«ԵՄ Հանուն Մշակույթի. առավել ուժեղ համայնքներ և տեղական նախաձեռնություններ» ծրագրի շրջանակում Գյումրիից մոտ 50կմ հեռավորության վրա գտնվող Արփի կլաստերի Ծաղկուտ գյուղում առաջիկայում ավարտվելու են էկո կայանատան շինարարական աշխատանքները:
«Արփի զբոսաշրջային էկո կայանատուն և տուր փաթեթներ» կենտրոնի հիմնադրումը նախաձեռնել են «Ալվան ծաղիկ» և «Գյումրու ակումբ» հասարակական կազմակերպությունները՝ նպատակադրվելով Արփի լճի հարակից տարածքում զարկ տալ ներքին տուրիզմի զարգացմանը:
«Նախքան ծրագրին դիմելը ես և գործընկերս այցելեցինք Արփի խոշորացված համայնք, եղանք տարբեր գյուղերում և ընտրեցինք Ծաղկուտը, քանի որ գյուղն իր գրավչությամբ շատ էր տարբերվում: Արփի լճի ափին տեղայնացված այս գյուղը էկոտուրիզմի զարգացման տեսանկյունից շատ հարմար վայր է»,-ասում է «Ալվան ծաղիկ» ՔՀԿ-ի հիմադիր Լիլիթ Գյունաշյանը:
Ծրագրի շրջանակում զբոսաշրջիկների համար ստեղծվող կայանատունը, որը ծառայելու է որպես ինֆոտուն, կից ունենալու է բացօթյա տաղավար և վրանատեղի։ Կայանատան տանիքին տեղադրվելու է արևային կայան։ Քանի որ Ծաղկուտում չկա մշակույթի տուն, ծրագրի հեղինակները որոշել են, որ մոտ 44 քառակուսի մետր կենտրոնի տարածքից օգտվելու են նաև համայնքի բնակիչները՝ մշակութային միջոցառումներ, դասընթացներ կազմակերպելու նպատակով:
Ավելին, «Արփի զբոսաշրջային էկո կայանատուն և տուր փաթեթներ» կենտրոնը լինելու է Ծաղկուտ գյուղի ծաղկմանը նպաստող մեկնակետ: Զբոսաշրջիկների համար առաջարկվող ծառայություններին ներգրավելու են Ծաղկուտի և Արփի կլաստերի գյուղերի մոտ 25 բնակիչ, ինչի արդյունքում վերջիններիս եկամուտները կաճեն:
«Հետազոտությունները ցույց են տալիս, որ շատ երիտասարդներ փորձում են լքել գյուղերը, գյուղերում ծեր բնակիչներն են գերակշռում: Մտածեցինք, որ ԵՄ աջակցությամբ իրականացվող այս ծրագիրը լավ առիթ կհանդիսանա, որպեսզի երիտասարդներն աշխատանք ունենան: Հետագայում գուցե ավելի շատ ցանկություն ունենան մնալ գյուղում»,-նշում է Լիլիթ Գյունաշյանը:
Հաշվի առնելով տեղացիների տեղանքի ուրույնությունը ճանաչելու հանգամանքը, «Ալվան ծաղիկ» ՔՀԿ-ի ղեկավարի խոսքով պլանավորվում է բնակիչներին ներգրավել այնպիսի ծառայությունների մատուցման գործում, ինչպիսիք են քայլարշավները, թռչնադիտարկումը, թիթեռադիտարկումը, ձիավարության կազմակերպման աշխատանքները, սեփական մեքենաներով դեպի Արփի լճի հարակից վայրեր տուրերի կազմակերպումը, տեղական սննդի և ճաշատեսակների մատուցման մեջ ներգրավված լինելը, ագրո տարբեր վարպետաց դասերի ցուցադրումը։
Լիլիթ Գյունաշյանը նշում է, որ Արփի կլաստերի գյուղերը հայնտի են նաև յուրահատուկ ճաշատեսակներով և այդ առավելությունը ևս պատրաստվում են ներկայացնել Ծաղկուտ այցելող զբոսաշրջիկներին․«Ջավախքից ժառանգած հատուկ հայկական ուտեսներ են այստեղ պատրաստում, Հայաստանում քիչ տարածված և հատուկենտ, որոնք պատրաստում են միայն այս տարածաշրջանում: Կարծում եմ, գաստրոտուրիզմի հնարավորությունները շատ գրավիչ կլինեն զբոսաշրջիկների համար»:
Լուսանկարներր տրամադրել է «Ալվան Ծաղիկ» ՀԿ-ն։






Թողնել մեկնաբանություն