FPWC-ը կուսումնասիրի կլիմայի փոփոխության ազդեցությունը՝ Վայոց Ձորի արջերի վրա

https://eco.am/fpwc-%d5%a8-%d5%af%d5%b8%d6%82%d5%bd%d5%b8%d6%82%d5%b4%d5%b6%d5%a1%d5%bd%d5%ab%d6%80%d5%ab-%d5%af%d5%ac%d5%ab%d5%b4%d5%a1%d5%b5%d5%ab-%d6%83%d5%b8%d6%83%d5%b8%d5%ad%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6/

Մայիսի 13-ին տեղի ունեցավ հանդիպում-քննարկմում՝«Մեղմելով կլիմայի փոփոխությամբ պայմանավորված մարդ-վայրի կենդանի կոնֆլիկտը Հայաստանում» ծրագրի մեկնարկը։ Հետաքևքևված կողմերի միջև տեղի ունեցած հանդիպմանը մասնակից են եղել ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, Վայոց ձորի մարզպետարանի, ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի, տարբեր բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնց միջև ձևավորված քննարկման արդյունքում առանձնացվել են հետագա աշխատանքների վերաբերյալ մի շարք կարևոր դրույթներ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերը, որն իր խոսքում հատուկ ընդգծել է ծրագրի իրականացման գործում ուժերի համախմբման կարևորությունը։

Ծրագիրը նպատակ ունի մշակելու և իրականացնելու ռազմավարություններ՝ մեղմելու կլիմայի փոփոխության ազդեցությունը մարդ-արջ կոնֆլիկտի հակամարտության համատեքստում: Թիրախավորելով Վայոց Ձորի Եղեգիս համայնքը՝ ծրագիրը միտված է բարձրացնելու տեղաբնակների դիմադրողականությունը կլիմայի փոփոխության ազդակների նկատմամբ՝ տրամադրելով կարողությունների զարգացման հնարավորություններ և խթանելով այլընտրանքային եկամուտների ստեղծումը:

Վայոց ձորի մարզում կիրականացվեն հստակ գործողություններ ուղղված մարդ-վայրի կենդանի կոնֆլիտի մեղմմանը։ Խոսքը Վայոց ձորի բնակավայրերին մոտեցող գորշ արջերի մասին է, ինչի համար կենդանին ունի մի շարք դրդապատճառներ, հիմնականում՝ կերի և տարածքների կրճատում, կլիմայի փոփոխություններ և այլն։ Վերջին 5-6 տարիների ընթացքում մարդ-վայրի կենդանի կոնֆլիկտը հատկապես սրվել է Վայոց ձորում․ արջերն իջնում են գյուղեր՝ երբեմն վնասելով գյուղատնտեսական ցանքատարածությունները, պտղատու այգիներն ու մեղվափեթակները, ինչպես նաև մանր ու խոշոր գյուղատնտեսական կենդանիներին: Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիամնադրամի (FPWC) մասնագետները կուսումնասիրեն կլիմայի փոփոխության ազդեցությունը խնդրի սրացման տեսանկյունից, թե ինչպես են ջերմաստիճանի կտրուկ տատանումներն ու հարաբերական տաք ձմեռներն ազդում կենդանիների քնից շուտ արթնանալու, կերի պակասի վրա, ինչպես նաև՝ այլ կապակցված խնդիրների վրա:

Առաջիկա երեք տարիների ընթացքում Հիմնադրամն իրականացնելու է «Մեղմելով կլիմայի փոփոխությամբ պայմանավորված մարդ-վայրի կենդանի ահագնացող կոնֆլիկտը Հայաստանում» ծրագիրը, որը ֆինանսավորվում է Միացյալ Թագավորության կառավարության կողմից՝ Darwin Initiative-ի շրջանակում:

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) տարիներ շարունակ զբաղվում է մարդ-վայրի կենդանի կոնֆլիկտի ուսումնասիրմամբ Արարատի և Վայոց ձորի մարզերում՝ շեշտը դնելով կոնֆլիկտի մեղմանն ուղղված գործողությունների վրա: Այս համատեքստում Հիմնադրամը տարիներ շարունակ աջակցում է Վայոց ձորի համայնքներին՝ տրամադրելով էլեկտրական հովիվներ, պաշպանելու իրենց պտղատու այգիները, մեղվափեթակներն ու սեփականությունը, մասնակիորեն փոխհատուցելով հասցված վնասը, ստեղծելով այլընտրանքային աշխատատեղեր տեղաբնակների համար բնապահպանության ոլորտում, կրթելով թիրախային խմբերին և ներգրավելով նրանց բնապահպանական միջոցառումներին:

Հավելենք, որ գորշ արջն (Ursus arctos) ընդգրկված է ՀՀ կենդանիների կարմիր գրքում և ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B2ab (iii,iv): ԿԳ տվյալների համաձայն՝ շատ մեծ արեալ (Եվրասիա և Հյուսիսային Ամերիկա) ունեցող տեսակ է: Հանդիպում է Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի, Տավուշի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում: Երբեմն կարող է մտնել Շիրակի և Արագածոտնի մարզեր: Գրանցվել է ծ.մ. 400-500 մինչև 3000 մ բարձրություններում : ՀՀ կենդանիների կարմիր գրքի տվյալներով, թվաքանակը հայտնի չէ, սակայն հավանաբար կայուն է: Այն, որ արջերը հաճախ մտնում են գյուղեր` վնաս հասցնելով պտղատու այգիներին և փեթակներին, դրանց մեծ թվաքանակի վկայություն չի կարելի համարել: Ավելի հավանական է, որ դա բիոտոպերի քայքայման և կերային ռեսուրսների անբավարարության հետևանք է, որը բերում է պոպուլյացիայի մասնատմանը:

Eco.am

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Կենսաբազմազանության մոնիթորինգ, մարդ-վայրի բնություն կոնֆլիկտի մեղմում»․  ՇՄՆ-FPWC հուշագիր է ստորագրվել

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով