Վերջերս, հանրության շրջանում, կարծես թե նորաձև է դարձել անընդհատ խոսել առողջ ապրելակերպի, օրգանիկ սննդի ու էկո միջավայրի մասին։ Բայց, որպես կանոն, թերևս մեծամասնության դեպքում, դրանք խոսքեր էլ մնում են, քանի որ Հայաստանում քչերն են հետևում առողջ ապրելակերպի կանոններին։ Eco.am-ի այսօրվա զրուցակիցը՝ դերասանուհի, հաղորդավարուհի Անուշիկ Առաքելյանը առողջ ապրելակերպի առաջամարտիկներից է։ Մեր ընթերցողների համար Անուշիկը խոստովանեց, որ բնությունից տրված անթերի կազմվածքը պահպանում է առողջ ապրելակերպով և ճիշտ սննդկարգով։
-Առողջ ապրելակերպը համարում եք նորաձև, մարքեթինգային քայլ, թե՞ օրգանիզմի գրագետ կառավարում:
– Իհարկե, օրգանիզմի գրագետ կառավարում, որովհետև, երբ դեռ այդ գլամուր ֆիտնեսները չկային, ես հակված էի առողջ ապրելակերպին։ Առաջին հերթին դա արտահայտվել է ճիշտ սնվելով։ Այսինքն՝ ես դրսում գրեթե չեմ սնվում։ Իհարկե, աշխատանքս այնպիսին է, որ երբեմն անհարմար է լինում սնվելը, բայց, ավելի շուտ տնից կտանեմ, քան՝ խանութներից պատրաստի սնունդ կգնեմ։ Մոտավորապես 9 տարի է մեր տանն օրինակ, հակացուցված է տապակած կարտոֆիլը, երշիկը, նրբերշիկը։
– Ձեր դստեր՝ Նանեի դեպքում է՞լ է այդ «կանոնակարգը» գործում։
– Անշուշտ։ Հատկապես Նանեի սննդակարգին, որքան հնարավոր է հետևում եմ։ Մեր տանն այդ «բոյկոտը» շատ է։ Օրինակ, այսօր մեր տանը հենց առողջ սնվելու համար «կռիվ» էր գնում։ Ես ասում եմ տապակած կանաչի կեր, աղջիկս ասում է, թե ես ուտելու բան եմ ուզում։ Այսինքն, նա համարում է, որ կանաչեղենն ուտելիք չէ։ Անշուշտ, այս տարիքում, նրա հետաքրքություններն այլ են, հատկապես, որ սիրում է բուրգերներ ուտել, բայց, երբ մի քանի անգամ բացատրեցի, համացանցով ցույց տվեցի, թե ինչ է կատարվում, նա հրաժարվեց այդ արագ պատրաստվող սնունդներից։ Ճիշտ է, մեկ-մեկ տատիկն ինձնից թաքուն երշիկ, նրբերշիկ է տալիս, բայց բռնացնում եմ (ծիծաղում է)։ Մի խոսքով, մեր տանը տապակած կարտոֆիլն էլ է թաքուն պատրաստվում՝ 2 ամիսը մեկ։ Դրա համար էլ, աղջիկս իմ ձեռքով պարբերաբար օրգանիզմը մաքրող ինչ-որ սննդային պրոցեդուրաների մեջ է ընկնում։
– Անուշիկ, Ձեր անթերի կազմվածքը բնությունից ու ծնողներից ժառանգությո՞ւն է, թե՞ մարզասրահներ հաճախելու հետևանք։
– Ճիշտ սնունդն արդեն ինքնին ձևավորում է ճիշտ քաշ։ Չես կարող գնալ ֆիտնես ակումբ, հետո տանն ուտել այն ինչ պատահի, կամ՝ որ ժամին պատահի, ու ասես, որ զբաղվում եմ առողջ ապրելակերպով։
Մոտ 4 տարի է հաճախում եմ կանանց ֆիտնես ակումբներ, բայց ֆիտնեսն ընդամենը ձգում է մաշկը, առաջին հերթին պետք է ճիշտ սննդակարգին հետևել։ Վերջերս մի տղամարդ ճիշտ բան ասաց․«Եթե գենետիկորեն գեղեցկությունը չկա, ապա ֆիթնեսը չի փրկի»։ Իհարկե, գեղեցիկ կազմվածքը գենետիկորեն է փոխանցվել, որովհետև մայրս 60 տարեկան է, բայց, մոտավորապես, իմ կազմվածքն ունի։ Ասել, թե ֆիտնեսն ինձ համար գեղեցիկ կազմվածք է ձևավորել, սխալ կլինի։ Ես ընդամենը փորձում եմ բնության տված գեղեցիկ կազմվածքը գրագետ պահպանել։
– Անուշիկ, իսկ Ձեր բնակարանը համարո՞ւմ եք էկո կահավորված:
– Երևի թե ոչ։ Իհարկե, իմ կահույքը, դռները փայտից են, բացի խոհանոցից, որովհետեւ ես շատ եմ լվանում, իրենք իմ ձեռքին ուղղակի չեն դիմանա։ Տանն ունենք շատ բույսեր, որ մայրս սիրում և խնամում է։ Ամեն դեպքում, էկոյի չափանիշներով իմ տունը էկո չենք կարող համարել։
– Իսկ, երբևէ երազե՞լ եք տանը կից վարդերի այգի ունենալու մասին՝ բնությանն ավելի մոտ լինելու համար։
– Այո, ես շատ եմ սիրում բնությունը։ Կարծում եմ, ավելի հասուն տարիքում սկսում ես բնության պակասը զգալ։ Հիմա, երբեմն մտածում եմ փոքրիկ առանձնատան մասին։ Ավելի շատ ոգևորում է, ոչ թե առանձնատան փաստը, այլ սեփական բակի ու այգու հնարավորությունը, որտեղ կարելի է խոտի ու ծաղիկների բույրը վայելելով սուրճ խմել և, գոնե թե, մի քիչ մաքուր օդ վայելել։
– Ինչպե՞ս է դրսեւորվում Ձեր էկո սովորությունները առօրյայում. տեսակավորո՞ւմ եք աղբը, խնայում՝ ջուրը։
– Աղբը չեմ տեսակավորում, որովհետեւ բազմաբնակարան շենքում ենք ապրում, եթե տեսակավորեմ էլ, տարածքում չունեմ այդպիսի աղբաման։ Եթե իմանամ, որ իմ շենքի բակում կա այդ աղբամանը՝ կանեմ։
Ինչ վերաբերում է ջրին, ես ջուր շատ եմ օգտագործում, բայց ոչ անհիմն։ Ես ամեն ինչ լվանալու մոլուցք ունեմ, պատուհանները վարագույրները շատ հաճախ եմ լվանում։ Ես կարող եմ նույնիսկ փոքրիկ գորգերը լվանալ լոգարանում։ Չգիտեմ, սա որքանո՞վ է համարվում ջուր շռայլել, բայց, որ հարևանները խոսում են ջրի վարձերից, հասկանում եմ, որ ամենաշատը ես եմ վճարում (ծիծաղում է)։
– Գնումների ժամանակ ուշադրություն դարձնո՞ւմ եք ապրանքների էկո, օրգանիկ կամ բիո պիտակներին:
– Այո, ես շատ ուշադրություն եմ դարձնում սննդի պիտակներին, ժամկետներին, որովհետեւ մեզ մոտ շատ են խաբում՝ ժամկետների առումով։ Եթե պիտի գնեմ յոգուրտ կամ թթվասեր, անպայման ստուգում եմ ժամկետը, և թե ինչ է պարունակում իր մեջ։ Ես թիթիզ մթերքներ շատ չեմ գնում, իմ տանը փաթեթավորված՝ պատրաստի սնունդ չեք գտնի։ Օրինակ, սոյայի սուս գնելուց անպայման նայում եմ, որ ընտրեմ օրգանականը, կամ՝ երբեմն աղ գնելիս նայում եմ, թե ինչ հավելումներ կան։
– Որքանո՞վ եք էկո միջավայր ստեղծում Ձեր շրջապատում՝ կենցաղում, աշխատանքի վայրում և անգամ ընկերական շրջանակում:
– Չեմ էլ պատկերացնում, թե դա ինչպես է հնարավոր անել, բայց, եթե ունենամ իմ անձնական գրասենյակը, գուցե այնտեղ փորձեմ բույսեր, ծաղիկներ դնել։ Մեր իրականության մեջ, կարծում եմ հնարավոր չէ։
Իսկ ընկերների հետ հանդիպումները, երբեմն կազմակերպում եմ այնպիսի սրճարանում, որտեղ կան ծառեր։ Քաղաքի կենտրոնում մի քանի նման սրճարաններ պեղել եմ, որ բացօթյա են ու ծառերով շրջապատված։ Իհարկե, դա էլ կարող ես միայն ամռանը քեզ թույլ տալ։
– Փաստորեն, պատահական չէ Ձեր նախաձեռնած կաֆե-թատրոնը, որը հենց բացօթյա, բնության գրկում եք նախատեսել։
– Այո, մտահղացումը եղավ կորոնավիրուսային կարատինի ժամանակ, երբ փակ էին բոլոր թատրոնները, բայց կային բաց սրճարաններ, իսկ ինձ այդ ձևաչափը շատ էր գերել։ Համարում եմ, շատ էսթետ է, որ սրճարանում նստած զրուցում են, երաժշտություն են լսում, ու հետն էլ մի 40 րոպեանոց հետաքրքիր բեմադրություն են նայում, որտեղ իրենք էլ են ակամայից, ինչ-որ առումով ներգրավվում։ Ովքեր առիթ ունեցան լսելու սցենարը շատ էին հավանել։ Մի անգամ հիշում եմ սրճարանում փորձ էինք անում ու կողքներս նստած երկու կին կային, որոնք սկսեցին ձայնով ծիծաղել ու կեսից հասկացան, որ բեմադրություն է, ասացին, շատ լավն է, որտեղ է լինելու ասեք, որ գանք, նայենք։ Կին-տղամարդ փոխհարաբերությունների, ընտանիքի, կնոջ դերի ու կենցաղի մասին հումորային ներկայացում է։ Հիմա, քանի որ օրերը տաքացել են, արդեն հետաքրքրվում եմ, թե որտեղ կա հնարավորինս անաղմուկ տարածքով սրճարան, որ փորձենք նորից խաղալ։

– Անուշիկ կոսմետիկան ինչպե՞ս եք ընտրում, նախընտրում եք բրենդայի՞ն, թե՝ բիո կոսմետիկա:
– Միշտ եմ նախընտրել բիո կոսմետիկա։ Երկու ֆրանսիական բրենդ կա, որն իր մեջ պարունակում է ավոկադոյի կամ խաղողի կորիզի յուղեր։ Այն Հայաստանում չի վաճառվում, բայց ամեն անգամ խնդրում եմ, ինձ համար բերում են Ֆրանսիայից։ Հասկացել եմ, որ դեմքի կամ ձեռքերի քսուքներ գնելիս, երբեմն, անգամ, ոչ թե բրենդին եմ ուշադրություն դարձնում, այլ որակին։
Վերջերս մեր դեղատներից սկսել եմ գնել դեռ Սովետի ժամանակաշրջանում արտադրված որոշակի քսուքներ և հասկացել եմ, որ դրանք ավելի արդյունավետ են։ Աղջիկս հումորով ասում է՝ մեր տանը ոչինչ չի թափվում, մամաս ինչ տեսնում, քսում է երեսին։ Սնուցող դիմակներ բացառապես չեմ գնում, կարող եմ մեղր, կոկոսի յուղ, ձվի սպիտակուց խառնել իրար ու քսել դեմքիս։ Կամ՝ ելակով, բանանով, կիվիով դիմակ սարքել, ամռանը նաև երիցուկի թուրմ եմ սարքում, դնում եմ սառցարանը, հետո դրանով դեմքի մերսումներ եմ անում։ Մեր հայկական կավն եմ քսում։
Ինչ վերաբերում է դեմքը ծածկող տոնային կրեմներին, ես ընտրել եմ իմ բրենդը, որը կար դեռ մեր մայրիկների ժամանակվանից։ Անգամ նկարահանման հրապարակում բոլոր գրիմյորները, ովքեր աշխատել են ինձ հետ ամենատարբեր հեռուստաընկերություններում, գիտեն, որ իրենցը չեմ օգտագործում։ Դա սկզբունքային է։ Ես շատ գրիմ, դեմքի վրա ավելորդ կոսմետիկա չեմ սիրում։ Եթե նկատել եք առանձնապես արտահայտիչ գրիմ չեմ էլ անում ո՛չ բեմում, ո՛չ առօրյայում։ Հատկապես կադրում, որքան քիչ կոսմետիկա, այնքան թարմ մաշկ։ Եղբայրս ասում է, քո մաշկը կարծես դեղձ լինի։ Ես սիրում եմ այդ դեղձի թարմությունը և վստահ եմ, որ հեռուստադիտողներն էլ։
– Շուտով միամսյակը կավարտվի, այս ընթացքում էկո նվեր ստացե՞լ եք, բացի ծաղիկներից։
– Ցավոք, ոչ։ Միայն օծանելիք են նվիրել։ Հուսամ այս հարցազրույցից հետո մարդիկ կհասկանան, որ մինչև ապրիլի 7-ը դեռ հնարավորություն կա էկո նվեր տալու։ Ի դեպ, ասեմ, որ շատ մատչելի և գեղեցիկ էկո նվերների տարբերակները բազմաթիվ են։






Թողնել մեկնաբանություն