COP28 կլիմայական համաժողովին ընդառաջ Հայաստանն ամփոփել է տարեկան գործողությունների առաջընթացը

https://eco.am/cop28-%d5%af%d5%ac%d5%ab%d5%b4%d5%a1%d5%b5%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d5%aa%d5%b8%d5%b2%d5%b8%d5%be%d5%ab%d5%b6-%d5%a8%d5%b6%d5%a4%d5%a1%d5%bc%d5%a1%d5%bb-%d5%b0%d5%a1%d5%b5/

Փարիզյան համաձայնագրի ներքո ստանձնած հանձնառության կատարման ճանապարհին կարևորելով կառավարության, մասնավոր և հանրային հատվածի, դոնոր և աջակցող գործընկերների հետ պարբերական աշխատաժողովները և խորհրդակցությունները, այսօր տեղի է ունեցել Ազգային մակարդակով սահմանված գործողությունների իրականացման առաջընթացի տարեկան ամփոփում:

Այս աշխատաժողովի անցկացումը պատեհաժամ է, քանի որ այն տեղի է ունենում 2023 թվականի նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 12-ը Միացյալ Արաբական Էմիրությունների կառավարության կողմից կազմակերպված ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի (ԿՓՇԿ) Կողմերի 28-րդ համաժողովին (COP-28) ընդառաջ, որտեղ աշխարհն ամփոփելու է Փարիզյան համաձայնագրի իրականացման ուղղությամբ գրանցած  առաջընթացը: Առաջին գլոբալ հաշվառումը (Global Stocktake) միտված է նպաստելու կլիմայական գործողությունների և ջանքերի համակարգմանը, ներառյալ՝ ձեռնարկելու միջոցներ առաջընթացի բացերը լրացնելու ուղղությամբ:

Eco.am սոցիալական հարթակը ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացավ, որ աշխատաժողովին մասնակցել են Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) արտակարգ և լիազոր դեսպան  Նարիման Ալ-Մուլլային, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, կլիմայական քաղաքականության շրջանակում որոշում կայացնողներ, ներառյալ Կառավարության, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրագրողներ։

Ելույթի իր խոսքում նախարար Հակոբ Սիմիդյանը կարևորել է կլիմայական առաջնահերթությունների  օրակարգում երկրի ստանձնած հանձնառությունները և դրանցից բխող միջոցառումների ու ծրագրերի պատշաճ իրականացումը․

«Մեր երկիրը կարևորում է Փարիզյան համաձայնագրի ներքո ստանձնած պարտավորությունների պատշաճ իրականացումը, քանզի այն հիմնված է կանաչ տնտեսության սկզբունքների վրա ու համատեղելի է երկրի սոցիալական և տնտեսական զարգացման նպատակների հետ։ կառավարությունը կարևորում է միջազգային գործընկերների հետ կլիմայական ազգային առաջնահերթությունների ու կարիքների շուրջ պարբերական խորհրդակցությունները։ Այս ձևաչափով անցկացվող շահագրգիռ քննարկումները նպաստում են համատեղ գործողությունների և ծրագրերի համակարգված և արդյունավետ իրականացմանը»,-նշել է նախարարը։

«Կլիմայի փոփոխությունը գլոբալ մարտահրավեր է, որը հատում է սահմանները և գերազանցում է քաղաքականությանը։ Այն լոկ պատասխանատվություն չէ, որը կարող է կրել միայն մեկ ազգ կամ ազգերի խումբ: Հետևաբար, մեր ընդհանուր նպատակին հասնելու համար գլոբալ ընթացքի ուղղության շտկումը հրամայական է։ Ուստի «COP28 ԱՄԷ»-ն, որպես մեր հավաքական ճանապարհորդության հաջորդ քայլ, կոչ է անում աշխարհին «Միավորվել, գործել, ի կատար ածել»,-իր խոսքում նշել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) արտակարգ և լիազոր դեսպան  Նարիման Ալ-Մուլլային։

 

Հայաստանում ՄԱԶԾ գրասենյակի Մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին բարձր է գնահատել ՄԱԶԾ-ի և ՀՀ կառավարության երկար տարիների համագործակցությունը՝ միտված Հայաստանի առաջնահերթ ոլորտների զարգացմանը․ «Նախքան Կողմերի 28-րդ համաժողովը կազմակերպված այս միջոցառումը լավ հնարավորություն է վերանայելու երկրում կատարված աշխատանքը կլիմայական օրակարգի իրականացման ուղղությամբ և գործընկերների հետ քննարկել քաղաքականությունների բարելավման և ծրագրային մակարդակում արդյունավետության բարձրացման հնարավորությունները։ Քանի որ Կողմերի 28-րդ համաժողովին առաջին Գլոբալ հաշվառումը կտրամադրի Փարիզյան համաձայնագրի իրականացման առաջընթացի վերաբերյալ համապարփակ տեղեկատվությունը, շատ կարևոր է հասկանալ, թե որտեղ ենք մենք, և ինչ գործողություններ են անհրաժեշտ եղած բացերը լրացնելու ուղղությամբ»։

Աշխատաժողովն անցկացվել է 4 թեմատիկ ուղղությունների շուրջ, որոնք սահմանվել են ՄԱԿ-ի ԿՓՇԿ-ի կողմից COP28-ի համար․ դրանք են՝

1․ «Մեղմում»,

2․«Հարմարվողականություն»,

3․«Իրականացման և աջակցության միջոցներ»,

4․«Ինտեգրված և ամբողջական մոտեցում»:

Նման կառուցվածքը նպատակաուղղված է շահագրգիռ կողմերի իրազեկվածության բարձրացմանն այն մասին, թե ինչպես է Հայաստանը նպաստում գլոբալ ջանքերին գլոբալ տաքացումը զսպելու ուղղությամբ, հարմարվում կլիմայի փոփոխության ազդեցությանը, կիրառում գործիքներ և ներգրավում աջակցություն անհրաժեշտ իրավական, տնտեսական, տեխնիկական և ինստիտուցիոնալ նախադրյալների ստեղծման համար  և իրականացնում քաղաքականություն ու գործողություններ, որոնք արդյունավետորեն նպաստում են պետական և ոչ պետական դերակատարների կարողությունների զարգացմանը։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով