«40-ից բարձր օդի ջերմաստիճանի դեպքում բացօթյա աշխատանքը պետք է սահմանափակվի»․ Ռուբեն Գրիգորյան

https://eco.am/40-%d5%ab%d6%81-%d5%a2%d5%a1%d6%80%d5%b1%d6%80-%d6%85%d5%a4%d5%ab-%d5%bb%d5%a5%d6%80%d5%b4%d5%a1%d5%bd%d5%bf%d5%ab%d5%b3%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%a4%d5%a5%d5%ba%d6%84%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a2%d5%a1/

Ըստ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի հուլիսի 19-ին և 20-ին հանրապետության տարածքը կշարունակի գտնվել Արաբական թերակղզու շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում։ Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր։ Խորհուրդ է տրվում  ժամը 11։00-ից մինչև 17։00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։

«Այս շոգ եղանակով պայմանավորված՝ մարդն իր սովորական կենսագործունեությունն ապահովելու համար ստիպված է կատարել կրկնակի աշխատանք, արհեստական ծանրաբեռնվածություն է առաջանում մեր օրգանիզմի սիրտանոթային և շնչառական համակարգերի վրա: Հետևաբար` խորհուրդ է տրվում օրվա շոգ ժամանակ չգտնվել արևի ուղիղ ճառագայթների ներքո, հնարավորության դեպքում գտնվել ստվերում»,- լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի շրջակա միջավայրի հիգիենայի բաժնի պետ Ռուբեն Գրիգորյանն ու հորդորեց որ անհրաժեշտ է նվազեցնել ֆիզիկական ակտիվությունը:

Անդրադառնալով շոգ պայմաններում աշխատանքի ճիշտ կազմակերպմանը, Ռ․ Գրիգորյանը նշեց, որ 40-ից բարձր օդի ջերմաստիճանի դեպքում անմիջական ղեկավարի համաձայնությամբ հաճախակիացվում են ընդմիջումները․ «Եթե սովորական օրերին ունենում ենք մեկ ժամ ընդմիջում, ապա շոգ օրերին անմիջական ղեկավարի համաձայնությամբ հաճախակիացնում ենք ընդմիջումները: Օրինակ, ամեն ժամից 10 րոպե ընդմիջում սահմանել: Բացօթյա աշխատանքը ևս պետք է սահմանափակվի»,-ասաց Ռուբեն Գրիգորյանը:

Այնուամենայնիվ, բանախոսը շեշտեց, որ հանրապետությունում բարձր ջերմային ալիքի թիրախում հղիներն են, մեծահասակաները, երեխաները, խրոնիկ հիվանդություններ ունեցողները, որոնց հանդեպ պետք է առավել ուշադրություն ցուցաբերել:

Խորհուրդ է տրվում

1․ օրվա ընթացքում խմել ջուր, մասնավորապես, 2-3 լ:

2․Նրանք, որոնք ունեն խրոնիկ հիվանդություններ, պարտադիր պետք է խմելու ջրի քանակի հարցում խորհրդակցեն իրենց  բժշկի հետ:

3․Ուլտրամանուշակագույն ճառագայթներից խուսափելու համար խորհուրդ է տրվում կրել գլխարկ, արևային ակնոց, հովանոց, հագնել սպիտակ կամ բաց երանգների ազատ, օդաթափանց հագուստ, ցանկալի է բամբակյա կտորից:

4․Վերանայել սննդակարգը, նախապատվությունը տալ բուսական ծագման սննդամթերքին:

5․Ուշադրություն դարձնել սննդի պահման պայմաններին՝ հատկապես բնության գրկում հանգիստը կազմակերպելիս:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով