիրուսը, ուստի  Eco.am-ն առանձնացրել է անգինայով հիվանդանալու հնարավոր պատճառներն ու ախտանիշները, որոնք մի քանիսն են։

1․ Ցանկացած գրասենյակում, խանութում, բանկում, հյուրանոցում, կամ ի վերջո, բնակարանում ամռան շոգից պաշտպանվելու համար տեղադրվում են օդափոխիչներ, իսկ ամառային շոգից քրտնած հայտնվելով օդափոխիչներ տեղադրված սենյակում մեր օրգանիզմը ենթարկվում է ջերմաստիճանի բավականին լուրջ տատանման՝ 10 աստիճանի սահմաններում։ Հենց այդ մշտական տատանումները թուլացնում են իմունային համակարգը։

2․ Շոգին, մենք այդպես էլ չենք սովորում օգտագործել ճիշտ ըմպելիքներ և հաճույքով զովանում ենք սառցե ըմպելիքներով ու պաղպաղակով։ Անկեղծ ասած դրանք ծարավը չեն հագեցնում, սակայն սառեցնում են նշագեղձերը և «արթնացնում» ննջող վարակը։

3․ Ամառային անգինաների 3-րդ պատճառը արևով տարվելն է։ Մաշկի ցանկացած կարմրելը օրգանիզմին սթրես է բերում, ինչի արդյունքում, նույնպես նվազում է իմունիտետը։

Ինչպես պաշտպանվել անգինայից

Կանոնները բոլորին հայտնի են և շատ հեշտ են օգտագործելու համար։

1Հետևե՛ք ձեր ատամների առողջությանը

Կարիեսը վարակի աղբյուր է հանդիսանում, իսկ նպաստավոր պայմանների դեպքում վարակը կարող է դառնալ անգինայի պատճառ։

2․ Այլ կլիմայական գոտի

Արձակուրդի մեկնելիս իմացե՛ք, որ առաջին 2-3 օրը կորչելու է կլիմայափոխության վրա։ Ուշադի՛ր եղեք Ձեր օրգանիզմի հանդեպ, ավելի շատ հանգստացեք, իսկ լողափ գնացեք միայն առավոտյան, կամ՝ երեկոյան։

3․ Արևայրուք

Արևայրուք ընդունելով արևի տակ՝ միանգամից մի նետվեք սառը ջուրը։ Թողեք, որ ձեր մարմինը հովանա, ապա ջուրը մտեք աստիճանաբար։

4․ Սառցե ըմպելիքներ

Բացառե՛ք սառցե ըմպելիքները, ինչպես նաև չափազանց սառը, քանի որ այն նույնպես անգինայի օջախ է համարվում։

5․ Օդափոխիչները վտանգավոր են

Մի՛ նստեք և մի՛ քնեք աշխատող օդափոխիչի մոտ, քանի որ գուցե այդ զովությունը ձեզ դուր գա, բայց դուք չեք զգա, թե ինչպես եք աստիճանաբար ձեր օրգանիզմը հիվանդացնում։ Իսկ, մի քանի ժամ անց, երբ ձեր մարմինը ծեծված լինելու նման կսկսի ցավել, զարմացած կհարցնեք, թե պատճառը որն է։

Անգինայի առաջին նախանշանների դեպքում

Անգինան բավականին «նենգ» հիվանդություն է, և հնարավոր չէ առանց բժշկի խորհդատվության այն բուժելու ուղղությամբ հաջողություն ակնկալել։ Անգինայից պաշտպանվելու համար պետք է ունենալ որոշակի իմունային կարգավիճակ։ Իմունիտետի թուլացումը բերում է հիվանդության։

Եթե կոկորդում ցավեր եք զգում, որոնք ինչ-որ բան կուլ տալու ժամանակ ուժեղանում են, բարձրացել է ձեր մարմնի ջերմաստիճանը, զգում եք թուլություն, ուրեմն հարկավոր է ինչ-որ քայլեր ձեռնարկել։ Եթե նշագեղձերի չափերը մեծացել են և ուսումնասիրելիս երևում է կարմրություն, թարախային բշտիկներ, անմիջապես ձեզ համար ապահովեք հանգիստ և անկողնային ռեժիմ։ Սնունդը պետք է լինի տաք։ Խորհուրդ է տրվում շատ հեղուկ խմել։

Կարևոր է իմանալ

Անգինան վարակիչ հիվանդություն է,որի հայտնվելու պատճառ են հանդիսանում հիվանդաստեղծ մանրէները։ Բացի այդ, այն ունի մի քանի տարատեսակներ, ուստի ինքնաբուժումն անթույլատրելի է։ Տուն կանչեք բժշկին և կատարեք նրա բոլոր խորհուրդները։ Մինչև բժշկի գալը, վիճակը թեթևացնելու համար, կարելի է օգտագործել հականեխիչ թրջոցներ կամ հաբեր։ Իսկ բարձր ջերմաստիճանի դեպքում ընդունել ջերմությունն իջեցնող դեղամիջոց։

 

 

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով