Արձակուրդի շրջանում հանգստի մեկնելիս, հատկապես ծովափնյա հանգստի, քչերն ունեն սովորություն արևից պաշտպանվող միջոցներ վերցնել։ Սակայն, պաշտպանիչ միջոցներ ասելով շատերը միանգամից մտածում են արևապաշտպան քսուկների մասին, սակայն ոչ պակաս կարևոր է նաև ճիշտ ընտրված հագուստը։
Eco.am-ն առաջարկում է հետևել ներկայացրած խորհուրդներին և ամենուրեք արևի ճառագայքներից կլինեք պաշտպանված։
1.Նախ, արևից պետք է պաշտպանվել նաև առօրյայում
Ամռանն արևի տակ գտնվելն ունի ժամային սահմանափակումներ՝ առավոտյան մինչև 11:00-ն, երեկոյան՝ 16:00-ից հետո: Ինչո՞ւ. քանի որ 11:00-16:00-ն ընկած ժամանակահատվածն արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների ամենաինտենսիվ շրջանն է, որը կարող է վտանգավոր լինել առողջության համար:
Եթե չի ստացվում վերոնշյալ ժամերին խուսափել արևի ուղիղ ճառագայթներից, ապա պետք է՝
1․կրել բաց գույնի գլխարկ՝ բնական կտորից
2․կրել լայն, թեթև, մարմինը ծածկող, բնական կտորից կարված հագուստ
3․ օգտագործել արևապաշտպան SPF քսուքներ. որքան մաշկի գույնը բաց է, այնքան SPF գործակիցը բարձր է (10-40):
Ջերմային հարվածի նշաններն են՝
1․ գլխացավ
2․ մարմնի ջերմության բարձրացում
3․ սրտխառնոց
4․ փսխում
5․գիտակցության մթագնում կամ կորուստ:
Առաջին բուժօգնությունը՝
1․ տուժածին տանել ստվերի տակ
2․շատ հեղուկ տալ
3․ զովացնել տուժածին՝ հովհարով, թաց թրջոցներ դնել ճակատին, պարանոցին, գլխի հատվածում, թաց սավանով ծածկել:

2. Շատ ջուր խմեք
Նման տարածված տեսակետ կա, որ բոլոր չափահաս մարդկանց համար՝ կիլոգրամ քաշին 30 միլիլիտր ջուր, այսինքն՝ 60 կգ կշռող մարդն օրական պետք է 1,8 լիտր ջուր խմի, դա մինիմալ ծավալն է: Ծավալները մեծանում են՝ կախված մարդու ընդունած սննդից, արևի տակ գտնվելու ժամանակահատվածից, ֆիզիկական ակտիվությունից: Այն մարդը, որը բավարար ջուր է խմում, շատ ավելի առողջ է:
3. Եթե արդեն արևահարվել եք
Եթե ունեք թեթև՝ 1-ին, 2-րդ Ա կարգի այրվածքներ, այսինքն խորը մաշկային վնասվածքներ չկան, ամենալավ միջոցը սառը թրջոցներն են: Մեզանում տարածված է նման դեպքերում մաշկին տոմատի մածուկ կամ մածուն քսելը, որը մեր ժամականերում ընդունելի չէ: Կարծում եմ՝ դա արվել է պարզապես այլ սառը միջոց չունենալու պատճառով, բայց 21-րդ դարում այդ խնդիրը չկա:
Հիշեք, որ կտրականապես չի կարելի ձեթ քսել այրված մաշկին, քանի որ ձեթը փակում է ծակոտիները և խանգարում է ջրի գոլորշիացմանը՝ մարմնի ջերմատվությանը:
4. Եթե ականջի մեջ ջուր է լցվել
Ծովում կամ լողավազանում լողալիս երբեմն ականջի մեջ կարող է ջուր լցվել: Դա սովորաբար ինքն իրեն անցնում է: Պարզապես պետք է ուշադիր լինել, հաճախակի պառկել տվյալ ականջի կողմը, որպեսզի ջուրը դուրս գա: Եթե անցուղին մաքուր է, որևէ խնդիր չի լինի, բայց եթե ունենք ծծմբային խցան, այն կլանում է ջուրը, խցանը չափերով մեծանում է և փակում է լսողական անցուղին: Եթե 1-2 օր անց խնդիրը չի լուծվում, անհրաժեշտ է դիմել բժիշկի: Առավել վատ է, եթե թմբկաթաղանթի վնասվածք ունեք, այդ դեպքում ջուրը կարող է մտնել միջին ականջ՝ առաջացնելով ականջաբորբ: Այս դեպքում ահազանգում եք բժիշկին հնարավորինս արագ՝ հետագայում լսողության հետ կապված խնդիրներից խուսափելու համար:
5. Եթե ճանապարհ գնալիս սրտխառնոց եք զգում
Ճանապարհ գնալիս ցանկացած դիսկոմֆորտ՝ լինի գնացքով, մեքենայով, նավով, թե ինքնաթիռով, կապված է վեստիբուլյար ապարատի անբավարարության հետ (հնուց հայտնի է որպես ծովային հիվանդություն):
Նման դեպքերում պետք է քչացնել նախօրոք ընդունվող սննդի քանակը, մաստակ ծամել, ցանկալի է՝ կծու համերով, իսկ դեղորայք ընդունել բացառապես բժշկի ցուցումով:
Երեխաների հետ ճանապարհորդելիս չենք մոռանում մարմնի ճիշտ դիրքի մասին: Այստեղ մեզ օգնության են գալիս քարսիթները, որոնք ֆիքսում են երեխայի դիրքը՝ հնարավորինս կանխելով ավելորդ թափահարումները:
Եթե մեքենայով եք երթևեկում, ապա անհրաժեշտ է հաճախակի կանգառներ անել, օդափոխվել, հնարավորության դեպքում՝ քայլել:
Բարձրադիր գոտուց դեպի ցածրադիր գոտի կտրուկ անցումների ժամանակ ձգտում ենք դանդաղընթաց լինել, խոսել, զրուցել, մաստակ ծամել՝ ապահովելով թմբկաթաղանթի վրա ներքին և արտաքին հավասարաչափ ճնշումներ:
Հիշեք` եթե դիսկոմֆորտը, սրտխառնոցը կապված է միայն ճանապարհ գնալու հետ, ապա դա պաթոլոգիա չէ, այլ ձեր առանձնահատկությունը:





Թողնել մեկնաբանություն