Գրեթե մեկ ամիս է ինչ մեկնարկել է Երևանյան լճի ափամերձ տարածքում հանգստի գոտու կառուցման աշխատանքները: Մինչ այդ, տարածքում ընթանում է մաքրման գործընթաց։
«25000 քմ տարածք արդեն մաքրել ենք, որտեղից շուրջ 12 000 խմ աղբ է տեղափոխվել, օրական՝ 40 մեքենա»,- ասում է Երևանյան լճի մաքրման աշխատանքները համակարգող Անդրանիկ Մելիքյանը:
«Նախատեսվում է բարեկարգել լճի ափամերձ տարածքի 2.8 հա հատվածը, կտեղադրվեն նստարաններ, աղբամաններ, կկառուցվի մարզահրապարակ, հեծանվուղի, ճեմուղի, տարածքը կլուսավորվի էներգախնայող լուսատուներով, կիրականացվեն նաև կանաչապատման աշխատանքներ»,-տեղեկացնում է Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը։

Նախաձեռնությունն աննախադեպ է, ծավալները՝ մեծ. հանգստի գոտին մաքրվում է շուրջ 50 տարվա աղբից: Ծրագրի համար բյուջետային մասհանումն ու համայնքի միջոցներից հատկացումների ծավալը հասնում է շուրջ 80 մլն դրամի:
«Քանի որ Երևան համայնքը բնապահպանական վճարներ է ստանում՝ ծրագիրը ներկայացրեցինք կառավարություն և հավանություն ստացանք՝ սկսելու մաքրման աշխատանքները: Ծավալն, իհարկե բավականին մեծ է, այս տարի առաջին անգամ ենք իրականացնում: Ծրագիրը լինելու է շարունակական, և մենք արդեն նոր մրցույթ ենք հայտարարել, որ մաքրման աշխատանքներ շարունակենք աշնանը»,- ասում է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:
Աղտոտվածության հիմնական պատճառը կենցաղային, ինչպես նաև շինարարական աղբն է, որը կուտակվում է լճի տարածքում՝ բնակիչների անբարեխիղճ պահվածքի հետևանքով: Միջավայրի համար պակաս վտանգավոր չեն լճում աճող եղեգնը: 16 հա զբաղեցնող եղեգնուտը հանգեցնում է ջրի չնախատեսված կորստի: Եղեգնուտը չորացնելու միջոցառումները մեկնարկել են դեռևս նախորդ տարվանից:
«Մեր գիտնականներից մեկը դիմում էր գրել, թե եղեգնը մեր գյուղատնտեսությանն ու ընդհանուր ջրային պաշարներին ինչ վնաս է հասցնում, օրինակ, մեկ եղեգնը ընդհանուր առմամբ շուրջ 300 լիտր ջուր է գոլորշիացնում: Անօդաչու սարքով կարողացանք հատուկ լուծույթով ամբողջ մակերևույթը ծածկել: Այս հատվածը հիմա պետք է եղեգնով պատված լիներ, ինչպես տեսնում եք՝ մաքուր է»,- նկատում է քաղաքապետը և տեղեկացնում, որ ծրագրով Հրազդան գետի վրա կտեղադրվի նաև ճաղավանդակ, կիրականացվեն աղբաորսիչ միջոցառումներ:
«Տեսնում եք, որ պլաստիկե շշեր և տարբեր առարկաներ են այս պահի դրությամբ ջրին լողում: Դրանց հոսքը կսահմանափակվի, և այլևս հնարավոր չի լինի, որ Հրազդան գետով այդ ամբողջ աղբը հասնի լիճ: Բացի այդ, այս ծրագրով ջրի մակերևույթը բավականին կբարձրանա, որը հնարավորություն կտա Արարատյան դաշտ ուղարկվող ջրի ծավալն ավելացնել և արդյունավետ օգտագործել»,- ընդգծում է քաղաքապետը:

Անդրադառնալով տարածքում հանգստի գոտի կառուցելու ծրագրին՝ Երևանյան լիճը մաքրելուն զուգահեռ, քաղաքապետը տեղեկացրել է, որ ծրագրի իրականացման համար հարկ կլինի ծախսել շուրջ 190 մլն դրամ․ «Սա Երևանի լավագույն միջավայրներից մեկն է, որը, ցավոք սրտի, աղտոտում ենք և հիմա պետական ու համայնքային բյուջեից գումարներ ենք ծախսում վերականգնելու համար: Ուրախ կլինեմ, եթե մեր քաղաքացիները Երևանը, մեր հայրենիքը մաքուր պահեն և դրանով նպաստեն մեր երկրի զարգացմանը»:
Տեղեկանք
Երևանյան ջրամբարը կառուցվել է դեռևս 1970թ.՝ Հրազդան գետի վրա, նախկին Նոր Կողբ գյուղի տարածքում: Այն լուծում է ոչ միայն ոռոգման ջրի պաշար կուտակելու խնդիրը, այլև, հաշվի առնելով Երևանի կլիմայական պայմանները, ամռանը մեղմում է քաղաքի շոգը, իսկ ձմռանը՝ ցուրտը:






Թողնել մեկնաբանություն