Վերջերս Իսպանիայում տեղի է ունեցել «Դալիի բեղերը» (Dali’s Mustache) կիրառական և դեկորատիվ արվեստի, դիզայնի և լուսանկարչության միջազգային առցանց մրցույթը, որին մասնակցում են աշխարհի ավելի քան 60 երկրից և մրցում 7 տարիքային խմբերում։ Ամենամյա մրցույթն այս տարի տեղի է ունեցել Իսպանիայում, որտեղ 16-ամյա հայ պատանի Հակոբ Հովհաննիսյանն իր բնության լուսանկարով, 91-100 միավոր հավաքելով, գրավել է 1-ին հորիզոնականը։
16 ամյա Հակոբը «Դալիի բեղերը» մրցույթի մասին պատահաբար է իմացել։ Սովորության համաձայն, համացանցում փորփրել է միջազգային մրցույթների մասին տեղեկատվություն և հանդիպել «Դալիի բեղերը» միջազգային մրցույթի մասնակցության հայտին։ Առանց երկար-բարակ վարանելու համարձակ պատանին որոշել է փորձել իր ուժերը լուսանկարչական մրցույթում։
«Մրցույթին մասնակցելիս, հայտը լրացնելու պահից անգամ, չէի էլ սպասում, որ նման լավ արդյունք կգրանցեի»,- Eco.am-ի հետ զրույցում ասաց Հակոբ Հովհաննիսյանը։
«Սիրում եմ նկարել բնություն, բնական երևույթներ՝ արևածագ, մայրամուտ, անձրև, ցող․․․Մրցույթում հաղթանակ բերած այս աշխատանքն էլ պատահական եմ լուսանկարել։ Այն իմ կատարած վերջին աշխատանքն էր։ Այս աղավնին մեր բակում էր, որոշեցի լուսանկարել ու արդյունքում ունեցա այս ստացված լուսանկարը, հետո՝ արդեն՝ այն հաղթանակ բերեց ինձ»,- ժպիտով արձանագրում է պատանի լուսանկարիչն ու ուրախությամբ շեշտում․ «Սա իմ առաջին հաղթանակն էր։ Միջազգային դիպլոմ ունենալն ինձ համար արդեն իսկ հաջողություն է, և հնարավորություն՝ շարունակաբար մասնակցելու տարբեր երկրներում կայանալիք մրցույթներին։ Այն ինձ հնարավորություն ընձեռեց ամռանը մեկնելու Իսպանիա և այնտեղ ներկայանալու իմ աշխատանքներով»։
16-ամյա պատանի լուսանկարիչը նկարել սկսել է 5 տարեկանից։ Այսօր սովորում է Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի «Լուսանկարչական գործ» մասնագիտության առաջին կուրսում։
«Լուսանկարչությունն ինձ համար և՛ հոբի է, և՛ մասնագիտություն։ Շնորհիվ քոլեջի իմ կուրսղեկ Գեղամ Հախվերդյանի, կարողանում եմ կատարելագործվել և ավելի գրագետ աշխատանքներ ստանալ»,- երախտագիտությամբ շեշտում է զրուցակիցը։
Ի դեպ, պատանի լուսանկարչի հետաքրքրությունները չի սահմանափակվում միայն լուսանկարչությամբ․ «Հետաքրքրվում եմ ֆիզիկայով, աստղագիտությամբ և ռազմական ավիացիայով։ Զբաղվում եմ անօդաչուների ստեղծմամբ և ծրագրավորմամբ, պատրաստում եմ էլէկտրական և օպտիկական սարքեր»,- Eco.am-ի հետ զրույցում տեղեկացրեց «Դալիի բեղերը» միջազգային լուսանկարչական մրցույթում առաջին մրցանակակիր Հակոբ Հովհաննիսյանը։
«Դալիի բեղերը» պարզապես հեռավար մրցույթ չէ, այն հնարավորություն է տալիս ցուցադրելու սեփական աշխատանքներն առցանց պատկերասրահում, որտեղ ամբողջ աշխարհից այցելում են հարյուր հազարավոր մարդիկ: Մրցույթը հնարավորություն է տալիս նաև վաճառել քո աշխատանքներն օտարերկրյա գնորդներին: «Դալիի բեղերը» միավորում է Իսպանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Կանադայի և Արևելյան Եվրոպայի և Ասիայի երկրների մշակութային գործիչներին: Ըստ կատարման ժանրերի և անվանակարգերի՝ մրցանակները բաշխվում են յոթ տարիքային խմբերում՝ մինչև 70 միավոր վաստակած մասնակիցները դառնում են դիպլոմակիրներ (պղնձե դիպլոմ), այն մասնակիցները, ովքեր հավաքել են 70-ից 79 միավոր՝ երրորդ աստիճանի դափնեկիրներ (բրոնզե դիպլոմ), իսկ մասնակիցներն, ովքեր հավաքել են 80-ից 89 միավոր, դառնում են երկրորդ աստիճանի դափնեկիրներ (արծաթե դիպլոմ), դե իսկ 90-ից 99 միավոր վաստակած մասնակիցները դառնում են առաջին աստիճանի դափնեկիրներ (ոսկե դիպլոմ), և վերջում՝ 100 միավոր վաստակած մասնակիցները դառնում են «Dali’s Mustache» մրցույթի գրան-պրի մրցանակակիրներ (պլատինե դիպլոմ):





Թողնել մեկնաբանություն