Կենցաղավարություն և արարողակարգ. Սոնիա Գաբրիէլեան

https://eco.am/%d5%af%d5%a5%d5%b6%d6%81%d5%a1%d5%b2%d5%a1%d5%be%d5%a1%d6%80%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6-%d6%87-%d5%a1%d6%80%d5%a1%d6%80%d5%b8%d5%b2%d5%a1%d5%af%d5%a1%d6%80%d5%a3/

«Ոչ մի պաշտոն կամ կոչում չկա, որ հավասար լինի և կարելի լինի համեմատել մարդ կոչման հետ»։

Հովհ. Թումանյան

«Հալէպ» Հայրենակցական Բարեսիրական Հասարակական Կազմակերպության, սոցիալ հոգեբանական աջակցության խմբակի, 2021 թվականի առաջին հավաք-ժողովը տեղի ունեցավ հուլիսի 20-ին, ժամը 18։00-ին, 43 անդամների ներկայությամբ: Հյուրերի հետ միասին ներկա էին նաև կազմակերպության տիկնանց հանձնախմբի ընկերուհիները:

Կազմակերպության հիմնադիր նախագահ տիկին Անի Պալըխեանը ողջունեց ներկաներին, առաջին անգամ կենտրոնի հարկի տակ լինելու կապակցությամբ և խոսքը տրամադրեց սոցիալ-հոգեբանական աջակցության հանձնախմբի անդամ՝ բժիշկ Մայտա Չավուշեանին, որն էլ ներկայացրեց օրվա զրույցի թեման:

Գեղանկարիչ տիկին Սոնիա Գաբրիէլեանը, Երևանում գտնվելով, սիրահոժար հանձն է առել զրուցել «Կենցաղավարության և Արարողակարգի» մասին:

Տիկին Սոնիա Գաբրիէլեանը ծնվել և առ այսօր ապրում է Հալէպում: Նա նորաձևության, զբոսաշրջության, կենցաղավարության ոլորտի ներկայացուցիչ է, հանդիսանում է Հնագիտության միության, Հալէպի արդյունաբերության պալատի, «child care» պետական հաստատության, և ներկայիս Համազգային հայ կրթական եւ մշակութային միության Սիրիայի շրջանային վարչության անդամ: Նա Արշիլ Գորկու արվեստանոցի հիմնադիրներից մեկն է և երկար տարիներ դասավանդում է այնտեղ: Հանդիսանում է մի շարք փառատոների ու ցուցահանդեսների կազմակերպիչ։

Հավաք-ժողովի ընթացքում տիկին Սոնիա Գաբրիէլեանը խոսեց կենցաղավարության մասին, շեշտը դնելով դաստիարակության վրա:

Զրույցը հետաքրքրական էր և ուսանելի: Նա կարևորեց սիրիացի կնոջ դերը սերունդների դաստիարակման գործընթացում, ինչպես նաև, նրանց բարձր պաշտոններ զբաղեցնելու հանգամանքը, օրինակ բերելով տարբեր անհատների, ինչպիսիք են՝ Նաճահ Ալ-Աթթար, Պուսայնա Շաապան, Նորա Արիսեան եւ ուրիշներ։ Զրույցի ավարտին երկու կատարումով հանդես եկավ օրիորդ Մեղեդի Պետրոսը, որն իր գեղեցիկ կատարումով ոգևորեց ներկաներին:

Օրվա հյուրասիրությունն իրականացվել էր տիկին Անի Կուրղիկեանի և տիկին Ազնիվ Պէրթիկեանի կողմից:

Տիկին Հռիփսիմե Թերզյանը հանձնախմբին նվիրեց ձեռագործ «քրօշէ» գավաթի տակդիրներ, ինչպէս նաև նյութական նվիրատվություններ կատարեցին տիկին Մարիա Հալլաճեանը և Տ.Անի Պալըխեանը։

Հավաք-ժողովը եզրափակվեց հրաժեշտի ջերմ բարեմաղթանքներով։ Նշենք, որ սոցիալ- հոգեբանական խմբակի հավաքները շուտով կդառնան հերթական, իսկ մասնակցել ցանկացողները կարող են գրել մեր էջին։

 

Բժիշկ Մայտա Չավուշեան

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով