ԲՀՀ-ի հայաստանյան մասնաճյուղը Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հետ 200 000 ԱՄՆ դոլարի համաֆինանսավորման համաձայնագիր է կնքել

https://eco.am/%d5%a2%d5%b0%d5%b0-%d5%ab-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%b4%d5%a1%d5%bd%d5%b6%d5%a1%d5%b3%d5%b5%d5%b8%d6%82%d5%b2%d5%a8-%d5%ba%d5%a1%d6%80%d5%a5%d5%b6%d5%ab/

Հարմարվողականության հզորացմանը և գյուղական վայրերում կանաչ տարածությունների ընդլայնմանը նվիրված անտառտնտեսության ծրագրի համար այսօր Բնության համաշխարհային հիմնադրամի (ԲՀՀ) հայաստանյան մասնաճյուղը՝ Միավորված ազգերի կազմակերպության Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) հետ 200 000 ԱՄՆ դոլար ընդհանուր գումարի համաֆինանսավորման  համաձայնագիր կնքեց` որպես իր կողմից բնաիրային ներդրում:  Այս մասին հայտնում ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունից։

Ըստ կազմակերպության՝ սա Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ՊԳԿ-ի առաջին լայնածավալ նախագիծն է, որին աջակցում է Կանաչ կլիմայի հիմնադրամը (ԿԿՀ) և երկրի անտառային տնտեսությանն ուղղված՝ առաջին ֆինանսավորման առաջարկն է: Անտառները կոնցեսիոն պայամանագրերով հանձնելու և վառելափայտի մթերումը բարելավված կառավարելու, փայտանյութի և անտառների ոչ փայտանյութային ապրանքների արտադրության շնորհիվ կբարձրանա բնական ռեսուրսների տնօրինման և կառավարման գործում համայնքների դերը:

Համաձայնագիրն այսօր ստորագրեցին ԲՀՀ-ի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը և Հայաստանում ՊԳԿ ներկայացուցիչ Ռայմունդ Յելեն:

«Այս կարևոր նախագծում Բնության համաշխարհային հիմնադրամի մասնակցությունն ու ներդրումը լայն գործընկերություն ծավալելու կարևոր բաղադրիչներից մեկն է։ ԲՀՀ-ի փորձն իր հետագա արժեքը կհաղորդի ծրագրի իրականացմանը»,- ասաց Յելեն։

Ծրագրի ութ տարիների ընթացքում ԲՀՀ-ի հայաստանյան մասնաճյուղը համաֆինանսավորելու է նախագիծը, տեխնիկական և ֆինանսական աջակցություն է տրամադրելու համայնքի ներգրավվածության և անտառների կառավարմանը մասնակցելու, ինչպես նաև Սյունիքի մարզի համանքային հողերում նոր անտառային տարածքներ հիմնելու համար:

«Այդ նպատակով նախագիծը մեծապես կնպաստի Կովկասի էկո-տարածաշրջանում էկո-միջանցքների ստեղծման ապահովման մեր նպատակին։ Անտառները Հայաստանի պատմության և ժառանգության մի մասն են, և մենք համոզված ենք, որ պարադիգմայի ոչ մի փոփոխություն հնարավոր չի լինի, քանի դեռ համայնքների մասնակցությունը անտառների համայնքահեն կառավարման մեջ ապահովելու համար հաշվի չեն առնվել խոցելի համայնքների էներգետիկ կարիքները և նրանց համար հարմարեցված գիտելիքներ չեն փոխանցվել»,- նշեց Կարեն Մանվելյանը:

Իր գործունեության գրեթե 20 տարիների ընթացքում անտառային էկոհամակարգերը  կլիմայի փոփոխությանը հարմարվելու օգնական միջոցներ ձեռնարկելով ՝ ԲՀՀ-ն աշխատում է մեղմել կլիմայի փոփոխության ազդեցությունը և հարմարվել դրան: Դա իրականացվում է  անտառների վերականգնման, վերափոխման և պահպանվող տարածքների ստեղծման նախագծերի միջոցով:

Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը հայտնում է, որ այս ութամյա նախագիծը, որի ընդհանուր բյուջեն կազմում է 18,7 միլիոն ԱՄՆ դոլար, ապավինելու է նաև Հայաստանի կառավարության, Ավստրիական զարգացման գործակալության, Իտալիայի Բոլցանոյի ինքնավար մարզի և ՊԳԿ-ի համաֆինանսավորմանը և տեխնիկական փորձառությանը:

Ծրագրի նպատակները կյանքի կկոչվեն ՊԳԿ-ի կողմից՝ Շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի հետ սերտ համագործակցությամբ։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել
  • Զամբյուղում դեռևս չի ավելացվել ապրանքներ։