Տեղումների և ձնհալի շնորհիվ այս տարի Հայաստանի ջրամբարներում անհամեմատ ավելի շատ ջուր կլինի, քան նախորդ տարի էր: Ըստ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի, հանրապետության գետերի մեծ մասում, մայիսի 5-6-ը դիտվել է ջրի ելքերի մեծացում։ Նախորդ տարվա համեմատ՝ Հայաստանի ջրամբարների լցվածությունը զգալիորեն բարձր է։
5 խոշոր ջրամբարներում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 62.8 մլն խմ-ով ավելի ջուր կա: Ախուրյան, Արփի լիճ, Ապարան, Ազատ, Մարմարիկ՝ խոշոր ջրամբարների շարքում ջրի լցվածության լավագույն ցուցանիշը Ախուրյանինն է:
2022 թվականի հունվարից մինչև մայիսի 5-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սևան թունելային ջրատարով Սևանա լիճ է տեղափոխվել 70 միլիոն 384 հազար խորանարդ մետր ջուր։ Իսկ վերջին մեկ ամսվա ընթացքում, գրանցված ծավալից Սևանա լիճ է տեղափոխվել 46 միլիոն 881 հազար խորանարդ մետրը։
Մայիսի 5-ի դրությամբ Սևանա լիճը ծովի մակերևույթից գտնվել է 1900 մետր 53 սանտիմետր բարձրության վրա, որը 24 սանտիմետրով շարունակում է ցածր մնալ նախորդ տարվա նույն օրվա նիշից։ Սևանա լիճ թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի ավելացում։






Թողնել մեկնաբանություն