«Մեր ձկնային պաշարներն ամենակարևորը պետք է դիտենք երկու տեսանկյունից. առաջին՝ որպես սննդային շղթայի վերին օղակ, որը կարելի է օգտագործել՝ որպես հնարավորություն, Սևանա լճից օրգանական նյութի արտահանում: Եվ երկրորդ՝ Սևանա լճում պետք է ունենանք ձկան պաշար՝ ռազմավարական առումով»,- լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը:
«Այս գեոքաղաքական վիճակում զուրկ չենք այն պահերից, որ պատերազմ, շրջափակում է լինում, և սա կարող է լինել մեր փրկությունը՝ սննդի առումով, ինչպես նաև անհրաժեշտ է զորքի համար: Որսը կառավարելի չէ, մինչդեռ կառավարությունը պետք է որոշի, որ այսքան պաշար մշտապես պետք է լինի Սևանա լճում՝ ձկան ձևով»,- զգուշացնում է ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրենը։
Ըստ նրա, մինչ օրս հստակ տեսլական չունենք, թե ի՞նչ ենք ուզում Սևանից: Ի՞նչ որակի ջուր ենք ակնկալում ստանալ և, համապատասխանաբար, ի՞նչ ջրամբար ենք ուզում ունենալ․ «Եթե Սևանը դիտում ենք՝ որպես խմելու ջրի ապաստարան, ապա դրա համար ուրիշ պահանջներ պետք է լինեն, իսկ եթե ուզում ենք ձկնաբանական, ոռոգման ջրի ջրամբար ունենալ, դա այլ խնդիր է, և համապատասխան գործողություններ պետք է իրականացվեն: Մեր կառավարությունը պետք է հստակ տեսլական ունենա, թե ի՞նչ ջուր պետք է լինի Սևանա լճում»,- պնդում է բանախոսն ու անդրադառնալով ձկնային պաշարներին, դիտարկում․ «Այն չպետք է դիտենք՝ միայն որպես սնունդ մեր բնակչության համար»:






Թողնել մեկնաբանություն