«Պահպանում ենք այն, ինչ սիրում ենք, սիրում ենք այն՝ ինչ գիտենք» կարգախոսով հունիսի 25-ին, Տավուշի մարզի Ենոքավան գյուղում, տեղի կունենա «Հայ բույս» փառատոնը, որն այս տարի կանցկացվի 8-րդ անգամ։ Փառատոնի ավելի քան 50 մասնակիցները կներկայացնեն թեյեր, բույսերից պատրաստված տիկնիկներ, բուսական կոսմետիկա:

Ի դեպ, ավանդական միջոցառումներից բացի փառատոնն ունի նաև կրթական բաղադրիչ, քանի որ մասնակիցները կծանոթանան բույսերի կիրառման տարբեր եղանակներին, կսովորեն տարբերակել բնական ու կեղծ բույսերը, կմասնակցեն հսկայական բրդուճի պատրաստմանը։ Ինչպես նաև կմասնակցեն սերմերից, բույսերից 50 մետրանոց նկարներով պաննոյի ստեղծմանը: Փառատոնի ավարտին կտորի մասերը որպես հիշատակ կբաժանվեն ներկաներին: Փառատոնի հյուրերը կարող են մասնակիցը լինել նաև բույսերից ու ծաղիկներից զարդերի, դեկորատիվ գորգերի պատրաստմանը:

«Այս տարի կունենանք բացիկների պատրաստման վարպետության դաս՝ չոր խոտերից և օգտագործված թղթից: Ցանկանում ենք ցույց տալ, որ չորացած խոտաբույսերից կարելի է մի գեղեցիկ հուշանվեր պատրաստել։ Կարևոր է հասկանալ երբ և ինչպես ճիշտ հավաքել խոտաբույսերը, որպեսզի բացառենք ռեսուրսների սպառումը: Մեր նպատակներից է ցույց տալ, որ Հայաստանի խոտաբույսերը միայն ուրցն ու դաղձը չեն: Դրանք բազմաթիվ են և կիրառության տարբեր ձևեր ունեն, օրինակ օգտագործում են զարդեր պատրաստելու, շինարարության, բժշկության մեջ»,-տեղեկացնում է փառատոնի համահիմնադիր Իրինա Չիբուխչյանը, հավելելով, որ փառատոնի ընթացքում կկազմակերպվեն նաև գյուղական լանդշաֆտի ձևավորման վարպետության դասեր:




Թողնել մեկնաբանություն