Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում նոյեմբերի 20-ին Ալմետի թաթարական պետական դրամատիկական թատրոնի «Անսանձ կնոջ սանձահարումը» ներկայացումով (բեմադրիչ՝ Կարո Բալյան) փակվեց Շեքսպիրյան 15-րդ միջազգային թատերական փառատոնը: Բոլոր մասնակիցներին տրվեցին մասնակցության դիպլոմներ: Փակման հանդիսավոր արարողության ժամանակ ամփոփվեց նաև «FestOFF» ծրագիրը, որը նախատեսված էր ուսանողների և անկախ թատերախմբերի համար, որոնք Հայաստանից և արտերկրից են: Հաղթող ճանաչվեց Մարիամ Հարությունյանը՝ «Շեքսպիրյան Տրիլոգիա» բեմադրությամբ։ Այս բեմադրությունը անգլիացի դրամատուրգի ստեղծագործությունների վառ հերոսուհիների՝ Ջուլիետի, Դեզդեմոնայի, Լեդի Մակբեթի սիրո և դրանց խոցելի կողմերի մասին է:
Հաղթողին Երևանի Շեքսպիրյան 15-րդ միջազգային թատերական փառատոնը նվիրեց շեքսպիրյան թեմատիկայով նոր ներկայացման ամբողջական ֆինանսավորում:
Ծրագրի ժյուրիի նախագահը դրամատուրգ Կարինե Խոդիկյանն էր, ժյուրիի անդամները՝ թատերագետներ Տիգրան Մարտիրոսյանը, Հասմիկ Սեյմորը, Գայանե Թադևոսյանը, դրամատուրգ Էլֆիկ Զոհրաբյանը:
Երևանի Շեքսպիրյան 15-րդ միջազգային թատերական փառատոնը մեկնարկել էր նոյեմբերի 15-ին՝ Կիևի ազգային ակադեմիական երիտասարդական թատրոնի «Ամառային գիշերվա երազը» ներկայացմամբ։ Փառատոնը հյուրընկալեց 7 երկրից ժամանած ավելի քան 100 մասնակցի և հյուրի, որոնց թվում հեղինակավոր արվեստագետների, միջազգային փառատոնների տնօրենների՝ Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Բուլղարիայից, Իրանից, Թաթարստանից, Ուկրաինայից, ՌԴ-ից։ Երևանյան տարբեր բեմահարթակներում ցուցադրվեց շուրջ 15 ներկայացում:
Շեքսպիրյան միջազգային 15-րդ թատերական փառատոնի կայացմանը գործում ձեռք մեկնեցին անհատներ, այդ թվում Հայկ Գրիգորյանը, Տիգրան Հարությունյանը և այլք:
Փառատոնի հեդլայներներն էին «Թատրոն Կամրջի մոտ» («Театр у моста»)՝ «Մակբեթ» (ՌԴ, բեմադրիչ՝ Սերգեյ Ֆեդոտով) և Ռոդոփի դրամատիկական թատրոնի «12-րդ գիշեր» (Բուլղարիա) ներկայացումները։
Փառատոնի օրերին անցկացվեցին վարպետաց դասեր, որոնք վարեցին ՌԴ վաստակավոր արտիստ, Չեխիայի ազգային մրցանակի դափնեկիր, «Ոսկե դիմակ» փառատոնի դափնեկիր, ՌԴ պետական մրցանակի դափնեկիր Սերգեյ Ֆեդոտովը (ՌԴ), «Կնեբել» թատրոնի և «MiSHiNLaB» թատերական լաբորատորիայի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Միշինը (ՌԴ), դերասանուհի Աուրելիե Իմբերտը (Ֆրանսիա) և Նովորոսիյսկի քաղաքային թատրոնի գեղարվեստական ղեկավար, «Տեատրալնայա Գավան» փառատոնի ղեկավար Եվգենի Կուշպելը (ՌԴ)։
Երևանի Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնը աշխարհահռչակ Եվրոպական Շեքսպիրյան փառատոների ցանցի անդամ է: 2016թ․-ից փառատոնի տնօրենը Կարո Բալյանն է։ Փառատոնի հիմնադիրն է Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը:
Ի դեպ, ECO.am մեդիա հարթակը հանդիսանում էր փառատոնի ինֆորմացիոն աջակիցը։






Թողնել մեկնաբանություն