62 տարի առաջ հիմնադրվեց Հրազդանը

https://eco.am/62-%d5%bf%d5%a1%d6%80%d5%ab-%d5%a1%d5%bc%d5%a1%d5%bb-%d5%b0%d5%ab%d5%b4%d5%b6%d5%a1%d5%a4%d6%80%d5%be%d5%a5%d6%81-%d5%b0%d6%80%d5%a1%d5%a6%d5%a4%d5%a1%d5%b6%d5%a8/

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը շնորհավորել է Հրազդան քաղաքի հիմնադրման 62-ամյակի կապակցությամբ:

«Մենք բոլորս՝ կառավարությունը, մարզային և համայնքային իշխանությունները, մեր քաղաքացիները պետք է անենք առավելագույնը, որպեսզի մեր քաղաքներն ու գյուղերն ընթանան կայուն և համաչափ զարգացման ուղիով, որպեսզի ունենանք մեր երազանքների քաղաքն ու գյուղը, իսկ այդ ամենին հասնելու ճանապարհը մեկն է՝ աշխատասիրություն, հոգատարություն, նվիրում, միասնականություն»,- ասված է շնորհավորական ուղերձում:

Հրազդան (մինչև 1959 թվականը՝ Ներքին Ախտա), քաղաք Հայաստանի Կոտայքի մարզում՝ Հրազդան գետի ափին։ Երևանից հեռու է 40 կմ հյուսիս-արևելք։ Հանդիսանում է մարզի վարչական կենտրոնը։

Մինչև 1959 թվականին քաղաքը կոչվել է Ներքին Ախտա։ Ընդգրկված է եղել Երևանի նահանգի Նոր Բայազետի գավառում։ 1959 թվականին քաղաքը շրջանային, 1962 թվականից՝ հանրապետական ենթակայության քաղաք, 1930-95 թվականին՝ Հրազդանի շրջանի վարչական կենտրոնը, 1995 թվականից՝ Կոտայքի մարզի մարզկենտրոնը։

Ավտոճանապարհների հանգույց է, ունի երկթուղային կայարան։ Հրազդանի շրջագծի մեջ են մտնում նախկին Աթարբեկյան, Մաքրավան, Ջրառատ, Կաքավաձոր գյուղերը։ Տարածքը՝ 152 կմ²։

Հրազդան քաղաքը գտնվում է Հայաստանի Կոտայքի մարզում և հանդիսանում է նրա մարզկենտրոնը։ Քաղաքը գոտևորում են հյուսիսից՝ Փամբակի, հարավ-արևմուտքից՝ Ծաղկունյաց, արևելքից և հարավ-արևելքից՝ Գեղամա լեռնաշղթաների մաս կազմող սարավանդները։ Քաղաքի համայնապատկերի վրա հյուսիս – արևմուտքում բարձրանում է Թեղենիսը՝ Ծաղկունյաց լեռնաշղթայի ամենաբարձր գագաթը (2851 մետր)։ Հյուսիսային կողմում ուրվագծվում են Փամբակի լեռնաշղթայի լեռնագագաթներից Մայմեխն (3080 մետր) ու Թեժասարը (3100 մետր)։ Արևելքում հորիզոնը ծածկում է Ցուլասարի զանգվածը (2390 մետր)։

Բնական պայմաններ

Հրազդան քաղաքը գտնվում է ծովի մակերևույթից 1695-1750 մետր բարձրության վրա։ Ունի բարեխառն ցամաքային կլիմա։ Ձմեռները խստաշունչ են։ Երբեմն ջերմաստիճանը իջնում է – 30-ից ավելի ցածր, իսկ գրանցված ամենացածր ջերմաստիճանը եղել է -38 աստիճան։ Ամառները հով է։ Այստեղ ջերմաստիճանը երբեք չի բարձրանում 30-35 աստիճանից, իսկ գրանցված ամենաբարձր ջերմաստիճանը եղել է 36 աստիճան։ Տարվա միջին ջերմաստիճանը կազմում է 5 աստիճան ըստ ցելսիուսի սանդղակի։

Քաղաքի միջով հոսում են Հրազդան և Մարմարիկ գետերը, որոնք միախառնվում են հենց քաղաքի մեջ։ 1950 թվականին Հրազդանում ստեղծվեց Հրազդանի արհեստական ջրամբարը 130 հեկտար տարածության վրա՝ 1695 մետր բարձրությամբ։

Բուսական և կենդանական աշխարհ

Հրազդանի շրջակա անտառներում աճում են վայրի խնձորենիներ, սալորենիներ, բալենիներ, սզնիներ։ Հրազդանի անտառներում հանդիպում են փորսուղներ, նապաստակներ, աղվեսներ, դաշտամկներ, եղնիկներ, արջեր, վայրի խոզեր։ Բավականին շատ են ոզնիները, իսկ գայլեր հանդիպում են հազվադեպ։ Երբեմն ամռան տապից փախչելով՝ Լոռվա և Տավուշի անտառներից այս տարածաշրջան են գալիս տարածաշրջանին ոչ բնորոշ կենդանիներ՝ լուսաններ, հովազներ և այլն։ Վերջին 20 տարում բավականին շատացել է աքիսների թիվը։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել
  • Զամբյուղում դեռևս չի ավելացվել ապրանքներ։