Blog

All
Այլ
Էկո տուրիզմ
Էկո ապրելակերպ
Էկո սնունդ
Էկո կոսմետիկա
Էկո դիզայն
Էկո փաթեթավորում
Էկո էներգիա
Շրջակա Միջավայր
Էկո բժշկություն
Էկո մշակույթ
Էկո տեխնոլոգիներ
Էկոկրթություն
Էկոանկյուն

Արևային համակարգերի ոլորտում օրենսդրական փոփոխություններն անհրաժեշտ են. «Էկոանկյուն»

Արևային համակարգերի ոլորտում օրենսդրական փոփոխություններն անհրաժեշտ են. «Էկոանկյուն»
«Արևային համակարգերի ոլորտում օրենսդրական փոփոխություններն անհրաժեշտ և կարևոր են: 2017-ին մի շարք նորություններ գրանցվեցին, որոնք հեշտացրեցին ոլորտի առաջխաղացումը»,- Լրատվական Ռադիո FM106.5 -ի եթերում հեռարձակվող «Էկոանկյուն» ռադիոհաղորդաշարի հերթական թողարկման ժամանակ ասաց «ԷկոՎիլ» ընկերության տնօրեն Վարդան Հովսեփյանը։ Ըստ զրուցակցի, կարելի էր կուտակել էներգիան ցանցում և հետվերարադարձով ծախսել այն․ «Սա իսկապես հետաքրքրեց շատերին ու դա ապահովեց զգալի դինամիկա: Հաջորդ փոփոխությունը արդեն 2020 թվականին էր, որի շնորհիվ նախորդ օրինագիծն ավելի մեծ հնարավորություններ տվեց: Երկար սպասված ծախսերի կրճատումը վերջապես իրականություն դարձավ»: Ռադիոհաղորդման ընթացքում «ԷկոՎիլ» ընկերության տնօրեն Վարդան Հովսեփյանը և Կարեն Գրիգորյանը կրկին անդրադարձան վերականգնվող էներգիայի ոլորտին առնչվող կարևոր հարցերին։ Առաջիկա երեք ամսիների ընթացքում, FM106.5 հաճախականությամբ ամեն հինգշաբթի կարող եք հետևել «Էկոանկյուն» ռադիոհաղորդաշարի թողարկումներին և ստանալ Ձեզ հետաքրքրող բազմաթիվ հարցերի պատասխանները։ Մանրամասները՝ տեսանյութում

Առաջին անգամ ուսումնասիրվել է ցիանոբակտերիալ ակինետների դերը Սևանա լճի էկոհամակարգում

Առաջին անգամ ուսումնասիրվել է ցիանոբակտերիալ ակինետների դերը Սևանա լճի էկոհամակարգում
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի գիտաշխատողներն առաջին անգամ ուսումնասիրել են ցիանոբակտերիալ ակինետների դերը Սևանա լճի էկոհամակարգում: Eco.am սոցիալական հարթակն այդ մասին տեղեկացավ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնից։ Ֆիտոպլանկտոնի կարևոր բաղադիրչներից են կապտականաչ ջրիմուռները՝ ցիանոբակտերիաները: Աշնանը ցիանոբակտերիաների զգալի քանակություն քայքայվում է հատակային նստվածքներում կուտակման ընթացքում: Որոշ թելային թալոմ ունեցող ձևերի բնորոշ է ակինետների՝ սպորների ձևավորումը: Դրանք սովորաբար տարբերվում են վեգետատիվ մյուս բջիջներից, ունեն առավել հաստ թաղանթ, պարունակում են պաշարանյութեր, ուստի համարվում են առավել տոլերանտ, ինչի արդյունքում պահպանվում են հիդրոէկոհամակարգի հատակում և առաջին իսկ բարենպաստ պայմանների դեպքում կարող են զարգանալ և անսեռ բազմացման ճանապարհով սկիզբ տալ ջրիմուռի նոր թալոմի ձևավորման: «Առաջին անգամ ուսումնասիրվել է ցիանոբակտերիալ ակինետների դերը Սևանա լճի էկոհամակարգում: Պարզվել է, որ հատակային նստվածքներում ձմեռող այս ցիանոբակտերիաները համապատասխան պայմաններում կարող են ջրային միջավայրում նորից համալրել ցիանոբակտերիալ կազմը: Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ Մեծ Սևանի հատակային նստվածքներում ակինետները նկատելիորեն շատ են Փոքր Սևանի համեմատ: Լաբորատոր փորձերի արդյունքում պարզվել է, որ ակինետների զարգացումն արգելակվում է լույսի բացակայության և ճնշվում կենսածին նյութերի ցածր կոնցենտրացիաների պայմաններում: Լուսավորության դեպքում լճի 1գ հատակային նստվածքում առկա ակինետներից կարող է զարգանալ մինչև 21000 ցիանոբակտերիալ (Dolichospermum և Aphanizomenon) բջիջ»,- ասաց ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի կիրառական հիդրոէկոլոգիայի լաբորատորիայի վարիչ, կենսաբանական գիտությունների թեկնածու Գոռ Գևորգյանը։ Նա նշեց, որ Սևանա լճում ակինետային հետազոտությունները լրացնում են լճի գրեթե մեկդարյա պատմություն ունեցող հիդրոկենսաբանական տվյալներում այս մասով առկա հիմնարար բացերը: Գիտական խումբն իրականացրել է նաև լճում Ֆիտոպլանկտոնի որակական անալիզ՝ հիմնված Փոքր և Մեծ Սևանների 80 մ, 43 մ և 30 մ խորջրյա հատվածներում անցկացված հետազոտությունների վրա: «Լճի ուսումնասիրված հատվածներում ֆիտոպլանկտոնային համակեցությունն օժտված է եղել տեսակային մեծ բազմազանությամբ: Այդ ցուցանիշով առավել աչքի են ընկել դիատոմային (Bacillariophyta) և կանաչ (Chlorophyta) ջրիմուռները, որոնց հաջորդել են կապտականաչները կամ ցիանոբակտերիաները (Cyanophyta): Դիտվել է աղտոտված և ճահճացող ջրերին բնորոշ էվգլենային ջրիմուռների (Euglenophyta) տեսակային բազմազանության աճ»,- նշեց Գոռ Գևորգյանը: Ֆիտոպլանկտոնը կազմված է տարբեր խմբերի պատկանող միկրոջրիմուռներից, որոնք, շնորհիվ քրոմատոֆորներում առկա պիգմենտների՝ մասնավորապես քլորոֆիլի մոլեկուլների, իրականացնում են ֆոտոսինթեզ՝ անօրգանական նյութերից (ածխաթթու գազ և ջուր) օրգանական նյութի սինթեզ՝ օգտագործելով արեգակնային լույսի էներգիան: Այս ունակության շնորհիվ, ստեղծելով օրգանական նյութ, ֆիտոպլանկտոնը սնունդ է տրամադրում սննդային շղթայի մյուս օղակներին: Ֆիտոպլանկտոնի կենսագործունեությունն ապահովվում է կենսածին նյութերի առկայությամբ: Կենսածին նյութերով հիդրոէկոհամակարգի գերհարստացումը նպաստում է ֆիտոպլանկտոնային համակեցության որակական և քանակական կառուցվածքի փոփոխության: Ֆիտոպլանկտոնային կազմը կարող է ցուցանշել հիդրոէկոհամակարգերում տեղի ունեցող այնպիսի գործընթացներ, ինչպիսին են էվտրոֆացումը և տրոֆիկ մակարդակի փոփոխությունը: Հետազոտություններն իրականացվել են «Սևանա լճում ծաղկող ցիանոբակտերիաների աճող խնդիրը. մեխանիզմների, շարժիչ ուժերի և նոր գործիքների հայտնաբերում լճի մոնիթորինգի և կառավարման համար» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեն: Հետազոտություններն իրականացվել են Գերմանիայի Շրջակա միջավայրի հետազոտությունների Հելմհոլցի կենտրոնի հետ համագործակցությամբ: Հետազոտական խմբում ներգրավված է եղել հինգ հայ և մեկ գերմանացի մասնագետ, այդ թվում՝ երեք երիտասարդ գիտնական:

ԱԺ-ում քննարկել է «Բուսական աշխարհի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը

ԱԺ-ում քննարկել է «Բուսական աշխարհի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը
Այսօր ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը, երկրորդ ընթերցմամբ, քննարկել է «Բուսական աշխարհի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը` կից փաթեթով: Օրենքների նախագծերով առաջարկվում է գործող իրավական ակտերի մասով «Բուսական աշխարհի մասին», «Կենդանական աշխարհի մասին», «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքներում ամրագրել լիազորող նորմեր:  Ներկայումս ոլորտը կարգավորող Կառավարության մի շարք որոշումներ գործում են, սակայն չունեն լիազորող նորմեր, իսկ որոշներն էլ պատրաստվում են մշակվել, սակայն լիազորող նորմերը բացակայում են: ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը` քննարկման ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցը, պարզաբանել է, որ թերակատարված կետերից մեկ այսօր հանձնաժողովում առաջին ընթերցմամբ քննարկված ««Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունն էր: Ասել է նախարարն ու ներկայացրել կատարված և չկատարված աշխատանքները: 2022 թվականին ընդունվել է Ջրային օրենսգրքի եւ հարակից օրենքների փաթեթը, 2024 թվականի հունվարի 1-ից սահմանվել է ձկնաբուծարաններում ջրի փակ շրջանառու համակարգի պարտադիր պահանջ: Համակարգի արդյունավետ ներդրման նպատակով ձկնաբույծների հետ տարվում են աշխատանքներ` համատեղ ձեւավորված աշխատանքային խմբի շրջանակում: Սահմանվել է բնօգտագործման վճարի դրույքաչափ` հիդրոէներգետիկ նպատակով մակերեւութային ջրերի օգտագործման յուրաքանչյուր խորանարդ  մետրի համար 0,1 դրամ, որը պետական բյուջե շուրջ 620 մլն դրամ տարեկան լրացուցիչ մուտք կապահովի: Վերանայվել են ջրօգտագործման թույլտվությունների համար նախատեսված պետական տուրքերի դրույքաչափերը, ինչը պետական բյուջե շուրջ 13,6 մլն  դրամ տարեկան լրացուցիչ մուտք կապահովի: 2024 թվականի հունվարի 1-ից սահմանվել է նաեւ ՀԷԿ-երի համար տվյալների առցանց փոխանցմամբ էկոլոգիական թողքի հաշվառման պարտադիր պահանջ եւ այլն: Սեւանա լճի աղտոտվածության վերաբերյալ նախարարը հայտնել է, որ 2022 թվականին մաքրվել է լճի 46,60 հեկտար ափամերձ տարածք, այս տարի նախատեսվում է մաքրել 300 հեկտար: 2022 թվականին ոռոգման նպատակով Սեւանա լճից բաց է թողնվել 165 մլն խորանարդ մետր` օրենքով սահմանված տարեկան 170 մլն խմ ջրաքանակից քիչ: 2021 թվականին նույն ցուցանիշը կազմել է 227,6 մլն խմ: Աշխատանքներ են տարվում` բարձրացնելու լճի ջրի մակարդակը:

Փետրվարին Հայաստան է եկել 130 հազար զբոսաշրջիկ 

Փետրվարին Հայաստան է եկել 130 հազար զբոսաշրջիկ 
Այս տարվա երկրորդ ամսին՝ փետրվարին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 130 հազար։ Eco.am սոցիալական հարթակն այդ մասին տեղեկացավ ՀՀ զբոսաշրջության կոմիտեից։ Ըստ կոմիտեի տվյալների 2023 թվականի փետրվարին զբոսաշրջիկների վիճակագրական այցի տվյալները լավագույնն են՝ նախորդ տարիների համեմատ։ Քանի որ․ 2019  թվականի նույն ժամանակահատվաշում Հայաստան է եկել 96 հազար, 2020 թվականին` 107 հազար, 2022 թվականին` 72 հազար զբոսաշրջիկ։

Երևանում մեկնարկել է ծառերի գարնանային էտը

Երևանում մեկնարկել է ծառերի գարնանային էտը
Մարտի 13-ից մայրաքաղաքում մեկնարկել է ծառերի գարնանային էտը: «Քաղաքային միջավայրում առանց անհարմարություններ ստեղծելու դժվար է մեծ ծրագրեր իրագործել, և մենք պետք է համատեղ ուժերով այնպես անենք, որ գործընթացը կազմակերպվի գրագետ հաշվարկներով,  տարածքներում էլ ապահովվեն սանիտարական պատշաճ վիճակն ու անվտանգության կանոնները»,- աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ ասել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը և հանձնարարել, որ է անվտանգությունն ապահովելու նպատակով գործընթացը նախ իրականացնել խնդրահարույց այն հասցեներում, որտեղ ճյուղերը խանգարում են ճանապարհային երթևեկության նշաններին ու արտաքին լուսավորության համակարգին: Ի դեպ, անվտանգության նկատառումով փակվել են մի շարք փողոցներ։

Արջն ու ավանակը՝ «Օսկարի» բեմում

Արջն ու ավանակը՝ «Օսկարի» բեմում
Լոս Անջելեսի «Դոլբի» թատրոնում 95-րդ անգամ անցկացվեց ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխությունը: Eco.am սոցիալական հարթակը նկատեց, որ հեղինակավոր կինոմրցանակաբաշխության ժամանակ, օսկարակիր արտիստներին հավասար, ուշադրության կենտրոնում հայտնվեցին նաև կենդանական աշխարհի ներկայացուցիչները։ Նախ, «Օսկարի» պատմության մեջ առաջին անգամ աստղային ավանդական կարմիր գորգը փոխարինվել էր բաց դարչնագույնով։ Այս տարվա գորգի գույնն ընտրել են Vogue-ի և Met Gala-ի խորհրդատուները։ Մրցանակաբաշխության կազմակերպիչներն իրենց ընտրությունը հիմնավորել են, թե ցանկանում են մայրամուտի ճանապարհը ծովափ հիշեցնի: Իսկ արդեն բուն մրցանակաբաշխության ժամանակ բեմում հայտնվեցին ավանակն ու արջուկը։ Սկզբում՝ մրցանակաբաշխության հյուրերի ուժգին ծափերին է արժանացել ավանակը, երբ «Լավագույն դիզայների» անվանակարգի հաղթողին հայտարարելու համար մրցանակաբաշխության հաղորդավար Ջիմմի Քիմմելը բեմ է դուրս եկել ավանակի հետ։ Հաղորդավարը նշել է, որ ավանակը Մարտինա Մակդոնայի «Ինշիներայի բանշիա» ֆիլմի հերոսն է, որի մականունը Ջեննի է։ Իսկ «Լավագույն վիզուալ էֆֆեկտներով» ֆիլմի հաղթողին հայտարարելուց առաջ էլ դերասանուհի Էլիզաբեթ Բենքսի հետ բեմ է դուրս եկել արջուկը։ Բենքսը կատակել է, որ եթե իր ֆիլմում չլինեին վիզուալ էֆֆեկտներ, ֆիլմի արջը կունենար հենց այն տեսքը, որն ունի իր հետ բեմում գտնվողը:

Երբ սկսել վաղահաս կարտոֆիլի ցանքը՝ հովտային շրջաններում

Երբ սկսել վաղահաս կարտոֆիլի ցանքը՝ հովտային շրջաններում
Այս տարի վաղահաս կարտոֆիլի տնկումը նպատակահարմար է սկսել մարտի կեսից։ Eco.am սոցիալական հարթակն այդ մասին տեղեկացավ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից»։ Ըստ կենտրոնի, ցանքը  նպատակահարմար է կատարել հողի ավելի խորը շերտում, քանի որ կա ցրտահարության վտանգ։ Հաշվի առնելով օդերևութաբանական պայմանները՝  հովտային շրջաններում վաղահաս կարտոֆիլի տնկումը կատարվում է, երբ օդի միջին ջերմաստիճանը հասնում է մինչև +12-ից +15°C (վարելաշերտում 0-20 սմ՝ մինչև +7-ից +10°C)։ Մարտ ամսվա օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում կանխատեսվում է նորմայից բարձր 4-5 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմային մոտ։  Հովտային շրջաններում օդի միջին ջերմաստիճանը սպասվում է +6-ից +11°C, տեղ-տեղ՝ +12-ից +14°C։  Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում մինչև 0․․․-4°C։  Տեղումների քանակը հանրապետության հովտային շրջաններում սպասվում է 20-61մմ։

ԳԱԱ գիտնականները բացահայտել են կաթնաթթվային բակտերիաների շտամներ

ԳԱԱ գիտնականները բացահայտել են կաթնաթթվային բակտերիաների շտամներ
ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնում բացահայտել են, որ կաթնաթթվային բակտերիաների (ԿԹԲ) շտամները և դրանց աճեցումից հետո ստացված հակամանրէային պատրաստուկները՝ բակտերիոցինները, ճնշում են կաթնամթերք փչացնող միկրոօրգանիզմների աճը տարբեր արդյունավետությամբ: Eco.am սոցիալական հարթակը ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայից տեղեկացավ, որ հակամանրէային ակտիվությամբ բնական նոր միջոցների ստացումը գերխնդիր է ժամանակակից բժշկության համար: Վերջին տարիներին Հայաստանում խիստ ավելացել է տարբեր  կաթնամթերքներից և մսամթերքներից սննդային թունավորումների հաճախականությունը: Ըստ ՀՀ ԳԱԱ Փորձաքննությունների ազգային բյուրոյի տվյալների՝ վարակների հիմնական հարուցիչները Escherichia coli  և Staphylococcus aureus մանրէներն են: «Վերջին տասնամյակի ընթացքում մեր կողմից իրականացվել է կաթնաթթվային բակտերիաների նոր էնդեմիկ շտամների մեկուսացում և հետազոտում: Ուսումնասիրվել է կաթնաթթվային բակտերիաների ավելի քան 20 նույնականացված շտամների և դրանց բակտերիոցինների  հակամանրէային  ակտիվության տիրույթը՝ սննդի արդյունաբերության մեջ, որպես բնական կենսապահածոյացման միջոցներ կիրառելու նպատակով: Պարզել ենք, որ առավել բարձր արգելակիչ ակտիվություն ցուցաբերել են L.helveticus KG5', L.acidophilus 1991, L.rhamnosus 20-12, Ent. faecium KE 5 և Lactococcus lactis subsp. Diacetylactis շտամները»,- ասաց գիտական խմբի ղեկավար, ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի Պրոբիոտիկների  կենսատեխնոլոգիայի լաբորատորիայի ավագ գիտաշխատող,  կենսաբանական գիտությունների թեկնածու Քրիստինա  Կարապետյանը: Ներկայացված հետազոտության  արդյունքներն ունեն կիրառական  նշանակություն  սննդարդյունաբերության մեջ ներդրման համար: Հակամանրէային ակտիվությամբ օժտված ԿԹԲ-ների շտամների հիման վրա կարող են մշակվել  նոր` բազմակի շտամներ պարունակող տեղական արտադրության մերաններ, որոնք մրցունակ կլինեն կաթնամթերքի  արտադրություններում օգտագործվող  ներկրվող  առևտրային մերանների հետ: Կաթնաթթվային մանրէների կողմից սինթեզվող հակամանրէային նյութերը կարող են օգտագործվել որպես բնական կոնսերվանտներ՝ սննդամթերքների կենսապահածոյաման և դրանց պիտանելիության ժամկետների երկարացման համար: Հետազոտությունն իրականացվել է «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի Պրոբիոտիկների կենսատեխնոլոգիայի լաբորատորիայում՝ բազային ֆինանսավորմամբ իրականացված 2020 թ. «Սննդամթերքի երկարատև պահպանման մանրէաբանական մեթոդի մշակում» և 2021 թ. «Կաթնաշոռի որոշ տեսակների երկարատև պահպանման մանրէաբանական մեթոդների մշակում» թեմաների շրջանակներում, ինչպես նաև ԳԿՀԱՀ (ANSEF) ՀՕՖ N 20AN:NS-biotech-2244՝ «Կաթնաթթվային բակտերիաների կիրառումը` կաթնամթերքի կենսապահպանման (բիոկոնսերվացիայի) համար» դրամաշնորհի շրջանակներում: Հետազոտության  արդյունքները  տպագրվել են միջազգային գիտաժողովի զեկուցումների ժողովածուում՝ Karapetyan K., Tkhruni F.,Chitchyan К.,BalabekyanTs., Khachatryan T.,Verdyan A. Using of Lactic Acid Bacteria for Biopreservation of Dairy Products. International Conference on Biotechnology and Health (ICBH). October 29–31,  2020, Yerevan, Armenia. P. 84-85. Գիտահետազոտական աշխատանքներում ներգրավված են «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի Պրոբիոտիկների  կենսատեխնոլոգիայի լաբորատորիայի երիտասարդ գիտնականներ:

«Տարվա թռչուն 2023 – Քարարծիվ» արշավի շրջանակներում մեկնարկել են դաշտային աշխատանքները

«Տարվա թռչուն 2023 – Քարարծիվ» արշավի շրջանակներում մեկնարկել են դաշտային աշխատանքները
Eco.am սոցիալական հարթակը անդրադարձել էր, որ Գերմանիայի Բնության Պահպանության Միության (NABU) հայաստանյան մասնաճյուղի կողմից օնլայն հարթակում անցկացրած քվեարկության արդյունքում «Տարվա թռչուն 2023» էր համարվել քարարծիվը։ Օրերս NABU –ից տեղեկացանք, որ արդեն սկսվել է քարարծիվների զուգավորման շրջանը և մասնագետները «Տարվա թռչուն 2023 - Քարարծիվ» արշավի շրջանակներում մեկնարկել են դաշտային աշխատանքները։ Նախորդ շաբաթվա ընթացքում NABU-ի աշխատակիցները հետազոտել են քարարծիվների բնադրման վայրերը՝ Լոռու և Վայոց ձորի մարզերում։ «Քարարծիվները միևնույն տեղանքում, իրարից որոշակի հեռավորության վրա կարող են ունենալ մինչև 12 բույն: Տեսակը շատ զգուշավոր է և զգայուն ցանկացած անհանգստացնող գործոնի նկատմամբ»,- տեղեկացնում են NABU-ից: «Տարվա թռչուն 2023 - Քարարծիվ» արշավի շրջանակներում կազմակերպությունը խոստանում է շարունակել քարարծիվների ուսումնասիրման աշխատանքները, ինչպես նաև ՝ կազմակերպել էկոկրթական միջոցառումներ։

Մարտ ամսին ամենացածր ջերմաստիճանը գրանցվել է 1985 թվականին

Մարտ ամսին ամենացածր ջերմաստիճանը գրանցվել է 1985 թվականին
Մարտ ամսին հանրապետությունում շարունակվում է ավելանալ արեգակի բարձրությունը հորիզոնից և հետևաբար ցերեկվա տևողությունը: Զգալիորեն ավելանում է երկրի մակերևույթի կողմից ստացվող ջերմության քանակը: Eco.am սոցիալական հարթակը «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից» տեղեկացավ, որ փետրվարի համեմատությամբ՝ մարտ ամսին օդի միջին ամսական ջերմաստիճանը բարձր է 3,9°: Միջին տասնօրյակային ջերմաստիճանը առաջին տասնօրյակում կազմում է -3,2°, երրորդ տասնօրյակում`+0,5°: Միջին ամսական ջերմաստիճանը Գեղարքունիքում, Շիրակում, Արագածոտնի լեռնային շրջաններում և Կոտայքում բացասական է` -1...-4°, Լոռիում (Տաշիրում` -3°), Սյունիքի, Արագածոտնի նախալեռներում` 0...+2°, իսկ հանրապետության մնացած շրջաններում` +3...+8°: Արարատի, Արմավիրի մարզերում, Սյունիքի հովիտներում և Երևանում օդի միջին ամսական ջերմաստիճանի կայուն անցումը 0-ից բարձր տեղի է ունենում մարտի սկզբին, Լոռիում` երկրորդ, Արագածոտնի լեռնային շրջաններում, Գեղարքունիքում, Շիրակում` երրորդ տասնօրյակներում: Արկտիկական ցուրտ օդային զանգվածների ներխուժումներով պայմանավորված մարտ ամսին բացարձակ նվազագույն ջերմաստիճանը առանձին տարիների հասել է լեռնային շրջաններում` -28...-34°, նախալեռներում` -24...-30°, հովտային շրջաններում` -13...-17°, Արարատյան դաշտում` -17...-25°: Մերձավոր Արևելքից և Միջերկրական ծովի շրջաններից արևադարձային տաք օդային զանգվածները բերում են ջերմաստիճանի զգալի բարձրացում: Բացարձակ առավելագույն ջերմաստիճանը հանրապետության լեռնային շրջաններում առանձին տարիների հասել է` 19...22°, նախալեռնային շրջաններում, Արարատյան դաշտում, Տավուշում` 23...27°, Սյունիքի հովիտներում` 25...30°: Երևանի միջին ամսական ջերմաստիճանը 5,1° է, առաջին տասնօրյակում` 3,0°, երկրորդ տասնօրյակում` 5.0° և երրորդ տասնօրյակում` 7,2°: Ջերմաստիճանը Երևանի բարձրադիր և ցածրադիր մասերում տարբեր է: Ամենացածր ջերմաստիճանը գրանցվել է 1985թ քաղաքի ցածրադիր մասերում` -25.2°, բարձրադիր մասերում` -16.4°, իսկ ամենաբարձր ջերմաստիճանները 1970թ.` 27° և 2001թ.` 24.8° : Տեղումներով օրերի թիվը հանրապետությունում կազմում է 9-13օր (Արարատյան դաշտում` 6-8 օր): Ամսական տեղումների քանակը շրջանների մեծ մասում 28-45 մմ, համեմատաբար շատ տեղումներ են դիտվում Կապանում` 60մմ, Ապարանում, Հրազդանում` 67մմ, Գորիսում` 75մմ: Տեղումների նվազագույն քանակը գրանցվում է Արարատյան դաշտում` 23-24մմ: Ձնածածկի միջին բարձրությունը Արագած բ/լ կայանում կազմում է 160սմ, Ջերմուկում` 75սմ, Արագածոտնի լեռնային շրջաններում, Կոտայքում` 50-65սմ, Շիրակում` 40-50սմ: Հանրապետության նախալեռնային և հովտային շրջաններում ձնածածկը վերանում է մարտի սկզբին, իսկ ձմեռների 50%-ի դեպքում կայուն ձնածածկը բացակայում է: Ձյան հալոցքը ինտենսիվ կերպով սկսվում է, երբ միջին օրական ջերմաստիճանը գերազանցում է +3°...+5°: Եղանակի վտանգավոր երևույթներից դիտվում է ուժեղ քամի, բուք, մառախուղ և ցրտահարություն: Առանձին տաք տարիներին մարտի երրորդ տասնօրյակում ցածրադիր վայրերում դիտվում է ցրտահարություն` 800-1000 մ բարձրության վրա ցրտահարությունները դիտվում են հիմնականում մարտի 21-28 ընկած ժամանակահատվածում: Մարտի երրորդ տասնօրյակում Արարատյան դաշտում ծիրանենին ծաղկում է:
Զամբյուղ Հեռացվեց հետ բերել