Ժայռոտ ու ամայի տարածքից` բարեկարգ այգի․ «ArLeAM» ինտենսիվ այգիները փոփոխել են տարածաշրջանի էկո համակարգը

https://eco.am/%d5%aa%d5%a1%d5%b5%d5%bc%d5%b8%d5%bf-%d5%b8%d6%82-%d5%a1%d5%b4%d5%a1%d5%b5%d5%ab-%d5%bf%d5%a1%d6%80%d5%a1%d5%ae%d6%84%d5%ab%d6%81-%d5%a2%d5%a1%d6%80%d5%a5%d5%af%d5%a1%d6%80%d5%a3-%d5%a1%d5%b5%d5%a3/

Հայաստանյան գյուտատնտեսության ոլորտում ավանդական այգիներին փոխարինելու են գալիս ժամանակակից ինտենսիվ այգիները։ Թեպետ դրանք  նորություն չեն աշխարհում, սակայն մեր երկրում ինտենսիվ այգիներ սկսել են հիմնվել վերջին տարիներին։ Իր տեսակի մեջ եզակի «ArLeAM» գյուղատնտեսական հոլդինգը 4 տարի առաջ՝ 2017 թվականին, Արագածոտնի մարզի Կարբի համայնքում, ժայռոտ ու ամայի տարածքում, հիմնեց ինտենսիվ այգիներ։ Կարճ ժամանակի ընթացքում ընկերության այգիներն ընդլայնվելով այսօր արդեն դարձել են Հայաստանի գյուղատնտեսական խոշորագույն մրգատու այգիներից մեկը։

Eco.am մեդիա հարթակը, «ArLeAM» ընկերության գյուղատնտեսության բաժնի տնօրեն Փայլակ Փիլիպոսյանի հետ զրույցում փորձեց պարզել ավանդական և ինտենիսվ այգիների տարբերությունն ու նպաստավորությունը՝ և՛ շրջակա միջավայրի, և՛ Հայաստանի գյուղատնտեսության համար։

– Աշխարհում, մասնավորապես Եվրոպայում, Ավստրալիայում, Նոր Զելանդիայում ինտենսիվ այգիներ կան դեռևս 1940-50-ական թվականներից։ Հայաստանում դրանք ի հայտ են եկել վերջին 10-15 տարիներին, առնվազն՝ վերջին 3 տարում մեծ տեմպերով աճում է ինտենսիվ այգիների քանակը, ինքը գովելի է։ Համոզված եմ, որ առաջիկա տասը տարում թռիչքաձև աճ ենք գրանցելու այս ոլորտում։

Փայլակ, նախ ընթերցողի համար փորձենք պարզել, թե ի՞նչ է նշանակում ինտենսիվ այգի։

– Նշանակում է ինտենսիվ տունկ, այսինքն՝ մի հեկտար տարածքի վրա ավելի ինտենսիվ կերպով են ծառերը տնկվում։ Եթե ավանդական այգու դեպքում ծառերը տնկվում են 2-5 մետր հեռավորությամբ, ապա ինտենսիվ այգիների դեպքում՝ 80 սմ-ից 1 մետր հեռավորության վրա։ Իսկ գերինտենսիվ այգիների դեպքում ծառերը տնկվում են 60-70 սմ հեռավորության վրա։ Ստացվում է, որ մի հեկտարի վրա տնկվում է 3000-ից մինչև 4200 ծառ։ Ինտենսիվ այգու բաղադրիչ մասեր են նաև բետոնե սյուներ։  Քանի որ ծառերը շատ չեն մեծանում, բայց շատ բերք են տալիս, ծառերի հետ տնկվում են շպալերաներ, դրանց վրա անցկացվում են մետաղյա լարեր, որոնցով էլ կապվում են ծառերը՝ բերքի ծանրությանը դիմանալու համար։ Ինտենսիվ այգու կոմպլեքսն իր մեջ ներառում է նաև կարկտապաշտպան ցանց և  կաթիլային ոռոգման համակարգ։ Դրա համար և՛ ցանցը, և՛ ոռոգման համակարգը նույնպես ամրացվում են  շպալերային։

– Ծառերն այդքան մոտ տնկվելով միմյանց չե՞ն խանգարում՝ և՛ հողում արմատների և՛ արդեն ճյուղերի աճի դեպքում։

– Ինտենսիվ այգու բոլոր ծառերը տնկվում են հատուկ պատվաստակալի վրա, որոնք չեն ունենում հզոր արմատային համակարգ։ Այս տեսակները ավանդական ծառերի նման չեն մեծանում։ Մենք թողնում ենք, որ մինչև 4 մետր բարձրություն ունենան և էտի ճիշտ տեսակով այնպես ենք անում, որ ծառը շատ չմեծանա, մեծ ճյուղեր չլինեն, բայց միևնույն ժամանակ բերքի կորուս չունենանք։ Ինտենսիվ խնձորի այգում, կախված տեսակներից, տնկվելուց հետո պետք է մեկ հեկտարից գոնե 5-րդ տարում 50 տոննա բերք ստացվի, իսկ լավագույնս կառավարելու դեպքում՝ մինչև 70 տոննա։ Օրինակ, այս տարի՝ 4-րդ տարում, Գոլդեն Դելիշես սորտի մեկ հեկտարից ունեցել ենք  61 տոննա բերք, որը գերազանց ցուցանիշ է։ Մենք ունենք 2․5 տարվա և 4 տարվա ծառեր, որոնք գերազանց ցուցանիշներ են տալիս։

– Բացի ծառերն իրար մոտ տնկելուց, ինչո՞վ է տարբերվում ինտենսիվ այգին ավանդականից։

– Ինտենսիվ այգու սպասարկումն ավելի հեշտ է՝ ավտոմատացված։ Նախ բերքահավաքն իրականացվում է տեխնիկայի միջոցով, այստեղ ավանդականի նման ծառ բարձրանալու, դույլերով բերքը հավաքելու անհրաժեշտությունը չկա, ամբողջը տեղի է ունենում տեխնիկայի միջոցով։ Ինտենսիվ այգիները դրական են նաև նրանով, որ ծառի արմատը կես մետրից ավել չի աճում։ Մենք պարարտացնում ենք հողը և՛ էկոլոգիական թռչնաղբով ու գոմաղբով, և՛ ազատական պարարտանյութերով, որպեսզի լավ բերք ստանանք ։ Այգում անցկացվում են նաև բուժման միջոցառումներ, որոնք և՛ ինտենսիվ, և՛ ավանդական գյուղատնտեսության մեջ պարտադիր են։ Դրանք նյութեր են, որոնց չօգտագործման դեպքում միջատները կվնասեն ամբողջ բերքը։ Որևէ վնասակար նյութեր չենք օգտագործում, դրա ապացույցն այն է, որ ինքներս էլ ամեն օր ուտում ենք մեր բերքից։

– Այսինքն, այստե՞ղ էլ մարդուն փոխարինում է տեխնիկան։

– Ոչ, օրինակ, խնձորի բերքահավաքի ընթացքում 50 հոգուց ավելի մարդ է աշխատում, իսկ ծիրանի բերքահավաքին մինչև 100 հոգի։ Այստեղ տեխնիկան ավելի ճշգրիտ է անում իր գործը, բայց մարդու փոխարեն չի հավաքում, այլ օգնում է, որ ավելի հեշտ ու արագ հավաքենք։ Ավանդական այգում մեկը բարձրանում է ծառին, իսկ մյուսը ներքևում պահում է դույլը, որ հավաքեն բերքը, որից հետո դույլերը դատարկում են արկղերի մեջ։ Այս ընթացքում բերքը վնասվում է, ինչն էլ ամենամեծ  խնդիրն է։ Ինտենսիվ այգու դեպքում ողջ բերքահավաքը կատարվում է տեխնիկայի միջոցով՝ կոնտեյներն անցնում է, իսկ մարդիկ հավաքում են բերքն ու միանգամից լցնում մեջը։ Ընդհանրապես կա սկզբունք, որ հավաքելիս խնձորին պետք է դիպչեն 2 անգամ, 3-րդը պետք է լինի ուտողը։

– Այդ ինչպե՞ս։

– Առաջին անգամ բերքին դիպչում է ծառից քաղողը, իսկ երկրորդ անգամ՝ արդեն պետք է լինի արկղի մեջ տեղադրողը։ Ծառից քաղելուց հետո կոնտեյները տեխնիկայի միջոցով դաշտից գալիս ու պահպանվում է սառնարանում։

Ծիրանի դեպքում պրոցեսն ավելի արագ է լինում, քանի որ այն պահպանման  ժամկետ չունի։ Ծիրանն ամենաշատը կարելի է պահել տասը օր։ Ընդ որում, հավաքելուց հետո ծիրանը պետք է վերջնական սպառման արկղում տեղադրվի ամենաուշը 24 ժամվա ընթացքում։

– Հիմնականում «ArLeAM»-ն իր ինտենսիվ այգիներից ի՞նչ բերք է ստանում։

– 4 տեսակի խնձոր, 4 տեսակի ծիրան և 2 տեսակի տանձ։

Մեր ծիրանի սորտերը իտալական են՝ Օրանժ Ռուբիս, Ֆառալյա, Նելսոն, Լունաֆուլ։ Այս սորտերը ենթակա են երկար փոխադրման և ինչ-որ ժամանակ նաև անգամ սառնարանում պահելու։

Մեր այգիներում աճում են Գալա, Գոլդեն Դիլիշս, Գրեննի Սմիթ և Ռեդ Դիլիշս տեսակի խնձորները։  Գալա տեսակն ավելի քաղցր խնձոր նախընտրողների համար է։ Գալայի քաղցրությունը հասնում է մինչև 14-16 brix: Հասունանում է ամենասկզբում՝ օգոստոսի  կեսից արդեն հավաքում ենք։

Գոլդենը բոլորի կողմից սիրված տեսակ է։ Մեր տարածքի նպաստավոր դիրքի և արևի շնորհիվ մեր Գոլդենը նորմայից շատ է քաղցրանում՝ մինչև 14 brix:

Գրենին տարբերվում է իր դիետիկությամբ և առողջարար հատկանիշներով։ Այն օգտակար է մարսողության ու արյան ճնշման կարգավորման համար։ Ընդհանրապես, խորհուրդ է տրվում ճաշելուց հետո մեկ միջին չափի Գրեննի ուտել։

– Փայլակ, ինչպե՞ս է որոշվում, որ օրինակ խնձորն արդեն հասունացել է ու բերքահավաքի ժամանակն է։

– Բերքահավաքից առաջ հատուկ տեխնոլոգիական միջոցներով և յոդի լուծույթով ստուգում ենք խնձորի հասունությունը։ Պրոցեսն իրականացնում ենք ամենօրյա ռեժիմով, որպեսզի ամենաճիշտ պահին հավաքենք խնձորը, որպեսզի պահպանվեն և՛ համային և գունային հատկանիշները, և կարողանանք երկար պահպանել բերքը։ Օրինակ, խնձորը կարելի է պահել մինչև մեկ տարի։

– Ինչպես տեղեկացանք, նաև տանձի այգիներ ունեք։

– Հայաստանում շատ քիչ կա տանձի ինտենսիվ այգի, քանի որ մեր երկրի պայմաններում դա շատ ռիսկային է։ Աշխարհում տանձի ամենապահանջված սորտը  Կոնֆերենսն է։ Մեր այգում ունենք 2 տեսակ՝ Կոնֆերենս և Վիլյամս, որոնցից, հուսով ենք, կստանանք լավ արդյունք։ Այգին այս տարի ենք տնկել, դեռ բերք չի տվել։ Չեմ բացառում նաև, որ առաջիկայում մրգերի այգում տեսականին կընդլայնվի։

Ի դեպ, ասեմ, որ տանձի այգին հիմնելիս անգամ ժայռեր են պայթեցվել։ Եթե տեսնեիք այս գեղեցիկ այգու փոխարեն ինչ մեծ քարերով անապատ էր, կզարմանայիք։ Տարածքում անգամ ոտքով քայլել հնարավոր չէր։ Ամբողջը քարհանվել է, տնկվել է 45 հեկտար կանաչ ու գեղեցիկ այգի։ Համոզված եմ, որ եթե մեր տարածքում ավելանա 3 նման այգի, հնարավոր է՝ տարածաշրջանի էկո համակարգը լուրջ փոփոխությունների ենթարկվի։ Այգում բազմաթիվ թռչուններ կան, անգամ  ձվադրում են և մեր այգուն էլ վնաս չեն հասցնում։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով