5 պատճառ Բյուրական այցելելու համար

https://eco.am/5-%d5%ba%d5%a1%d5%bf%d5%b3%d5%a1%d5%bc-%d5%a2%d5%b5%d5%b8%d6%82%d6%80%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%a1%d5%b5%d6%81%d5%a5%d5%ac%d5%a5%d5%ac%d5%b8%d6%82-%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d6%80/

Համաձայնեք, որ վայելում ենք բնության գրկում ժամանցն անցկացնելու համար  լավագույն վերջին շաբաթները։ Որպեսզի այն լինի և՛ առողջարար և՛ կրթական, լավ կլինի որևէ վայր մեկնելուց առաջ ուսումնասիրեք տեղանքը, մոտակա հետաքրքիր պատմական ու ժամանացային վայրերը։

Eco.am-ը հոգացել է ձեր ժամանակի մասին․ ներկայացնում ենք 5 պատճառ Բյուրականի գեղատեսիլ բնության ու պատմական վայրում ձեր էկո տուրը ճիշտ կազմակերպելու համար։

1 Ամբերդ Ամրոց

Միջնադարյան նախկին բերդաքաղաք և ամրոց Ամբերդը կառուցվել է 11-13-րդ դարերում, Արագած լեռան հարավային լանջին՝ Բյուրական գյուղից 7 կմ հյուսիս։ Տեղադրված է եռանկյունաձև հրվանդանին, ծովի մակերևույթից 2300 մետր բարձրության վրա՝ Արքաշեն և Ամբերդ գետերի միացման տեղում։ Ամբերդի տարածքում կան կիկլոպյան շինությունների մնացորդներ, իսկ մոտակայքում՝ վիշապաձկների քարակոթողներ։

Ամբերդ անունը բացատրվում է որպես ամպի բարձրության բերդ, կից-բերդ։ Հանդիպում է նաև Անբերդ տարբերակը՝ անառիկ, անմատչելի բերդ։ Կոչվել է նաև Հանբերդ, Համբերդ, Ղըզղալա անուններով։

1930-ական թթ․ Ամբերդում կատարված պեղումների արդյուքնում պարզվել է, որ ամրոցն ունեցել է բազմաթիվ ստորգետնյա մուտքեր, որոնք տանում են ամրոցից դեպի կիրճ, պաշտպանական անառիկ մի համակարգ և ջրամատակարարման համակարգ:

10-11-րդ դդ․ ամրոցում կառուցվել է սրբատաշ քարերով և ընդհատակյա ջեռուցման համակարգով բաղնիք: Այն գտնվում է իշխանական դղյակի դարպասի մոտ: Բաղնիքն ունի ուղղանկյուն հատակագիծ` հաջորդաբար տեղավորված հանդերձարանով, լողասրահով և ջեռուցման համակարգով: Սենյակներից մեկի պատին նշմարվում են որմնանկարչության հետքեր: Ուշագրավ է այն, որ Ամբերդում լավ է պահպանվել նաև դղյակի ջրահեռացման համակարգը:

Հեռավորությունը Երևանից ՝ 55 կմ դեպի հյուսիս։

2 Վահրամաշեն Եկեղեցի

Վահրամաշեն, երբեմն էլ Սուրբ Աստվածածին կամ Ամբերդի եկեղեցին կառուցել է Վահրամ Պահլավունին։ Հյուսիսային մուտքի մոտ գտնված արձանագրությունից պարզ է դառնում, որ կառուցումն ավարտվել է 1026 թ.։ Գտնվում է Արագած լեռան լանջին, Ամբերդ ամրոցում։ Եկեղեցին դրսից՝ ուղղանկյուն, ներսից՝ խաչաձև հատակագծով կենտրոնագմբեթ կառուցվածք է։

Առաջին եկեղեցիներից է, որոնք խաչ-թևերի չորս անկյուններում ունեն կրկնահարկ ավանդատներ։ Հովհարաձև վեղարով ավարտվող, 12 նիստանի թմբուկը հենվում է ավանդատների անկյուններից բարձրացող կամարներին։ Ծածկի ծանրությունը թեթևացնելու նպատակով տանիքի տարբեր մասերում, լիցքի մեջ տեղադրվել են կավե թրծված կարասներ։ Եկեղեցու արտաքին մասի ճարտարապետական լուծումը զուսպ է, համաչափությունները՝ ներդաշնակ։ Արևելյան ճակատի վրա կան ուղղաձիգ զույգ խորշեր, մյուս ճակատները հարթ են։

Սյունափնջերով զարդարված կամարակապ մուտքը բացվում է հարավային ճակատից։ Եկեղեցին ունի մի քանի արձանագրություններ, որոնցից մեկը՝ կառուցման վերաբերյալ արձանագրությունը արված է եկեղեցու ներսի հյուսիսային պատի վրա։

Հեռավորությունը Երևանից ՝ 44 կմ։

3 Քարի Լիճ

Ըստ ավանդազրույցի, երբ Արարատ լեռան և Արագած լեռան միջև վեճ ծագեց, թե ով է նրանցից ավելի գեղեցիկ և ավելի բարձր, Մարութա լեռը փորձեց հաշտեցնել նրանց, բայց ապարդյուն: Բարկանալով վերջինս անիծեց երկուսին ու ընդմիշտ բաժանեց միմյանցից: Հետագայում Արագածի լանջին լեռան արցունքներից գոյացավ Քարի լիճը: Բարձրությունը ծովի մակերևույթից 3200 մ է: Գրեթե տարվա բոլոր եղանակներին լճի շուրջը ձնածածկ է, իսկ լճի ջուրը բավականին սառն է: Բայց նույնիսկ սառը ջուրը չի կարող խանգարել լճում լողալ ցանկացողներին:

Լճի ափին է տեղակայված տիեզերական ճառագայթների գրանցման ու հետազոտման կայանը, որը կառուցել են Ալիխանյան եղբայրները (Արտեմ Ալիխանյան, Աբրահամ Ալիխանով) 1942թ.-ին: Լճի հայելու մակերեսը՝ 0,12 կմ2, խորությունը՝ 9 մ։ Բյուրականից Քարի լիճ կա երթևեկելի ճանապարհ։

Հեռավորությունը Երևանից ՝ 70 կմ։

4. Տեղերի վանք

Տեղեր (Դղերի) վանական համալիրը գտնվում է Արագածոտնի մարզի Տեղեր գյուղում: Համալիրի կազմում են գմբեթավոր եկեղեցին և գավիթը: Եկեղեցի,ն ըստ գմբեթի թմբուկի հարավային կողի վրա պահպանված արձանագրության, կառուցվել է 1213 թվականին (XIIIդ.), իշխան Վաչե Վաչուտյանի կնոջ՝ Մամախաթունի կողմից։ Ճարտարապետն է եղել Աղբայրիկ վարդապետը։ Համալիրը կառուցված է ոչ մեծ բլրի վրա, մուգ մոխրագույն բազալտից:

Սկզբունքային նորություն և բացառիկ երևույթ են գավթի ծածկի վրա հյուսիս-արևմտյան և հարավ-արևմտյան անկյուններում առկա գմբեթավոր մատուռները: Երկրորդ հարկի այդ մատուռներն անմիջականորեն առնչվում են գավթում թաղված ննջեցյալների հիշատակի հավերժացման հետ:

Տեղեր գյուղը հնում հայտնի է եղել իր շրջակայքում աճող դեղաբույսերով և անվանվել էր Դղեր-Դեղեր: Վանքի պատերի մոտ մինչ օրս կանգուն է մի շինությունը, որտեղ բուժվում էին հայ մարտիկները: Պատմում են, որ վաղամեռիկ դստեր հիշատակին Մամախաթունը Սուրբ Աստվածածնի անունը կրող յոթ եկեղեցի է կառուցել Արագածոտնի տարածքում:

Դեպի Տեղերի վանք տուրերի սեզոնայնությունը կախված է եղանակային պայմաններից:

Հեռավորությունը Երևանից ՝ 31 կմ։

5 Բյուրականի Աստղադիտարան

Բյուրականի աստղադիտարանը հիմնադրվել է 1946 թ, Աստղադիտարանի առաջին տնօրենի` Վիկտոր Համբարձումյանի նախաձեռնությամբ։ Այն կառուցված է Արագած լեռան հարավային լանջին։ Աստղադիտարանի գիտական գործունեությունն ուղղված է տիեզերքում անկայուն երևույթների հետազոտմանը, որի համար նախատեսված է 5 հիմնական դիտակ։ Աստղադիտարանում է գտնվում Եվրոպայում ամենախոշոր դասական աստղադիտակներից մեկը, որի հայելու տրամագիծը կազմում է 2,6 մ, 1 մ տրամագծով մուտքի բացվածքով Շմիդի համակարգի աստղադիտակը։ Այստեղ է գտնվում նաև ռադիոօպտիկական աստղադիտակը և շատ այլ սարքեր:

Հիմնական և օժանդակ կառույցներից բաղկացած աստղադիտարանը՝ որպես ճարտարապետական համալիր, նախագծել է հայ նշանավոր ճարտարապետ Սամվել Սաֆարյանը։ 1998 թվականից աստղադիտարանը կրում է Վիկտոր Համբարձումյանի անունը։

1947 թ-ին Բյուրականի աստղադիտարանում անցկացված հետազոտությունների շնորհիվ բացահայտվել են աստղասփյուռները՝ երիտասարդ աստղերի խմբերը։ Հարկ է նաև նշել, որ այստեղ է առաջին անգամ ապացուցվել, որ մեր ժամանակներում ևս շարունակվում են աստղերի առաջացման երևույթները:

Աստղադիտարանում վերաբացվել է «Երկնակամար» աստղացուցարանը (պլանետարիումը)։️ Ֆիլմերը նախատեսված են տաբեր տարիքային խմբերի համար։

Պլանետարիումը հասանելի է շաբաթ և կիրակի օրերին՝ ժամը 10։00-23։00

Դեպի Բյուրականի աստղադիտարան տուրերի սեզոնայնությունը կախված է եղանակային պայմաններից:

Հեռավորությունը Երևանից ՝ 26 կմ։

 

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով