2022 թվականի դեկտեմբերի 1-ից, մինչև 2023 թվականի հունվարի 20-ը ներառյալ Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվում են համատեղ միջոցառումներ: Սևանա լճում խիստ արգելը կիրառվում է դեկտեմբերի 15-ից հունվարի 20-ը:
«Սևանա լճում սիգ ձկնատեսակի պահպանության և քանակի ավելացման համալիր միջոցառումների շրջանակում շատ կարևոր է նաև տնտեսվարողների, ձկնորսությամբ զբաղվող մեր հայրենակիցների հետ իրազեկման աշխատանքներ տանել առ այն, որ այսուհետ ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանում չի թույլատրվելու և այս արգելքը ժամանակավոր բնույթ չի կրելու»,-հերթական խորհրդակցության ժամանակ ասել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։
Eco.am սոցիալական հարթակն այդ մասին տեղեկացավ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։ Նախքան օրակարգային հարցերի քննարկումը, նախարարն անդրադարձել է վերջին տարիներին Սևանա լճում առկա սիգ ձկնատեսակի պաշարներին, դրա քանակի դինամիկային, ինչպես նաև սիգի ձկնկիթի արտահանման արգելքին։ Այնուհետև ներկայացվել են գերատեսչությունների կողմից իրականացված աշխատանքները և գույքագրված խնդիրները։
Այս պահին «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հատուկ նշանակության ջոկատի, ինչպես նաև Ոստիկանության և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ներկայացուցիչների կողմից լճի վրա հատուկ հերթապահություն է իրականացվում՝ դուրս են բերվում լողամիջոցները, որսագործիքները և ժամանակավոր կացարանները:
2022 թվականի դեկտեմբերի 15-ից 2023 թվականի հունվարի 4-ն ընկած ժամանակահատվածում առգրավվել է 2205 հատ սիգ տեսակի ձուկ, 7 կգ ձկնկիթ։
Նախարարը խնդրել է գործընկերներին կրկնապատկել հսկողությունը ճանապարհային հենակետերում և շուկաներում հատկապես սուրբծննդյան տոնի օրերին՝ առաջարկելով դիտարկել նաև նախարարության ենթակա մարմիններից օժանդակող մարդուժի ընդգրկման հնարավորությունը։






Թողնել մեկնաբանություն