Տարերային բնական աղետներ. Սպիտակի երկրաշարժի 32-րդ տարելիցը

https://eco.am/spitakierkrasharj/

Հայաստանը դարեր շարունակ տուժել է երկրաշարժերից, որի մասին վկայում են բազմաթիվ պատմական գրավոր աղբյուրները և մասնագիտական հետազոտությունների արդյունքները: Միայն այն փաստը, որ Հայոց բոլոր 12 մայրաքաղաքները տուժել են երկրաշարժերից, խոսում է դրանց հասցրած վնասների մասին: Ըստ գրավոր վկայությունների մարդկային կորուստների տեսակետից ամենածանրը եղել է 893թ. Դվինի երկրաշարժը՝ հարյուր հազարից ավելի զոհ: Հայ ճարտարապետերն ու շինարարները միշտ փորձել են նախագծել ու կառուցել այնպիսի շենքեր ու կառույցներ, որոնք դիմակայեն ուժեղ երկրաշարժերին: Եվ հիմնականում դա հաջողվել է, քանի որ այսօր միայն ՀՀ տարածքում պահպանվել են դարեր առաջ կառուցված 1000-ից ավելի եկեղեցիների շենքեր, բազմաթիվ բերդեր, կամուրջներ, պալատներ, որոնք դիմացել են ուժեղ ցնցումներին: Պատահել է և հակառակը: Այսպես,1988  թվականի դեկտեմբերի 7-ին՝ 32 տարի առաջ, տեղական ժամաանկով  11:40, Հայաստանի հյուսիսարևմտյան մասում խոշոր բնական աղետ եղավ՝ 6,8-7,2 մագնիտուտ հզորությամբ երկրաշարժ։ Աղետը իսկապես աննկարագրելի կորուստներ պատճառեց։ Վայրկյաների ընթացքում ավերվեց հանրապետության գրեթե ողջ հյուսիսային հատվածը, որտեղ ապրում էր շուրջ 1 միլիոն մարդ։ Երկրաշարժի էպիկենտրոնում՝ Սպիտակում, ցնցումների ուժգնությունը հասել է մինչև 9-10 բալ։ Ստորգետնյա ցնցումներն զգացվել են Երևանում և Թբիլիսիում։

Ավերված քաղաքների թիվը հասել է 11-ի, գյուղերինը՝ 58, տուժած քաղաքների թիվը՝ 21, գյուղերը՝ 342։ Անօթևան է մնացել 514 000 մարդ։ Զոհվել է 25 000 մարդ։

Սպիտակի ավերիչ երկրաշարժը պատճառ հանդիսացավ, որպեսզի պարզ դառնար, որ խորհրդային տարիներին կառուցված բազմաբնակարան, կրթական ու առողջապահական հաստատությունների շենքերը ունեին ցածր որակ և թերագնահատվել էր սեյսմիկ վտանգը: Անկախ Հայաստանը պետք է ամեն ինչ անի, որպեսզի չկրկնվի Սպիտակի ողբերգությունը: Դրա համար խիստ կարևոր է դասեր քաղել սեյսմիկ աղետներից:

Մեր երկիրը գտնվում է երկրաշարժավտանգ գոտում։ Հայաստանում և նրա հարակից տարածքներում, գրեթե ամեն օր տեղի են ունենում տարբեր ուժգնության երկրաշարժեր։ Երկրաշարժը լինելով բնական երևույթ, կարող է լինել աղետալի, եթե տեղի ունենա այնպիսի վայրերում, որտեղ կառույցները սեյսմակայուն չեն, իսկ բնակչությունը չի տիրապետում սեյսմապաշտպանության վարքականոններին: Երկրաշարժը, որպես այդպիսին, սպառնում է ոչ միայն մեր տարածաշրջանի բնակիչներին. Երկիր մոլորակի վրա յուրաքանչյուր հինգ րոպեն մեկ գրանցվում է տարբեր ուժգնության մեկ երկրաշարժ։

Երկրագունդը կենդանի մոլորակ է` իր բնականոն փոփոխություններով։ Երկրաշարժը բնական երևույթներից է, ինչպես քամին, անձրևը կամ փոթորիկը և այն արտահայտվում է երկրակեղևի կտրուկ տատանումներով ու ցնցումներով, բնականաբար, պատճառելով վիթխարի ավերածություններ։

Երկրաշարժերը լինում են փլուզումնային, հրաբխային և տեկտոնական։ Առավել ավերիչ են տեկտոնական երկրաշարժերը, (տեկտոնական-երկրակեղևի շարժումները, կառուցողական), որոնք կապված են շարունակվող լեռնագոյացման գործընթացների հետ և կազմում են աշխարհում տեղի ունեցող երկրաշարժերի մեծ մասը (ավելի քան 95%)։

Երկրաշարժի ուժգնությունը մեր տարածաշրջանում չափվում է MSK-64 1-12-բալանոց սանդղակով: Որքան ուժեղ է երկրաշարժը, այնքան բարձր է բալը։

Երկրաշարժը` երկրաբանական բարդ գործընթացի արդյունք լինելով հանդերձ, տեղի է ունենում նաև երկրագնդի ու տիեզերական մարմինների (Լուսին, Արև, Վեներա) փոխազդեցության հետևանքով, և նրա կանխատեսումը երկրաֆիզիկայի գերխնդիրն է, որի լուծման ուղղությամբ աշխատում են աշխարհի տարբեր բնագավառների գիտնականներ։ Եթե ճշգրիտ կանխատեսումներ կատարվեն, ապա միլիոնավոր մարդկանց կյանք կարելի է փրկել։ Կասկած չկա, որ ժամանակի ընթացքում գիտնականները կլուծեն նաև այս խնդիրը, որի հուսադրող ապացույցներն են առանձին երկրներում կանխատեսման հաջող դեպքերը։ 1975թ. Չինաստանում, հիմնականում մագնիսական դաշտի անոմալ փոփոխություններով, կանխատեսվեց 7,3 մագնիտուդով Հայչենի երկրաշարժը։ Սակայն, այդ նույն Չինաստանում 1976 թ. չկանխատեսված երկրաշարժը խլեց շուրջ 240 հազար մարդկային կյանք։

Սա վկայում է, որ յուրաքանչյուր երկրաշարժ ունի իրեն հատուկ կազմավորման գործընթաց, և միշտ չէ որ, կարելի է նույնիսկ նույն տարածքում ընդհանրացնել մեկ երկրաշարժի նախանշանը` հաջորդ սպասվող երկրաշարժի համար։

Կանխատեսման ոլորտում աշխատանքներ են կատարվում նաև ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայությունում, որտեղ հավաքվում են տեղեկություններ երկրի ընդերքում տեղի ունեցող անոմալ փոփոխությունների վերաբերյալ։ Իր գործունեության ընթացքում ՍՊԾ-ը կատարել է մի շարք հաջող կանխատեսումներ։

Օրինակ.

1. 1992 թ. մարտի 13-ին, Թուրքիայի Երզնկայի տարածքի 8-9-բալանոց երկրաշարժը, M=6.9.
2. 1997 թ. օգոստոսի 17-ին Թուրքիայի Իզմիթ տարածքի 9-10 բալանոց երկրաշարժը, M=7.4

Երկրաշարժի կանխատեսումը հենվում է հայտնի այն երևույթների վրա‚ որոնք տարիներ շարունակ գրանցվել և նկատվել են մարդկանց կողմից՝ երևույթին նախորդած ժամանակահատվածում։

Դրանք այն հայտնի նախանշաններն են‚ որոնցով բնությունը կարծես հուշում է վերահաս աղետի մասին։

Երկրաշարժերի նախապատրաստման փուլում ընդերքում տեղի ունեցող գործընթացները խախտում են որոշ բնական երևույթների սովորական ընթացքը՝ փոխելով դրանց քանակական և որակական բնութագիրը։ Նման շեղումները, կամ ինչպես երկրաբաններն են ասում՝ անոմալիաները‚ կարող են վերահաս երկրաշարժի նախանշաններ լինել։ Սակայն հարկավոր է նշել‚ որ ո՛չ բոլոր անոմալիաները կարող են նախանշան ծառայել‚ ուստի շատ կարևոր է հայտնաբերել այն անոմալիաները‚ որոնք ստույգ վկայում են մոտալուտ աղետի մասին։

Որքան շատ և բազմազան են հայտնաբերված նախանշանները‚ այնքան հաջող է կանխատեսման հավանականությունը։ Գիտության և տեխնիկայի ժամանակակից զարգացումը‚ ինչպես նաև մարդկանց ու կենդանիների բնական վարքը հնարավոր դարձրեցին ի հայտ բերել բազմաթիվ բնութագրեր‚ որոնք կարող են նպաստել երկրաշարժերի կանխատեսմանը։ Ուժեղ երկրաշարժերի բնական նախանշանները բաժանվում են երկու հիմնական խմբի`

• մակերևութային նախանշաններ
• մարդկանց և կենդանիների վարք


Մակերևութային նախանշաններ

– Ուժեղ երկրաշարժերից առաջ նկատվում է սեյսմիկ ակտիվացում‚ բազմաթիվ թույլ ցնցումները‚ նրանց ուժը և տեղը կարող են վկայել վերահաս երկրաշարժի մասին։

– Երկրի մակերեսի վրա՝ տիեզերքից կատարված երկրաչափումների և երկրաբանական ուսումնասիրությունների միջոցով կարելի է փաստել քարոլորտային սալերի տեղաշարժեր‚ լայնամասշտաբ ձևախախտումներ‚ երկրակեղևի առանձին մասերի բարձրացում կամ իջեցում‚ որոնք երկրաշարժերի կարևոր նախանշաններն են։

– Կուտակվող լարումների ազդեցություններից ապարներում առաջացած ճեղքվածքների հետևանքով ստորգետնյա ջրերի մակարդակը և քիմիական կազմը երկրաշարժից առաջ հաճախ փոփոխվում են՝ իջնում կամ բարձրանում։ Այդ փոփոխությունները նկատվում են նույնիսկ էպիկենտրոնից մեծ հեռավորությունների վրա։

– Երկրագունդն‚ ինչպես հայտնի է‚ ունի իր մագնիսական դաշտը‚ որի բնութագիրը երկրաշարժից առաջ կարող է փոխվել՝ լեռնային ապարների լարումների ձևախախտումների հետևանքով։ Այսպիսի փոփոխություններ նկատվել են բազմաթիվ երկրներում‚ մասնավորապես Չինաստանում‚ Հայաստանում։

– Տարբեր լեռնային ապարներ օժտված են տարբեր էլեկտրական դիմադրողականությամբ։ Դիտվել է‚ որ երկրաշարժից առաջ լարումների ազդեցության պատճառով փոխվում է նաև ապարների էլեկտրական դիմադրությունը։

– Ընդերքից մշտապես անջատվում է ռադոն ռադիոակտիվ գազը‚ որի մի մասը խառնվում է մթնոլորտին‚ իսկ որոշ քանակությամբ էլ այն տարրալուծվում է ստորգետնյա ջրերում։

Երկրաշարժից առաջ այդ գազի պարունակությունը ջրերում փոխվում է‚ առաջացնելով ռադիացիոն դաշտի փոփոխություն։

Այդպես է եղել օրինակ` 1966 թ. Տաշքենդի երկրաշարժի ժամանակ‚ երբ ռադոն գազի պարունակությունն անընդհատ աճում էր նախորդ տասը տարվա ընթացքում‚ իսկ երկրաշարժից առաջ այն կտրուկ նվազեց։

Մարդկանց և կենդանիների անսովոր վարքը

Երկրաշարժին նախորդող ժամանակաշրջանում կայացած էլեկտրամագնիսական դաշտերի‚ ռադիացիոն ֆոնի, ուլտրաձայների և այլ երևույթների փոփոխություններն ազդում են մարդկանց (հատկապես կանանց և երեխաների) նյարդային համակարգի վրա‚ որոնք արտահայտվում են գլխապտույտով‚ գլխացավով‚ սրտխառնոցով‚ արյան ճնշման փոփոխությամբ և այլն։

Սպիտակի 1988թ. երկրաշարժը սեյսմաբանական տեսակետից չի համարվում բացառիկ երևույթ: Երկրագնդի վրա տարեկան այդ մագնիտուդի երկրաշարժեր լինում են 15-20 հատ : Սակայն այն հայտնի է իր ծանր հետևանքներով և համարվում է աշխարհի մանրամասն ու համակողմանի ուսումնասիրված երկրաշարժերից մեկը: Այս տեսակետից Սպիտակի երկրաշարժն ուսանելի է և մեծ հետաքրքրություն է ներկայացնում սեյսմիկ աղետների դեմ պայքարում: Սպիտակ- 88-ի մասին գրվել են բազմաթիվ գրքեր ու հոդվածներ, նկարահանվել են ֆիլմեր, համացանց են տեղադրվել բազմաթիվ նյութեր, սակայն դժվար է այս բոլորի միջից զատել կարևորն ու անհրաժեշտը: Բացի դրանից, ուժեղ երկրաշարժը հարյուրավոր բնական աղետներից այն եզակին է, որը խաթարում է կյանքի բոլոր ոլորտներն առանց բացառության, այսինքն՝ կարիք է զգացվում մասնագետի կողմից երկրաշարժի համակողմանի ներկայացման: Նկատելի էր, որ կամաց-կամաց մոռացվում, աստիճանաբար կորչում են Սպիտակի 1988թ. երկրաշարժի վերաբերյալ կարևոր տվյալներն ու, նույնիսկ, դասերը: Դա բնական է, քանի որ տեղեկատվական այս հզոր դարում դժվար է պահել ու անհրաժեշտության դեպքում գտնել հետաքրքրող նյութերը: Վաղուց անհրաժեշտություն կար հավաքելու, համակարգելու ու մեկնաբանելու այն, ինչն առավել կարևոր է Սպիտակի երկրաշարժի մասին, որի կարիքը զգում է թե´ հասարակ քաղաքացին, թե´ մասնագետը: Սպիտակի աղետի պատճառը մեկը կամ մի քանիսը չեն: Կային լուրջ բացթողումներ սեյսմիկ պաշտպանության բոլոր օղակներում: Այդ սխալներն ու բացթողումները կարելի է միավորել երեք խոշոր խմբերում.

1. Սեյսմիկ վտանգի գնահատման ոլորտում թույլ տրված սխալներ, հատկապես ՀՀ տարածքի մեծ մասի վտանգի թերագնահատումը:

2. Բազմաբնակարան շենքերի նախագծման, շինարարության և շահագործման ժամանակ թույլ տրված կոպիտ սխալները, որոնք պատճառ հանդիսացան դրանց սեյսմիկ խոցելիության բարձրացման: Հատկապես զգալի էին պետական հատվածի շենքերի շինարարության ցածր որակի հետևանքները:;

3. Աղետի կառավարման՝ այդ թվում արագ արձագանքման և երկրաշարժին իշխանությունների ու բնակչության դիմակայելու ցածր պատրաստվածությունը և այս ոլորտում բացթողումները, հատկապես աղետի առաջին օրերին, երբ մեծ էր մարդկային ու նյութական կորուստները նվազեցնելու հնարավորությունը:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել