Արևային էներգիայի ազդեցությունը կլիմայի փոփոխության վրա. տեսանյութ

https://eco.am/4270-2/

Տարեց տարի էլեկտրաէներգիայի ու գազի գնաճն իսկական գլխացավանք է դառնում սպառողի համար, հատկապես՝ ձմռանը։ Հայաստանում, մասնավորապես մարզերում, սպառողը ձմռանը ջեռուցման համար, որպես այլընտրանք առաջին հերթին նախընտրում է օգտվել էներգիայի ավանդական աղբյուրներից։ Կամ դիմում է ծառահատման տարբերակին, որը նախ վնասում է շրջակա միջավայրը, ապա օգտագործման դեպքում` աղտոտում օդը։ Կամ մի մասն էլ, որպես ջեռուցման այլընտրանք օգտագործում է դիզելային վառելիք, տեղադրելով համապատասխան վառարաններ, սակայն դրանք նախընտրողները քիչ տոկոս են կազմում։

Աշխարհում արդեն վաղուց սպառողը նախընտրում է օգտվել այլընտրանքային էներգիայի աղբյուրներից՝ առավելություն տալով արևային էներգիային։

Ավանդական էներգիայի աղբյուրների հետևանքը

էներգիայի ավանդական աղբյուրները օգտագործելու ընթացքում սպառվում են և մեծ վնաս հասցնում շրջակա միջավայրին։ Թերևս, այս դասակարգումը լիարժեք չի արտահայտում իրական պատկերը, օրինակ` ատոմային էներգետիկային, որը մի քանի տարվա գործածման պատմություն ունի և հսկայական վնաս է հասցնում բնությանը: Իսկ քամու միջոցով ստացվող էներգիան, թեև վաղուց է կիրառվում, բայց համարվում է էներգիայի անվնաս աղբյուր: Նույնը կարելի է ասել ջրի էներգիայի մասին, որը լեռնային երկրներում օգտագործվում է շատ վաղուց: 

Ինչ է իրենից ենթադրում այլընտրանքային էներգիան

Էներգիայի այլընտրանքային աղբյուրներն իրենցից ենթադրում են վերարտադրվող և շրջակա միջավայրի համար անվտանգ էներգիայի աղբյուրներ։ Ոչ ավանդական, այլընտրանքային էներգիայի աղբյուրների օգտագործումը թույլ է տալիս զգալիորեն նվազեցնել շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունը, ինչպես նաև կրճատում է էներգիայի ստացման ծախսերը: Էներգոխնայողությունն ապրելակերպ է, ինչն էապես կարող է նպաստել և՛ շրջակա միջավայրի, և՛ ամբողջ մոլորակի բնապահպանական խնդիրների լուծմանը:

Ի դեպ, ներկայիս տեխնոլոգիաները, որոշակի ներդրում կատարելուց հետո, թույլ են տալիս նույնիսկ տնային տնտեսություններին ունենալ սեփական, բնական էներգիայի ստացման աղբյուրներ, գեներատորներ և անկախանալ ընդհանուր էներգետիկական ցանցից: Սակայն բնակչության կողմից դեռ հավուր պատշաճի ուշադրություն չի դարձվում և չի ընկալվում էներգիայի և ռեսուրսների խնայման կարևորությունն ու դրանց անխնա սպառման հետևանքները` հատկապես գալիք սերունդների համար:

Յուրաքանչյուր 20 րոպեի ընթացքում երկրին հասնող արևային էներգիայի քանակը հավասար է էներգիա սպառող հիմնական երկրիների մեկ տարվա ընթացքում օգտագործած հանածո վառելանյութից ստացված էներգիային: Երկիր հասած էներգիայի մեծ մասը կլանում է Երկրի մակերույթը, փոխանցում է ծովերի, լճերի և գետերի ջրերին, ինչպես նաև բույսերին: Մի փոքր մասը քամիների, ալիքների առաջացման պատճառ է դառնում: Ժամանակակից այլընտրանքային էներգիայի արագ զարգացող ու տարածվող աղբյուրն այսօր համարվում է արևային էներգիան։

Արևային էներգիան որպես էկոլոգիապես մաքուր այլընտրանք

Արևային էներգիան էկոլոգիապես մաքուր, հսկայական և անսպառ ռեսուրս է։ Դեռևս 20-րդ դարի երկրորդ կեսից սկսած արևային էնէրգիան էլեկտրական էներգիային փոխակերպելու համար մարդիկ սկսեցին մեթոդներ մշակել: Արևային էներգիան կարող է ձևափոխվել էլեկտրաէներգիայի, ինչպես նաև ջերմային և այլ տեսակի էներգիաների: Արևային ջերմությունից այլ տեսակի էներգիաների ստացման տեխնոլոգիաները բազմաթիվ են: Օրինակ, էլեկտրաէներգիա ստացվում է արևային լուսաէլեկտրական (ֆոտովոլտայիկ) մոդուլների (պանելների) միջոցով՝ արևային ճառագայթումն անմիջականորեն էլեկտրական էներգիայի փոխակերպելով:

Սակայն արևի բացակայությունը գիշերային, երբեմն էլ ցերեկային ժամերին, կախված տարվա եղանակից, խոչընդոտում են նրա արդյունավետ օգտագործմանը: Բացի այդ, արևի էներգիան լիարժեք օգտագործելու համար անհրաժեշտ է կուտակել, իսկ կուտակելու համար մեծածավալ սարքավորումներ են պահանջվում: Որքան մեծ է կուտակվելիք էներգիայի պաշարը, այնքան մեծածավալ կուտակիչներ են անհրաժեշտ:

Երբ է սկիզբ առել արևային էներգիան

Արևային էլեկտրակայանները առաջին անգամ ստեղծվել են 1980-ական թվականներին: Առաջինը եղել է Կալիֆորնիայում: Այսօր արևային էներգիայի արտադրության ոլորտում աշխարհի առաջատար երկրներն են` ԱՄՆ-ը, Իսպանիան, Չինաստանը, Գերմանիան, Իտալիան, Հնդկաստանը: Աշխարհի ամենահզոր էլեկտրակայանը գտնվում է Հնդկաստանում: Արևային էներգիան լայն կիրառություն ունի Իսրայելում: Այս երկրում գտնվող բազմահարկ շենքերի մոտ 95%-ը ջուր տաքացնելու համար կիրառում են հատուկ արևային տաքացուցիչներ, ինչը հանգեցնում է մոտ 4% էներգախնոյողության ամբողջ երկրի մասշտաբով: Նմանատիպ սարքավորումներ Չինաստանում կիրառում է շուրջ 60 մլն ընտանիք:

Արևային էներգիայի ռեսուրսները Հայաստանում

Հայաստանում ևս արագորեն զարգանում է արևային ջերմային էներգետիկան: Չանտեսենք, որ Հայաստանը հարուստ է արևային էներգիայով (1մ հորիզոնական մակերևույթի վրա արևային էներգիայի հոսքի միջին տարեկան արժեքը կազմում է 1720 կՎտժ/մ, իսկ հանրապետության տարածքի մեկ քառորդն օժտված է տարեկան 1850 կՎՏԺ/մ ինտենսիվությամբ արևային էներգիայի պաշարներով):

Մասնավոր հատվածի կողմից ներմուծվում են ինչպես արևային ջրատաքացուցիչ համակարգերի առանձին մասեր, դրանց հետագա հավաքակցման նպատակով, այնպես էլ ամբողջական համակարգեր: Ներկայումս ՀՀ-ում արևային ջրատաքացուցիչների տեղակայանքների կիրառումը բերում է ոչ միայն էներգախնայողության, այլ նաև դարձել է տնտեսապես շահավետ:

Հայաստանի չգազաֆիկացված համայնքներում 2017թ. օգոստոսին մեկնարկել է «Էներգաարդյունավետ» վարկային ծրագիրը, որի շրջանակներում 2019թ. մայիսի 31-ին դրությամբ տեղադրվել են թվով 2685 արևային ջրատաքացուցիչ և 101 արևային ֆոտովոլտային համակարգեր:

Առաջիկա տարիներին Հայաստանը նախատեսում է զարկ տալ վերականգնվող էներգետիկայի՝ հատկապես արևային էներգետիկայի զարգացմանը: Հունվարի 14-ին գործադիրը հավանություն տվեց «ՀՀ էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրին (մինչև 2040 թվականը)» և այս ծրագրի իրականացումն ապահովող ծրագիր-ժամանակացույցին: Ըստ ծրագրի՝ մինչև 2030թ. արևային էներգիայի արտադրության մասնաբաժինը էներգետիկ համակարգում նախատեսվում է հասցնել 15%-ի՝ 1.8 մլրդ կՎտժ: Այդ նպատակով կկառուցվեն 1000 ՄՎտ ընդհանուր հզորությամբ արևային էլեկտրակայաններ, ներառյալ ինքնավար կայաններ:

Հայաստանում արտադրվում են արևային ջերմային կոլեկտորներ (ջրատաքացուցիչներ) 1.38-4.12 մ ստանդարտ չափերով: Ջրատաքացուցչի 2.75 մ  տարբերակը օրական արտադրում է 120 լ տաք ջուր:
Հայաստանում ստեղծված են բազմաթիվ մեխանիզմներ խթանելու վերականգնվող էներգետիկ աղբյուրների օգտագործումը: Օրինակ, համաձայն 2001 թ. մարտի 7-ին ընդունված «էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի` տասնհինգ տարվա ընթացքում փոքր հիդրոէլեկտրակայանների կողմից և էներգիայի վերականգնվող այլ ռեսուրսների (հողմային, արեգակնային, երկրաջերմային և կենսազանգվածի) կիրառմամբ էլեկտրակայանների կողմից քսան տարվա ընթացքում արտադրվող ամբողջ էլեկտրաէներգիան ենթակա է պարտադիր գնման՝ շուկայի կանոններով սահմանված կարգով:
Շենքերում և շինություններում էներգիան օգտագործվում է ջեռուցման, հովացման, օդափոխության, լուսավորության, կերակրի պատրաստման, լվացքի, չորացման նպատակներով, ինչպես նաև էլեկտրական սարքերում: Ըստ գնահատականների, շենքերում օգտագործվում է երկրում արտադրված ողջ էներգիայի 50%-ը: Այսօր Հայաստանում գործում են 30-ից ավել արևային տեխնոլոգիաներով զբաղվող ընկերություններ:

Արևային էներգիայի ազդեցությունը կլիմայի փոփոխության վրա

Հաճախ ենք լսում, որ արևային էներգիան օգտակար է շրջակա միջավայրի համար, բայց երբևէ մտածե՞լ եք, թե ինչո՞ւ կամ ինչպե՞ս: Կան բազմաթիվ պատճառներ, թե ինչու է արևային էներգիան այդքան ձեռնտու: Արեգակի համար կան որոշ ֆինանսական օգուտներ, ինչպիսիք են խնայողությունները ձեր էլեկտրական հաշիվը իջեցնելու միջոցով: Կան նաև որոշ այլ առավելություններ: Որոշ մարդկանց պարզապես դուր է գալիս կանաչ և էներգետիկ առումով ավելի անկախ լինելու գաղափարը:

Արևային էներգիան կարող է փոխակերպվել էլեկտրական էներգիայի՝ ֆոտովոլտային վահանակների և այլ տեխնոլոգիաների միջոցով: Արևի էներգիան կարող է օգտագործվել տաք ջրի ստացման և տան ջեռուցման համար: Արևային էներգիան չի աղտոտում շրջակա միջավայրը և չի առաջացնում ածխածնի երկօքսիդի արտանետումներ: Այն չունի վնասակար արտանետումներ, որոնք վտանգ են ներկայացնում շրջակա միջավայրի համար: Արևային մարտկոցները վերամշակելի են և տևում են առնվազն 25 տարի: Արևային մարտկոցները օգնում են նվազեցնել վտանգավոր թափոնները, որոնք արտադրում են ածուխը և նավթային էներգիայի արտադրությունը: Այն նվազեցնում է օդի և ջրի աղտոտումը և չի արտանետում ջերմոցային գազեր։ Արեգակը ծախսարդյունավետ է և նվազեցնում է կախվածությունը թանկ վառելիքից և գազից:

Արևային էներգիան նվազեցնում է առողջության համար վտանգների ռիսկերըը, շնչառական համակարգի, քաղցկեղի տարբեր տեսակների և սրտանոթային խնդիրներ ունեցողների համար:

Արեգակի կայուն բնույթը պաշտպանում է ներկա սերնդի կարիքները՝ առանց վտանգելու ապագա սերնդի կարիքները:

Եվ, վերջիվերջո, անցնելով արևային էներգիային՝ կպայքարենք գլոբալ տաքացման խնդրի դեմ։

Արևային էներգիայից օգտվելու 5 պատճառ

1.Նվազեցնում է օդի աղտոտումը

Կեղտոտ օդը վնասակար է շրջակա միջավայրի, մեր առողջության համար և վատ է գեղագիտության տեսանկյունից: Երբ աղտոտիչները սավառնում են օդում, ամեն ինչ ավելի վատ է թվում:

Արևային վահանակներն օգնում են ազատվել օդի աղտոտվածությունից: Ձեր արևային մարտկոցները ստեղծում են մաքուր էներգիա, որը չի նպաստում օդի աղտոտմանը:

2.Նվազեցնում է ջրի օգտագործումը

Հիդրոէներգիան և միջուկային էներգիան էլեկտրաէներգիա արտադրելու համար շատ ջուր են օգտագործում: Հաճախ ջրի հոսքը և էլեկտրաէներգիայի արտադրությունը վերահսկելու համար անհրաժեշտ է ամբարտակ կառուցել: Պատնեշների հետ կապված խնդիր կա, որ ջրերը վնասելը զգալի ազդեցություն կունենա տեղական էկոհամակարգի վրա:

Արևային մարտկոցներն էներգիա են ստեղծում առանց ջրի և ոչ էլ բացասական ազդեցություն են ունենում էկոհամակարգի վրա: Սա կօգնի նաեւ լուծել ջրի սակավության հարցը:

3.Նվազեցնում է կախվածությունը էներգիայի չվերականգնվող աղբյուրներից

Արդեն նշեցինք, որ որոշ մարդիկ սիրում են վայելել արևային էներգիան, քանի որ սիրում են լինել էներգետիկորեն անկախ: Բայց արեգակը կարող է նաև օգնել նվազեցնելով մեր կախվածությունը էներգիայի ոչ նորոգվող աղբյուրներից, ինչպիսիք են հանածո վառելիքը: Նախ և առաջ, այդ չվերականգնվող էներգետիկ ռեսուրսները ստեղծում են շատ աղտոտիչներ, որոնք բացասաբար են ազդում օդի որակի վրա: Երկրորդ՝ չվերականգնվող ռեսուրսները չեն կարող նորացվել, քանի որ, ի վերջո, կսպառվեն: Որքան շուտ և ավելի լիարժեք կարողանանք անցում կատարել վերականգնվող էներգիայի, այնքան լավ և՛ շրջակա միջավայրի, և՛ մեր տեսակների համար:

4.Երկարաժամկետ հեռանկարում բարելավում է մարդկության առողջությունը

Արդեն նշեցինք, որ արևային էներգիայի համակարգը կարող է օգնել մեզ նվազեցնել ջրի սակավությունը, բայց ավելի մաքուր օդը կարող է դրական ազդեցություն ունենալ մարդկության առողջության վրա: Ըստ էության, ստացվում է, որ արևային էներգիայից օգտվելով կարող ենք փրկել ավելի քան 25,000 կյանք: Ինչպես ասում են՝ ավելի մաքուր օդի հետ գալիս են ավելի մաքուր թոքեր:

5.Օգնում է պայքարել կլիմայի փոփոխության դեմ

Վերջապես, ոչ պակաս կարևոր է կլիմայի փոփոխության խնդիրը։ Աղտոտիչների և լրացուցիչ CO2- ի անընդհատ թափանցումը դժվարացնում օդի մաքրելը: Ածխածնի քանակի ավելացման հետ մեկտեղ կավելանա նաև արևից ջերմության պահպանումը: Փոփոխվող օդի պայմանները կշարունակեն ազդել տարբեր կլիմայական պայմանների վրա, ինչի արդյունքում ոմանք տաքանում են, մյուսները`սառչում, և եղանակային պայմաններն ամեն տեղ դառնում են ավելի անակնկալ և փոփոխական։

Արևային էներգիան այն եղանակներից մեկն է, որով մենք կարող ենք փորձել կանխել կլիմայի փոփոխության հետևանքները: Նվազեցնելով CO2- ի մեր արտանետումները և ավելի քիչ աղտոտող նյութեր արձակելով օդում ՝ բոլորս կարող ենք մեր ներդրումն ունենալ կլիմայի փոփոխությունը դանդաղեցնելու համար:

Թեպետ, Հայաստանը մի փոքր ավելի ուշ է սկսել զբաղվել արևային էներգիայով, բայց ցուցանիշներով մոտավորապես երկու անգամ ավելի լավ արևի գործակից ունի, քան եվրոպական մի շարք երկրներ։ Բայց, փաստ է, որ տեղադրված արևային կայանների քանակով բավականին զիջում ենք Եվրոպային։

Eco.am-ի հետ զրույցում Հայաստանում այլընտրանքային էներգիայի ոլորտում խոշորագույն ընկերություններից մեկի՝ «ԷկոՎիլ» ընկերության գործադիր տնօրեն Վարդան Հովսեփյանը վստահեցրեց, որ տեղադրված արևային կայանների քանակով Եվրոպային զիջելով հանդերձ՝ վերջին տարիներին տեղադրման տեմպը դրական է և հեռու չէ այն օրը, որ կկարողանանք հասնել մեծ երկրների ցուցանիշներին։

«Արևային ոլորտն այսօր շատ է նպաստում, որպեսզի ածխաթթու գազերը կրճատվեն, ինչն ուղիղ համեմատական է, որ արևային էներգիայի միջոցով փորձում ենք դանդաղեցնել գլոբալ տաքացումը։ Այն առաջնային խնդիր է համարվում ողջ մոլորակի համար»,- ասում է ընկերության գործադիր տնօրենն ու փաստում, որ հաճախորդների համար արևային էներգիան նպաստավոր է մի քանի տեսանկյուններից:

«Այսօր Հայաստանում յուրաքանչյուր հաճախորդ, լինի իրավաբանական, թե՝ ֆիզիկական անձ, տեղադրելով արևային կայանք հնարավորություն ունի ոչ միայն խնայել տարիների ընթացքում, այլ հենց առաջին իսկ օրվանից՝ վճարել ավելի քիչ, քան մինչ այդ վճարում էր հոսանքի դիմաց։ Այսինքն՝ ունենում են խնայողություն, անկախություն և կարողանում են էկոլոգիային մեծ օգնություն ցուցաբերել։ Իսկ էկոլոգիային օգնել ցանկացողները բավականին շատ են՝ հնարավորություն ունեցողներն են քիչ»,- արձանագրեց Վ. Հովսեփյանը։
Վարդան Հովսեփյանի հետ զրույցն ամբողջությամբ՝ դիտե՛ք տեսանյութում.

«ԷկոՎիլ» ընկերության մարքեթինգի տնօրեն Գայանե Ղարսլյանն էլ հավաստիացրեց, որ ընկերության կողմից առաջարկվող նախագծերի շնորհիվ հանրության շրջանում կընդլայնվի արևային էներգիայից օգտվելու հետաքրքրությունը։ Բազմաթիվ նախագծերից մեկը վիրտուալ անտառի գաղափարն է, որտեղ յուրաքանչյուր ոք, ով կսկսի օգտագործել արևային համակարգ, կունենա սեփական ծառը՝ «էկովիլի» վիրտուալ անտառում։

«Օրինակ, ինչ-որ մի գյուղում տեղադրվեց իքս քանակությամբ արևային համակարգ, միևնույն ամսում կկազմակերպվի ծառատունկ։ Այսպիսով, ողջ Հայաստանում զարկ կտանք այն գաղափարին, որ մարդիկ ոչ միայն ձեռք են բերում անկախություն, ոչ միայն խնայում են՝ արևային համակարգ օգտագործելով, այլ նպաստում են բնապահպանությանը և մտածում ապագա սերունդների մասին»,- ասաց Գ. Ղարսլյանը։

Ընկերության մարքեթինգի տնօրենը բացառեց այն տարածված կարծիքը, թե արևային էներգիան իրենից ճառագայթ է ենթադրում. «Այն բացարձակ կապ չունի ճառագայթման հետ, ավելին՝ այն նվազեցնում է օդի աղտոտվածությունն ու կրճատում սրտանոթային հիվանդությունների թիվը»։
Գայանե Ղարսլյանի հետ զրույցն ամբողջությամբ՝ դիտե՛ք տեսանյութում.

Լուսանկարները՝ «ԷկոՎիլ» ընկերության արխիվից
Հոդվածը պատրաստվել է հիմնվելով հետևյալ կայքերի տեղեկատվությունից՝
https://www.purepointenergy.com/blog/2019/may/fighting-global-warming-with-solar-energy/
https://us.sunpower.com/how-does-solar-energy-help-environment
https://www.renewableenergyhub.co.uk/main/solar-panels/how-long-do-solar-panels-last-insurance-for-solar-panels/
https://www.purepointenergy.com/blog/2020/may/why-solar-is-a-good-long-term-investment/
https://www.vivintsolar.com/learning-center/benefits-of-solar-energy-to-the-environment

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով