Embry Tech հայկական ստարտափը ԵՄ աջակցությամբ դուրս է գալիս միջազգային հարթակ

https://eco.am/embry-tech-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%af%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%bd%d5%bf%d5%a1%d6%80%d5%bf%d5%a1%d6%83%d5%a8-%d5%a5%d5%b4-%d5%a1%d5%bb%d5%a1%d5%af%d6%81%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b4%d5%a2/

32-ամյա Սարգիս Կարապետյանը, որը սիլիկոնյան հովտի Դրեյփերի համալսարան 2018-ի շրջանավարտ է, ու նրա թիմը Embry Tech հայկական ստարտափի հեղինակներն են:

Նրանք ստեղծում են կոշիկների համար նախատեսված Embry խելացի ներդիրների ու հավելվածի համակարգ: Այն ավտոմատ գրանցում է մարդու մարմնի քաշի փոփոխությունները, վերլուծում է մարդու ֆիզիկական ակտիվությունն ու պահվածքը և օգնում վարել առողջ ապրելակերպ:

Embry-ն ստեղծելու գաղափարը առաջացավ մի քանի տարի առաջ, երբ դիզայներ Նարե Գևորգյանը և Սարգիս Կարապետյանը ցանկանում էին այնպիսի ավտոմատ կշեռք նախագծել, որը հնարավոր կլիներ նաև կրել:

Միտքը զարգացնելը սկզբում ուղղակի հոբբի էր, սկսել են նախագծել, մշակել ալգորիթմներն ու տեխնոլոգիան, ստեղծել են հարյուրավոր նախատիպեր:

Նախագիծը զարգացնելու հարցում շատ է օգնել Եվրոպական Միության «ԵՄ-ն Բիզնեսի համար» ծրագիրը: Տեղեկացել են պայմաններին, դիմել ու ստացել դրամաշնորհ:

«Դա մեզ համար շատ կարևոր փուլ էր, քանի որ մինչ այդ մենք ներդնում էինք մեր խիստ սահմանափակ միջոցները, ինչը թույլ չէր տալիս արագ զարգանալ, դառնալ հետաքրքիր վենչուրային ներդրումների համար: ԵՄ-ի տրամադրած դրամաշնորհի օգնությամբ մենք կարողացանք հաղթահարել այդ խոչընդոտը, անցնել հաջորդ փուլ, որի ժամանակ արդեն մեր ստարտափը սկսեց ներգրավել նաև վենչուրային ներդրումներ», – պատմում է Սարգիսը:

Embry-ն վերլուծում է մարդու ֆիզիկական ակտիվությունն ու պահվածքը: Այն նաև առաջարկում է խելացի ու անհատական խորհուրդներ` թե ինչպես կառավարել քաշը: Embry հավելվածը ցույց է տալիս քայլերը իրական ժամանակով, ինչքան է մարդը ակտիվ եղել, ինչքան է նստած եղել ու, ամենակարևորը, ինչպես է փոփոխվել քաշը՝ տալով տեսանելի արդյունք` անտեսանելի գործիքի միջոցով:

«Embry Tech-ի առաջնային թիրախային շուկան գրասենյակային աշխատանք ունեցող մայրերն են: Նրանք ունենալով երեխաներ` չունեն իրենց հետևելու, ֆիթնես ակումբներ հաճախելու ժամանակ և դրա պատճառով ունեն օգնական-գործիքի կարիք` իրենց առողջ ապրելակերպի կազմակերպման հարցում», – նշում է Սարգիսը:

Երեք տարիների տեխնոլոգիական մշակումներից հետո Embry թիմը այս տարի առաջին արտադրանքն է ստացել: Այս պահին կոշիկների համար նախատեսված Embry խելացի ներդիրների սահմանափակ խմբաքանակը հասանելի է կայքումՊատվերները հիմնականում ԱՄՆ-ից ու Եվրոպական տարբեր քաղաքներից են:

«Պրոդուկտի գինը այս պահին 150 ԱՄՆ դոլար է: Այն դեռևս արտասահմանյան շուկայում է պահանջարկ վայելում: Հուսով եմ` առողջ ապրելակերպի սովորույթներն ու այսպիսի խելացի սարքերը շատ շուտով թրենդային ու կարևոր կդառնան նաև Հայաստանում», – նշում է Սարգիս Կարապետյանը:

Արդեն ունեն պայմանավորվածություններ և այս տարի սպասում են մի քանի միլիոն դոլարի հասնող նոր ներդրումներ, պայմանագրեր են կնքելու նաև ամերիկյան ֆիթնես ակումբների հետ ու զուգահեռ մտադիր են կրկնապատկել 13 հոգանոց թիմը:

Սարգիսի ու թիմի տեսլականը շատ ոգևորիչ է. ինչպես յուրաքանչյուր հեռախոս ունի ներկառուցված տեսախցիկ, տարիներ հետո յուրաքանչյուր կոշիկ ունենալու է ներկառուցված Embry տեխնոլոգիան: Այս պահին Embry-ն լուծում է քաշի կառավարման խնդիրը, 7 տարուց այն հավակնում է դառնալ կանխատեսիչ ու կանխարգելիչ բժշկության ամբողջական գործիք:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով