Նոր տեսակի թիթեռներ և միջատներ հայտնաբերելու համար Հայաստանում են 6 երկրների անվանի գիտնականներ

https://eco.am/%d5%b6%d5%b8%d6%80-%d5%bf%d5%a5%d5%bd%d5%a1%d5%af%d5%ab-%d5%a9%d5%ab%d5%a9%d5%a5%d5%bc%d5%b6%d5%a5%d6%80-%d6%87-%d5%b4%d5%ab%d5%bb%d5%a1%d5%bf%d5%b6%d5%a5%d6%80-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%bf%d5%b6%d5%a1/

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) հետ համագործակցությամբ այս օրերին Հայաստանում են միջազգային ճանաչում ունեցող ութ միջատաբաններ՝ Գերմանիայից, Դանիայից, Էստոնիայից, Լատվիայից, Լիտվայից և Սլովակիայից։ Հայաստանում նոր տեսակի թիթեռների և միջատների հայտնաբերելու համար նրանք Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում հետազոտական աշխատանքներ են իրականացնում։

Eco.am սոցիալական հարթակը, միջատաբաններին հանդիպեց հենց Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում։

«Մեզ համար հետաքրքիր է, թե Հայաստանում ինչպես է իրականացվում վայրի բնության պահպանությունը»,- Eco.am –ի հետ զրույցում ասաց գերմանացի պրոֆեսոր, դոկտոր Հարթմուտ Ռովերիքը։

«Այստեղ գտել ենք կենսաբազմազանություն, որը դժվար է գտնել Եվրոպայում։ Ուրախ ենք, որ կարող ենք օգնել Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի  մասնագետներին՝ մոնիթորինգ իրականացնելու հարցում, բացահայտել տեղեկատվություն այն տեսակների վերաբերյալ, որոնք առկա են տարածաշրջանում»,- պատրաստակամությամբ արձանագրեց գերմանացի պրոֆեսորն ու խոստովանեց․ «Մենք Գերմանիայում նման մեծ տարածք չունենք, այս պահպանության տարածքն ասես Հայաստանի գանձարանն է»‎։

Ըստ նրա, իր հետ Հայաստանում գտնվող գիտնականները նպատակադրված են պարբերաբար գալ Հայաստան՝ տարբեր եղանակներին, քանի որ յուրաքանչյուր եղանակ իր հետ նոր հնարավորություն է բերում՝ նոր տեսակ հայտնաբերելու համար։

«Ես երկրորդ անգամ եմ Հայաստանում, առաջին անգամ  30 տարի առաջ եմ եկել ու պիտի ասեմ, որ ձեր երկրի բնության մեջ շատ բան է փոխվել։ Ընդհանրապես, կենդանական աշխարհը փոխվում է՝ կախված եղանակային պայմաններից, իսկ Հայաստանում շատ նոր տեսակներ են հայտնաբերվել»,- մեզ հետ զրույցում փաստեց լիտվացի գիտնական Պովիլաս Իվինսկիսը։

Նախորդ այցի ընթացքում գիտնականներն այստեղ հայտնաբերել են բացառիկ թիթեռների, որոնց հասցրել են գրանցել համաշխարհային գանձարանում։

Գիտնականներից մի քանիսը առաջին անգամ են Հայաստանում, սակայն չեն թաքցնում, որ մշտապես երազել են մեր երկիր գալու մասին։ Նրանցից մեկն էլ հենց Սլովակիայից ժամանած Ժդենո Տոկարն է․«Արդեն 45 տարի փոքր թիթեռներ եմ հավաքում և ուսումնասիրություններ եմ կատարում։ Հայաստանում նոր ցեղատեսակներ հայտնաբերելուն պես պետք է հասկանանք, թե ինչ անուն ընտրենք նրանց համար։ Սովորաբար, նոր տեսակներին անվանակոչում ենք ըստ տարածքի, ըստ բույսի կամ էլ հայտնագործողի ու նրա կնոջ անունով»,- պատմեց զրուցակիցն ու շրջվելով դեպի Լատվիացի գիտնական Նիկոլայ Սավենկովի կողմը, ժպիտով պատմեց․ «Օրինակ, թիթեռներից մեկն անվանել ենք Սավենկովի կնոջ պատվին»,- ապա մտաբերեց․ «Նախորդ այցի ընթացքում Հայաստանում 10 նոր տեսակի թիթեռներ էինք հայտնաբերել»։

Իսկ դանիացի Բյարնե Սկուլեին, բացի գիտական ուսումնասիրություններից հետաքրքիր  է անմահացնել հայաստանյան միջատներին․ «Շատ եմ սիրում միջատների լուսանկարներ անել, իսկ այստեղ և՛ բնությունը, և՛ կենդանական աշխարհը անսահման հնարավորություն են ընձեռում, ինչն ինձ շատ է դուր գալիս»։

Այս պահին գիտնականների աշխատանքները շարունակվում են, լիահույս են նոր տեսակներ հայտնաբերելու և միջազգային գանձարանում դրանք ավելացնելու հարցում։ Անկեղծանում են, որ տպավորված են հայկական հյուրընկալությամբ և, իհարկե, բնությամբ։ Նրանց խոսքով, Հայաստանում անգամ կենդանիներն են մարդամոտ ու բարի։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով