Վերջին օրերին, եղանակի տաքացմանը զուգահեռ, կարծես թե սողուններն ակտիվացել են։ Վերջին դեպքը Տավուշի մարզում էր Բերդավան գյուղի տներից մեկում փրկարարները տներից մեկում օձ էին հայտնաբերել։ Նման դեպքեր արձանագրվել են նաև Երևանում։
Ինչպես տեղեկացնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնը 2021 թվականին Հայաստանում արձանագրվել է օձի խայթոցի 111 դեպք, որից 1․ 10.8%-ը Երևան քաղաքում, իսկ 89.2%-ը՝ մարզերում: Ամենաշատ դեպքերն արձանագրվել են Արմավիրի (25 %) և Արարատի (20 %) մարզերում։
Միաժամանակ, դեպքերի 86.5%-ն արձանագրվել է տղամարդկանց շրջանում, իսկ 13.5%-ը՝ կանանց շրջանում: Դեպքերի 91%-ը գրանցվել է մեծահասակների, իսկ 9%-ը՝ 0-18 տարեկան բնակչության շրջանում:
Օձի խայթոցից խուսափելու համար անհրաժեշտ է իմանալ մի քանի պարզ կանոն:
1․ Զով օրերին օձերը սիրում են պառկել քարերին և տաքանալ, իսկ շոգ եղանակին թաքնվում են քարերի տակ՝ ստվերում:
2․ Եթե զբոսնում եք այնպիսի վայրերով, որտեղ օձերի առկայության հավանակությունը մեծ է, հագե՛ք երկարաճիտ կոշիկներ և ոչ սանդալներ կամ կտորից կոշիկներ: Վերցրե՛ք երկար փայտ թփերը հրելու համար:
3․ Եթե տեսնում եք օձին հարձակման դիրք ընդունած, ապա կանգնե՛ք և դանդաղ հետ քաշվե՛ք:
4․ Եթե, այնուամենայնիվ, օձը խայթել է, տուժածին անհրաժեշտ է ցույց տալ շտապ բուժօգնություն: Առաջին հերթին արձակե՛ք վերնաշապիկի կոճակները, օձիքը և գոտին, կապե՛ք կծած վերջույթը: Ձեռքի վնասվելու դեպքում այն պետք է անշարժացնել այնպես, որպեսզի քայլելիս չշարժվի: Եթե վնասվել է ոտքը, պետք է պատրաստել ինքնաշեն պատգարակ, որպեսզի ոտքը լինի բարձրացված: Խայթոցի շրջանը պետք է մշակել կալիումի պերմանգանատի լուծույթով, տուժածին որքան հնարավոր է շատ ջուր տալ, կարելի է ընդունել նաև որևէ հակահիստամինային միջոց, ապա պետք է տուժածին շտապ հասցնել մոտակա բժշկական հաստատություն, որտեղ նրան կներարկեն հակաօձային շիճուկ:
5․ Առաջին բուժօգնության դեպքում հակացուցված է վերքից արյուն արտածծելը, խայթոցի տեղը այրելը, կամ կտրվածքներ անելը: Ալկոհոլային միջոցների օգտագործումը կտրականապես արգելվում է, քանի որ այն ուժեղացնում է օձի թույնի ներծծումը և դրա թունավոր ազդեցությունը:






Թողնել մեկնաբանություն