Blog
In
other , shrjaka-mijavayr
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի hիշողության պուրակի տարածքը կընդլայնվի
Posted on 23 Սեպտեմբերի, 2022

Կառավարության սեպտեմբերի 22-ի որոշմամբ նախատեսվում է ընդլայնել «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի Հիշողության պուրակի տարածքը: Այդ նպատակով ՀՀ ԿԳՄՍ նախարարության 2022 թվականի պետական բյուջեով նախատեսված միջոցներից տնտեսված գումարների վերաբաշխմամբ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամին հատկացվել է 14 մլն 124 հազար դրամ: Ըստ ԿԳՄՍ նախարարության կողմից մշակված նախագծի հիմնավորման՝ Հիշողության պուրակում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին տնկվող եղևնիների համար նախատեսված տեղերը գրեթե սպառվել են, տարածքն ընդլայնելու անհրաժեշտություն է առաջացել: Նշենք՝ Հիշողության կամ եղևնիների պուրակը հիմնադրվել է 1997 թվականին՝ դառնալով Հայոց ցեղասպանության հուշահամալիրի անբաժան մաս: Այնտեղ ներկայում աճում է ավելի քան 200 ծառ: 1991 թվականին՝ ՀՀ անկախության հռչակումից ի վեր, տարբեր երկրներից ժամանած պաշտոնական պատվիրակությունների այցը Հայոց ցեղասպանության հուշահամալիր դարձել է ավանդույթ, իսկ 2002 թվականի մարտի 16-ից «ՀՀ պետական արարողակարգի ծառայության մասին» օրենքով սահմանվել է այդ այցելությունների կարգը: Այս ընթացքում Հիշողության պուրակում եղևնի են տնկել Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելած աշխարհի բազմաթիվ երկրների նախագահներ, հոգևոր առաջնորդներ, խորհրդարանների նախագահներ, խոսնակներ, պատգամավորներ, կառավարության, միջազգային կազմակերպությունների անդամներ, աշխարհահռչակ գիտնականներ, համաշխարհային հեղինակություն ունեցող մշակութային գործիչներ և բարերարներ: Հիշողության պուրակում առաջին ծառը 1997 թ. տնկել է ԱՄՆ սենատոր Ռոբերտ Դոլը՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանությունը վերապրած, ամերիկահայ վիրաբույժ Համբար Քելեկյանի:
In
other , shrjaka-mijavayr
Որքան վնաս է հասցվել ՀՀ շրջակա միջավայրին
Posted on 22 Սեպտեմբերի, 2022

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից օգոստոսի 29-ից սեպտեմբերի 9-ը ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների արդյունքում պարզվել է, թե որքան վնաս է հասցվել ՀՀ շրջակա միջավայրին, այդ թվում բնությանն ու կենդանական աշխարհին։ Ըստ տեղեկատվության, իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 27 դեպք, որից 13 դեպքով հաշվարկվել է 12.080.350 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 3 դեպքով նշանակվել է 350.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 1 դեպքով հաշվարկվել է 3.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 19 դեպքով նշանակվել է 1.460.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Արձանագրվել է 14 դեպք, որից 13-ով հաշվարկվել է 12.080.350 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 2-ով նշանակվել 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 2 դեպքով նշանակվել է 300.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ Արձանագրվել է 1 դեպք: Նախկինում արձանագրված 1 դեպքով հաշվարկվել է 3.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Ընդերքի պահպանության ոլորտ Արձանագրվել է 2 դեպք: Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում Արձանագրվել է 6 դեպք։ Նախկինում արձանագրված 9 դեպքով նշանակվել է 450.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ Արձանագրվել է 3 դեպք, որից 1-ով նշանակվել է 150.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 4 դեպքով նշանակվել է 450.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Պետական փորձաքննություններ Արձանագրվել է 1 դեպք: Պետության կողմից հատուկ պահպանվող բնական օբյեկտների պահպանության կանոններ և ռեժիմ խախտել Նախկինում արձանագրված 2 դեպքով նշանակվել է 160.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ ՀՀ ԱՆՀԿԱԾ է ուղարկվել 10 գործ (ընդհանուր՝ 932.500 ՀՀ դրամ)։ Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 1.859.374 ՀՀ դրամ: Ստուգումների վերաբերյալ Հաշվետու ժամանակահատվածում ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին 10 հանձնարարագիր, որից` 5-ը՝ ընդերքօգտագործում, 2-ը՝ շինարարություն, 2-ը՝ արտադրություն, 1-ը՝ հյուրանոցների և համանման բնակատեղիների տրամադրման ծառայություններ, Նախկինում իրականացված 14 ստուգման արդյունքներով կազմվել է վարչական տուգանքի 28 որոշում՝ 3.340.000 ՀՀ դրամի չափով, նաև հաշվարկվել է բնությանը պատճառված վնաս՝ 90.323.484 ՀՀ դրամի չափով։ Տրվել է խախտումները վերացնելու մասին 7 հանձնարարական։
In
other , shrjaka-mijavayr
Ջերմուկում զննվել է հրետակոծության հետևանքով հրդեհված 7 հեկտար անտառային տարածք
Posted on 20 Սեպտեմբերի, 2022

Ջերմուկում զննվել է հրետակոծության հետևանքով հրդեհված 7 հեկտար անտառային տարածք։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից հարուցված վարչական վարույթի շրջանակում սեպտեմբերի 19-20-ն աշխատակիցները եղել են Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում։Այդ մասին Eco.am սոցիալական հարթակը տեղեկացավ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից։
Ըստ տեղեկատվության, տեսչական մարմնի աշխատակիցներն Արտակարգ իրավիճակների նախարարության, Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի, ՏԻՄ ներկայացուցիչների ներգրավածությամբ զննություն են իրականացրել ՀՀ տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծած լայնածավալ ագրեսիայի ընթացքում սեպտեմբերի 13-15-ը Ջերմուկի վարչական տարածքում հրետակոծության հետևանքով հրդեհված անտառային տարածքներում։
Զննվել է շուրջ 7 հեկտար անտառային տարածք։
Հաշվարկվում է բնությանը հասցված վնասի չափը։
Նյութերը փոխանցվելու են իրավապահ մարմիններին։
In
other , shrjaka-mijavayr
Կանաչ կլիմայի համաշխարհային համաժողովին ՇՄ փոխնախարարն անդրադարձել է Ադրբեջանի սանձազերծած գործողությունների աղետալի հետևանքներին
Posted on 19 Սեպտեմբերի, 2022

«Ադրբեջանի գործողությունները բացահայտ խախտում են Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությունը և մասնավորապես նրա 2-րդ և 33-րդ հոդվածները, որոնք սահմանում են, որ բոլոր անդամներն իրենց միջազգային հարաբերություններում պետք է ձեռնպահ մնան որևէ երկրի տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության դեմ ուժի սպառնալիքից կամ դրա կիրառումից»,- ՀՀ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը Կորեայի Հանրապետությունում կայացած Կանաչ կլիմայի հիմնադրամի համաշխարհային ծրագրավորման համաժողովին անդրադարձել է սեպտեմբերի 13-ի կեսգիշերին Ադրբեջանի կողմից հրետանու և մարտական անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ Հայաստանի արևելյան և հարավարևելյան շրջանների ուղղությամբ իրականացված լայնածավալ հարձակմանը։ «Ադրբեջանի միակողմանի գործողությունները իրական սպառնալիք են միջազգային խաղաղության և անվտանգության համար և արժանի են միջազգային հանրության ուժեղ և ժամանակին արձագանքին»,- իր ելույթում ասել է նախարարի տեղակալը և նշել այն աղետալի հետևանքները, որոնց հանգեցրել են Ադրբեջանի սանձազերծած ագրեսիվ գործողությունները։ Համաժողովին մասնակցել են փոխվարչապետներ, նախարարներ, փոխնախարարներ և բարձրաստիճան պաշտոնյաներ 60 երկրից՝ շուրջ 500 մասնակից։ Համաժողովի նպատակն էր քննարկել և լուծումներ փնտրել, թե ինչպես բարձրացնել կլիմայական ներդրումների արդյունավետությունը համաշխարհային տնտեսական աճող ճնշումների և անորոշության պայմաններում:
In
other , shrjaka-mijavayr
Գեղարքունիքի, Սյունիքի ու Վայոց ձորի մարզերի Ադրբեջանի թիրախավորած տարածքներում կան բնության հատուկ պահպանվող տարածքներ
Posted on 19 Սեպտեմբերի, 2022

Շրջակա միջավայի նախարարությունը փաստահավաք աշխատանքներից հետո նախարար Հակոբ Սիմիդյանի անունից համապատասխան գրությամբ դիմել է դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին, միջազգային կազմակերպություններին ու գործընկերներին՝ ևս մեկ անգամ նրանց ուշադրությունը հրավիրելու ՀՀ տարածքի նկատմամբ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի արդյունքում բնապահպանական աղետների առաջացման իրական վտանգի վրա։ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի հետևանով առաջացած հրդեհները մեծ վնաս են հասցրել Վայոց ձորի մարզի «Ջերմուկ» անտառային տնտեսությանը։ Տվյալ տարածքում անտառային հրդեհները զգալի վնաս են հասցրել 10 հա անտառածածկ տարածքի կենսաբազմազանությանը, ներառյալ էնդեմիկ բուսական և կենդանական աշխարհը` հանգեցնելով հողերի դեգրադացմանը: Այս տարածքներում աճող բույսերը (գիհի կազակական, տանձի մի քանի տեսակներ և այլն) և ապրող կենդանիներ (հայկական մուֆլոն, բեզոարյան այծ, գորշ արջ և այլն) գրանցված են Կարմիր գրքում: Ջերմուկը ունի հարուստ էկոհամակարգ (կաղնիներ, գիհիներ, սոճիներ), որոնք նույնպես վտանգված են, քանի որ անտառային հրդեհները վնասում են բույսերի և կենդանիների առանձնահատուկ տեսակները: Թիրախավորած տարածքները կարևոր են կենսաբազմազանության պահպանության առումով: Այդ տարածքները հարուստ են էնդեմիկ և վերացման վտանգի տակ գտնվող տեսակներով, որոնց նշանակությունը կարևոր է ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ աշխարհի համար: Գեղարքունիքի, Սյունիքի ու Վայոց ձորի մարզերի Ադրբեջանի թիրախավորած տարածքներում կան բնության հատուկ պահպանվող տարածքներ: Դրանք ինչպես ՀՀ կարմիր գրքում, այնպես էլ Բնապահպանական միջազգային միության (IUCN) վտանգված տեսակների Կարմիր ցուցակում ներառված բույսերի ու կենդանիների (հայկական մուֆլոն, բեզուարյան այծ, գորշ արջ, հարավկովկասյան ընձառյուծ և այլն) ապրելավայրն են, կարևոր միջանցք են այդ տեսակների միգրացիայի համար։ Նման գործողությունները միանշանակ վտանգ են ներկայացնում շրջակա միջավայրի համար՝ էապես ազդելով միջազգային բնապահպանական պայմանագրերով և կոնվենցիաներով ստանձնած պարտավորությունների կատարման արդյունավետության վրա: Բարձր գնահատելով միջազգային գործընկերների աջակցությունը, Շրջակա միջավայրի նախարարությունն անկնկալում է գործուն միջամտություն՝ կանխելու էկոհամակարգային ռեսուրսների վրա ճնշումների սրումը և երկարաձգումը։
In
other , shrjaka-mijavayr
Երևանի որոշ վարչական շրջաններում և մարզերում մթնոլորտային օդում գերազանցել է փոշու պարունակությունը
Posted on 16 Սեպտեմբերի, 2022

Սեպտեմբերի 8-14-ը, Երևանի Կենտրոն վարչական շրջանում և Շենգավիթում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Ինչպես Eco.am սոցիալական հարթակը տեղեկացավ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից, ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան՝ 1․ Կենտրոն վարչական շրջանում ամբողջ շաբաթվա ընթացքում, 2․Նոր Նորքում՝ սեպտեմբերի 8-13-ը, 3․ Շենգավիթում՝ սեպտեմբերի 9-12-ը։ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել համապատասխան սահմանային թույլատրելի կոնցենտրացիան: Իսկ սեպտեմբերի 5-11-ը, Հայաստանի որոշ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ 1․Արարատում՝ սեպտեմբերի 5-7-ը, 2․Վանաձորում՝ սեպտեմբերի 5-7-ը, 10-11-ը։
In
other , shrjaka-mijavayr
Բուսաբանության ինստիտուտի գիտաշխատողները հայտնաբերել են բրածո բույսերի մոտ 300 տաքսոններ
Posted on 16 Սեպտեմբերի, 2022

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի Հնէաբուսաբանության բաժնի գիտաշխատողները գիտության համար նկարագրել են մի շարք նոր բրածո բուսատեսակներ.
1.Թխկի հայաստանյան – Acer hajastana Papikyan,
2. Բարդի Թախտաջյանի – Populus takhtajanii I.Gabrielyan,
3.Նիսիդիում – Nyssidium jiayinense sp. nov,
4. Թխկի Ժիլինի – Acer zhilinii I. Gabrielyan et R. Hovsepyan,
5. Բարդի Գոխտունու- Populus goghtuniae I.Gabrielyan:
Հնէաբուսաբանական ուսումնասիրությունների շրջանակում Բուսաբանության ինստիտուտի գիտաշխատողները Որոտան գետի ավազանի վաղ պլեյստոցենի և Արարատի ու Վայոց ձորի սահմանագծի վրա գտնվող Հորթունի պլիոցենյան ֆլորաներ պարունակող նստվածքաշերտերից հայտնաբերել են բրածո բույսերի մոտ 300 տաքսոններ:
Հնէաբուսաբանության բաժնի վարիչ, կենսաբանական գիտությունների դոկտոր Իվան Գաբրիելյանը և գիտաշխատող, կենսաբանական գիտությունների թեկնածու Աստղիկ Պապիկյանն աշխարհի պալեոֆլորայի համար առաջին անգամ նկարագրել են մոտ 120 տեսակ, Հայաստանի և Արցախի պալեոֆլորայի համար առաջին անգամ` մոտ 15 նոր ցեղ (Aulacomnium Schwagr., Brassaiopsis Decne. & Planch. և այլն) և մոտ 200 նոր տեսակ: Բացահայտվել է, որ մոտ 50 տաքսոնների ժամանակակից համարժեք տեսակներն այսօր չեն աճում Հայաստանի Հանրապետության տարածքում:
«Բոլոր ընտանիքները, բացառությամբ Eucommiaceae, ներկայացվել են Հայաստանի ներկայիս ֆլորայում, իսկ 15 ցեղ չի հանդիպել Հայաստանի ներկայիս ֆլորայում: Դրանք են՝ Tsuga, Alnus, Brassaiopsis, Eleutherococcus, Eucommia, Ostrya, Parrotia, Pterocarya և այլն»,- ասաց հետազոտության ղեկավար, կենսաբանական գիտությունների դոկտոր Իվան Գաբրիելյանը: Նա նշեց, որ հայտնաբերել են նաև ՀՀ բրածո ֆլորայի համար հարյուրից ավելի նոր տաքսոններ՝ հիմնված բրածո ծաղկափոշու և բույսերի այլ միկրոմնացորդների վրա:
«Վաղ պլեյստոցենյան և ժամանակակից կլիմայական պայմանների համեմատությամբ բացահայտվել է, որ Որոտանի ավազանի միջին հոսանքների ներկա կլիմայական պարամետրերը համապատասխանում են Սիսիանի դիատոմիտային ստվարաշերտերի բրածո բուսականությամբ բացահայտված վաղ պլեյստոցենի պալեոկլիմայի միջին տարեկան ամենացուրտ և համեմատաբար խոնավ պարամետրերին: Իրականացված աշխատանքները բացահայտում են նախկին կլիմայական տատանումների պարամետրերը և օգնում են կանխատեսել ապագա կլիմայական փոփոխությունները»,- ասաց Իվան Գաբրիելյանը:
Հետազոտություններն իրականացվել են ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտին հատկացված բազային ֆինանսավորման շրջանակներում: Ուսումնասիրությունների արդյունքները տպագրվել են և շարունակում են տպագրվել միջազգային Springer շարքին պատկանող ամսագրերում. • Ollivier V., Nahapetyan S., Roiron P., Gabrielyan I., Gasparyan B., Chataigner C., Joannin S., Cornee J.-J., Guillou H., Scaillet S., Munch P. And Krijgsman. Quaternary volcano-lacustrine patterns and palaeobotanical data in southern Armenia. Quaternary International, 223-224, 2010: 312-326 • Gabrielyan I., Kovar-Eder J., The genus Acer from the lower/middle Pleistocene Sisian Formation, Syunik region, South Armenia. Review of Palaeobotany and Palynology, 165, 2011, p. 111-134 • Cornille A., Gladieux P., Smulders M.J.M., Roldan-Ruiz I., Laurens F., Le Cam B., Nersesyan A., Clavel J., Olonova M., Feugeu L., Gabrielyan I., Zhang X-G., Tenaillon M.I., Giraud T. 2012. New insight into the History of Domesticated Apple: Secondary Contributon of the European Wild Apple to the Genome of Cultivated Varietes // PLoS Genetics, 8(5). 1-13 p • Kirscher U., Bruch A.A., Gabrielyan I., Scharrer S., Kuiper K., Bachtadse V. 2014. High resolution magnetostratigraphy and radio-isotope dating of early Pleistocene lake sediments from southern Armenia. Quaternary International, Vol. 328-329: 31-44. • Smýkal P., Chaloupská M., Bariotakis M., Marečková L., Sinjushin A., Gabrielyan I., Akopian J., Toker C., Kenicer G., Kitner M., Pirintsos S. 2017. Spatial patterns and intraspecific diversity of the glacial relict legume species Vavilovia formosa (Stev.) Fed. in Eurasia // Plant Syst. Evol. 303: 267-282. (DOI 10.1007/s00606-016-1368-5). • Papikyan, A. S., Gabrielyan, I. G. 2018. Review of the Division Bryophyta from the Early Pliocene Hortun-1 flora (Armenia) // Source: Electronic Journal of Natural Sciences; 2018, Vol. 30, Issue 2: 54-56. • Ali T., Muñoz-Fuentes V., Buch A-K., Çelik A., Dutbayev A., Gabrielyan I., Glynou K., Kachour L., Khaliq I., Kitner M., Nigrelli L., Ploch S., Runge F., Solovyeva I., Schmuker A., Vakhrusheva L., Xia X., Maciá-Vicente J.G., Nowak C., Thines M. 2019. Out of Transcaucasia: Origin of Western and Central Palearctic populations of Microthlaspi perfoliatum // Flora (ELSEVIER), 253: 127-141. Article. • Martinetto E., Adele B., Bhandart S., Bruch A., Cerilli E., Cherin M., Field J.H., Gabrielyan I., Gianotti F., Kern A.K., Kienast F., Lindsey E.L., Momohara A., Ravazzi C., and Thomas E.R. 2020. The last Three Millions of Unequal Spring Thaws / In book: Nature through Time / Springer Textbook in Earth Sciences, Geography and Environment: 1-53.
Ներկայում Իվան Գաբրիելյանի ղեկավարությամբ Բուսաբանության ինստիտուտի գիտական խումբը Ֆրանսիայի Լիլլի համալսարանի հետ համատեղ իրականացնում է ՀՀ տարածքի պալեոզոյան ֆլորայի ուսումնասիրություն: Հետազոտություններին մասնակցում են ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի Հնէաբուսաբանության բաժնի երիտասարդ գիտնականներ Աստղիկ Պապիկյանը, Նարինե Հայրապետյանը, Էլեն Հակոբյանը, Սիրուշ Խաչատրյանը, ովքեր մասնագիտական հմտություններ են ստացել Գերմանիայում, Ֆրանսիայում և Իտալիայում, ինչպես նաև կամավորներ Հայաստանից և արտերկրից:
Բրածո նմուշները ցուցադրվում են Բուսաբանության ինստիտուտի թանգարանում և օժանդակում են էկոկրթությանը:
In
other , shrjaka-mijavayr
Սեպտեմբերի 16-ը օզոնային շերտի պահպանության միջազգային օրն է
Posted on 16 Սեպտեմբերի, 2022

Սեպտեմբերի 16-ը օզոնային շերտի պահպանության միջազգային օրն է, այն այս տարի նշվում է «Գլոբալ համագործակցություն՝ հանուն Երկրի վրա կյանքի պաշտպանության» կարգախոսով։ Ներկայում օզոնային շերտի քայքայումը համամոլորակային խնդիր է։ Մթնոլորտում օզոնի ընդանուր քանակությունը մեծ չէ՝ մոտ 3․3 մլրդ տ, սակայն այն մարդու և մյուս կենդանի օրգանիզմների համար կենսականորեն անհրաժեշտ է, քանի որ պաշտպանում է Արեգակի ուլտրամանուշակագույն վնասակար ճառագայթներից, այն գտնվում է վերնոլորտում։ Նկատի ունենալով նրա կարևորությունը՝ աշխարհի պետությունները 1987թ. ստորագրեցին Մոնրեալի արձանագրությունը, որպես համամոլորակային խնդրի համամոլորակային անդրադարձի միջոց։ Այդ օրվանից Օզոնային շերտի պահպանության միջազգային օրը նշվում է սեպտեմբերի 16-ին, որը նաև Մոնրեալի արձանագրության ստորագրման օրն է։ 1995թ․ ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ քլորֆտորածխածինների (ՔՖԱ) մոլեկուլները, որոնք մթնոլորտ են ընկնում մարդու տնտեսական գործունեության հետևանքով, ընդունակ են քայքայել մեր մոլորակի օզոնային շերտը։ Հաստատված է, որ քլորի մեկ մոլեկուլը կարող է քայքայել օզոնի մի քանի միլիոն մոլեկուլ: Քլորֆտորածխաջրածիններն առավել հայտնի են ֆրեոններ անվամբ և լայնորեն կիրառվում են սառնարանների, կոսմետիկայի արտադրության մեջ, ինչպես նաև արդյունաբերության այլ ճյուղերում։ Մեծ քանակությամբ ազոտի օքսիդներ առաջանում են ինչպես մեքենաների, այնպես էլ հրթիռային շարժիչների աշխատանքի ժամանակ։ Միաժամանակ օզոնային շերտը արդյունավետ կլանում է բոլոր կենդանի օրգանիզմների համար մահացու իոնացնող, ռենտգենյան և ուլտրամանուշակագույն ճառագայթների կարճալիք մասը՝ թույլ չտալով, որ դրանք հասնեն Երկրի մակերևույթ, հետևաբար օզոնային շերտի հաստության նվազումը կվտանգի բոլոր կենդանի օրգանիզմների, այդ թվում նաև` մարդու կյանքը։ Մեծանում է մաշկի քաղցկեղով և կատարակտով հիվանդ մարդկանց թիվը, ինչպես նաև նվազում է գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվությունը: Մթնոլորտի այն հատվածները, որտեղ նկատվում էին օզոնի քանակի կտրուկ նվազումներ, անվանվեցին օզոնային անցքեր։ Ինչպես տեղեկացնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից, Հայաստանում օզոնոմետրական դիտարկումներն իրականացվում են Ամբերդ դժվարամատչելի օդերևութաբանական կայանում Դոբսոնի սպեկտրոֆոտոմետրով` օրվա ցերեկային ժամերին պարզ երկնքի դեպքում` 3-5 անգամ : Ամբերդ օդերևութաբանական կայանից ստացված դիտանյութերի արդյունքները սահմանված կարգով մշակվում և ուղարկվում են ՀՕԿ-ի Օզոնային և ուլտրամանուշակագույն ճառագայթման տվյալների համաշխարհային կենտրոն (WOUDC): «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի ամենօրյա տեղեկագրի և Օզոնի ազգային կենտրոնի պաշտոնական կայքի համար կատարվում է Հայաստանի մարզերի ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսների տվյալ և հաջորդ օրերի համար կանխատեսումների հաշվարկ։ Կանխատեսման համար օգտագործվում են Կանադայի շրջակա միջավայրի արբանյակային օզոնի ընդհանուր պարունակության Երկրագնդի հյուսիսային կիսագնդի հաշվարկային քարտեզագրված տվյալները, պարզ երկնքի դեպքում, որոնք ենթարկվում են բաժնում հետագա մշակման՝ հաշվի առնելով ընդհանուր ամպամածության կանխատեսումները և պայմանական հաստատուն բնութագրիչները՝ տեղանքի բարձրություն, հորիզոնի փակվածություն՝ ըստ մարզերի։ Օզոնային շերտի վիճակով պայմանավորված ուլտրամանուշակագույն ճառագայթման (ՈՒՄՃ-ն) մակարդակները դասակարգվում են հետևյալ կերպ․ 1․ բարենպաստ մակարդակ՝ ՈՒՄՃ ինդեքսի մինչև 6 արժեքով, 2․ անբարենպաստ մակարդակ՝ ՈՒՄՃ ինդեքսի 6 և 7 արժեքներով, 3․ վտանգավոր մակարդակ՝ ՈՒՄՃ ինդեքսի 8-10 արժեքներով, 4․ արտակարգ բարձր մակարդակ՝ ՈՒՄՃ ինդեքսի 11 և ավելի բարձր արժեքներով։ Ինդեքսների 6 և ավելի բարձր արժեքները կանխատեսելու դեպքում անհրաժեշտ է տեղեկացնել ‹‹Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն›› ՊՈԱԿ-ի օպերտիվ արտադրական ստորաբաժանում, որից հետո տրվում է ուշադրություն հրահանգը՝ խուսափել արևի ուղիղ ճառագայթներից 11։00-ից 17։00-ն ընկած ժամանակահատվածում։
In
other , shrjaka-mijavayr
Ադրբեջանի ռազմական ագրեսիան ծայրահեղ վտանգում է Սևանա լճի, Ջերմուկի, Նորավանքի, Գորայքի, Մեղրիի և Զանգեզուրի ԿՏԹ-ները․FPWC
Posted on 15 Սեպտեմբերի, 2022

«Ադրբեջանի ռազմական ագրեսիան ուղղակի ազդեցությամբ ծայրահեղ վտանգում է Սևանա լճի, Ջերմուկի, Նորավանքի, Գորայքի, Մեղրիի և Զանգեզուրի ԿՏԹ-ները։ Սևանա լճի ԿԹՏ-ում է տեղակայված Հայկական որորի՝ աշխարհում մեծությամբ երկրորդ գաղութը․ Հայաստանում է գտնվում հայկական որորի եվրոպական պոպուլյացիայի շուրջ 40%-ը»,- վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը () կոչ է անում համաշխարհային բնապահպանական համայնքի իր բոլոր գործընկերներին դատապարտել ադրբեջանական ագրեսիան հայկական հողի վրա: Հիմնադրամն իր միջազգային գործընկերների շրջանակում տարածել է կարևոր ուղերձներ պարունակող հայտարարություն, որում մասնավորապես ասված է․ «Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը լայնածավալ հարձակում է ձեռնարկել Հայաստանի դեմ՝ Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանի արևելյան հատվածում՝ Վարդենիս, Սոթք, Արտանիշ, Ջերմուկ, Գորիս և Կապան բնակավայրերում թիրախավորելով ոչ միայն ռազմական ենթակառացվուծքները, այլև խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանը խախտել է Հայաստանի՝ ՄԱԿ-ի կողմից ճանաչված երկրի ինքնիշխանությունն ու ամբողջականությունը՝ գնդակոծելով խաղաղ բնակիչներին և խախտելով Ժնևի կոնվենցիան։ Հայաստանը Կովկասի կենսաբազմազանության թեժ կետերից է. կենդանական աշխարհի ավելի քան 500 տեսակ և բուսական աշխարհի 144 տեսակ համարվում են էնդեմիկ: Հայաստանի միջազգայնորեն կարևոր հարուստ կենսաբազմազանությունը ներառում է 377 թռչունների տեսակներ, համաշխարհայնորեն վտանգված 14 թռչուն, 18 Կարևորագույն թռչնաբանական տարածքներ (IBA), «Էմերալդ» համաշխարհային էկոլոգիական ցանցում ներառված 9 բնապահպանական հատուկ հետաքրքրություն ներկայացնող տարածքներ, Թիթեռների ապրելավայրի կարևորագույն 12 տարածք (PMA) և 32 Կարևոր բուսաբանական տարածք (IPA), որոնք ընդհանուր առմամբ ընդգրկում են Հայաստանի շուրջ 15%-ը: Հայաստանի արևելք-հարավ սահմանագծի երկայնքով Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունները, դրանց արդյունքում բռնկված անտառային հրդեհները սպառնում են համաշխարհային և ազգային կարմիրգրքային տեսակների, ինչպիսիք են՝ 1․ Կովկասյան հովազը (Panthera pardus tulliana), 2․ հայկական մուֆլոնը (Ovis gmelini gmelini), 3․բեզոարյան այծը (Capra aegagrus aegagrus), 4․գորշ արջը (Ursus arctos syriacus), 5․ կովկասյան լուսանն (Lynx lynx dinniki), 6․ եվրասիական ջրասամույրը (Lutra lutra): Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը կոչ է անում համաշխարհային բնապահպանական համայնքի իր բոլոր գործընկերներին դատապարտել ադրբեջանական ագրեսիան հայկական հողի վրա»։
In
other , eco-aprelakerp
Սևանում Tri4All եռամարտի մրցույթին զուգահեռ իրականացվել է լճի պահպանությանն ուղղված իրազեկության բարձրացման արշավ
Posted on 12 Սեպտեմբերի, 2022

«Tri4All» եռամարտի մրցույթի նպատակն է խթանել առողջ ապրելակերպը և նպաստել հանրապետությունում մարզական կյանքի ակտիվացմանը: Միջոցառումը նպաստում է նաև Սևանա Լճի շուրջ սպորտային զբոսաշրջության զարգացմանը՝ ծառայելով հիանալի օրինակ:
TriClub Yerevan-ի կողմից հատուկ ուշադրություն է դարձվում Սևանի էկոհամակարգի պահպանմանը՝ այն առաջնահերթ է թե՛ Tri4All մրցույթի, թե՛ բոլոր այլ ձևաչափերի պարագայում։ Մրցույթի մասնակցությունը անվճար է: Միջոցառման ժամանակ պահպանվում են անվտանգության բոլոր կանոնները:
EU4Sevan ծրագիրը համատեղ ֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի կառավարության կողմից և իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ)-ի կողմից՝ որպես «ECOServe» ծրագրի մաս, և ՄԱԶԾ կողմից:


