1906 թվականին, թռչունների պահպանության մասին Միջազգային կոնվենցիայի ստորագրումից հետո, ապրիլի 1-ը նշվում է որպես թռչունների միջազգային օր։ Թեպետ, կոնվենցիան ստորագրվել է թռչուններին պահպանելու համար, բայց մինչև այսօր էլ, ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում, թռչունների բազմաթիվ տեսակներ կանգնած են անհետացման եզրին։
Աշխարհում հայտնի է թռչունների շուրջ 8700 տեսակ, որից 349- ը հանդիպում է Հայաստանի Հանրապետությունում։ Վերջին շրջանում խիստ նվազել է Սևանի ավազանի թռչնաշխարհի տեսակային կազմը: Արհեստական ձկնաբուծական ջրամբարների ստեղծմանը զուգընթաց` խիստ մեծացել է Արարատյան դաշտի ջրաճահճային թռչունների թվաքանակը: Բնական կենսապայմանների կրճատման և վերափոխման հետևանքով շատ տեսակներ՝ ագռավ, կաչաղակ, կեռնեխ, տատրակ, շամփրուկ և այլն, հարմարվել են մարդու հարեվանությամբ ապրելուն:
Թռչունների ոչնչացման հիմնական պատճառները
ՀՀ-ում հանդիպող թռչունների 96 տեսակ գրանցված է Բնության պահպանության միջազգային և ՀՀ Կարմիր գրքերում: Թռչունների անհետացման հիմնական պատճառներից են կլիմայի փոփոխությունը և մարդկային գործոնը։ Ոչ պակաս լուրջ վտանգ է նաև միջավայրի աղտոտվածությունը:
Շատ երկրներ չվող թռչունների պահպանման վերաբերյալ ունեն օրենքներ և մասնակցում են միջազգային համաձայնություններին: Թռչունների համար լուրջ վտանգ են հանդիսանում ոչ թե որսորդները, այլ մարդկային գործունեության բավականին «խաղաղ» տեսակները` երկնաքերերը, հեռուստաաշտարակները և այլ բարձրահարկ շինությունները, որոնք մահացու արգելքներ են չվող թռչունների համար: Նավթի արտահոսքը ծովերում կործանում է բազմաթիվ ծովային թռչունների:
Բնակչության թվի ավելացումը և բնական պաշարների հանդեպ պահանջների աճը հանգեցրել են բազմաթիվ բնադրավայրերի ավերման: Ճահիճների չորացումը և գյուղատնտեսական հողատարածքների ընդլայնումը, շինանյութեր ստանալու, կառուցապատման, հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածությունների հիմնման նպատակով ծառահատումները, անապատային աղքատիկ հողերով արոտավայրերում ընտանի կենդանիների գերարածեցումը, ինչպես նաև մարդկանց գործունեության ու շրջակա միջավայրի աղտոտման հետևանքով առաջացած գլոբալ տաքացումը խիստ բացասական ազդեցություն են թողել թռչնաշխարհի վրա:
Թռչունների որոշ տեսակներ նվազել են, գրանցվել են Կարմիր գրքերում և պաշտպանության կարիք ունեն: Սակայն, մեծ և բազմազան է թռչունների նշանակությունը մարդու կյանքում և բնության մեջ: Նրանք մասնակցում են բույսերի փոշոտմանը, ոչնչացնում գյուղատնտեսական վնասատուներին: Որոշ թռչուններ, ընդհակառակը, վնասում են այգիներն ու ցանքերը, տարածում վարակիչ հիվանդություններ:
Հայկական թռչունների վտանգված 3 տեսակ
Eco.am-ն իր ընթերցողների համար առանձնացրել է ոչնչացման եզրին կանգնած հայկական թռչունների խոցելի երեք տեսակ։
Սև անգղ․ գիշատիչ թռչունների ընտանիքից է, դասվում է Հայաստանի նստակյաց և բնադրող թռչունների թվին։ Հազվագյուտ, նկատելիորեն կրճատվող թվաքանակով տեսակ է, որը գնահատվում է որպես վտանգված տեսակ։ Վտանգման հիմնական գործոններն են վայրի սմբակավորների թվաքանակի կրճատման հետ կապված կերային բազայի վատթարացումը, ինչպես նաև ապօրինի որսը և թակարդներով բռնելը։
Պահպանվում է «Խոսրովի անտառ» արգելոցում, որտեղ կանոնավոր բնադրում է։ Հայաստանում նկատվել է հանրապետության տարբեր շրջաններում։ Բները հայտնաբերվել են Գեղամա և Վարդենիսի լեռնաշղթաների ճյուղերում, Աբովյանի, Արարատի, Արտաշատի, Վայքի և Եղեգնաձորի տարածաշրջաններում։
Սնվում են միայն լեշով։ Այլ լեշակերների համակարգում սև անգղերը կատարում են սանիտարի դեր, ուստի չի կարելի ոչնչացնել այդ թռչուններին և քանդել նրանց բները։
Մոխրագույն սագ․ Բադերի ընտանիքին պատկանող նստակյաց, ջրլող թռչուն է։ Համարվում է հազվագյուտ և խոցելի տեսակ։ Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։ Ունի խիստ հնչեղ ձայն, թռիչքի ընթացքում լսելի են եռահնչյուն ճիչեր։ Մոխրագույն սագերը թռչում են սեպաձև երամ կազմած (30-100 թռչուն)՝ սագերին բնորոշ կռնչոցով։ Բնակվում է եղեգի ու ջրեղեգի առկայությամբ ջրային տարածքներում, կեր է փնտրում դաշտերում։ Սնվում է ջրային և դաշտային խոտաբույսերով, անողնաշարավորներով, սերմնահատիկներով։
Ներկայումս ՀՀ տարածքում մոխրագույն սագերի թվաքանակը և բնադրման համակեցությունները խիստ կրճատվել են։ 1998-2005-ին կենսապայմանների և պահպանության միջոցների բացակայության, որսագողության ու տնային պայմաններում բազմացնելու նպատակով ձվերը հավաքելու հետևանքով Արարատյան դաշտում բնադրումը խիստ կասկածելի է։ Կարիք ունի անհատական պաշտպանության։, գնահատվում է որպես խոցելի տեսակ։ Վտանգման հիմնական գործոններն են եղեգնուտների հրդեհումը, բնադրման շրջանում անհանգստացման գործոնը և որսագողությունը։
Կովկասյան մարեհավ․ մարեհավայինների ընտանիքին պատկանող նստակյաց և քիչ տարածված թռչուն է, գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։ Սնվում է սերմերով, հատապտուղներով, բողբոջներով, կատվիկներով։ ՀՀ-ում համատարած ծառահատման հետևանքով համակեցությունները խիստ վտանգված են։ Տարածված է Կովկասում և Հայաստանի հյուսիսային, կենտրոնական և հարավարևելյան շրջաններում։ Անհետացող և խոցելի տեսակ է։ Ապառնացող վտանգներից է գյուղատնտեսական գործունեության արդյունքում բնադրման վայրերի քայքայումը և որսագողությունը։ Տեսակի մի մասն ընգրկված է «Դիլիջան» և «Արևիկ» ազգային պարկերում և «Շիկահող» արգելոցի տարածքում
Հետաքրքիր փաստեր թռչունների մասին
Ամենափոքր թռչունը կոլիբրի-մեղվիկն է. կտուցի ծայրից մինչև պոչի ծայրը 6 սմ է:
Ամենամեծ թռչունը աֆրիկական ջայլամն է. մարմնի բարձրությունը 2,5 մ է, կենդանի զանգվածը՝ 150 կգ:
Թևերի ամենամեծ բացվածքն ունի ալբատրոսը` մինչև 4 մ:






Թողնել մեկնաբանություն