Եղջերուները Հայաստանում

https://eco.am/3674-2/

Եղջերուները կազմում են երկկճղակավոր կաթնասունների մեծ ընտանիքը: Եղջերուների ընտանիքը բաժանվում է 4 ենթաընտանիքի՝ մունջակներ, ջրային, իսկական և ամերիկյան եղջերուներ: Իսկական եղջերուներից են որմզդեղները, մշկայծյամները, ազնըվացեղ և բծավոր եղջերուները, եղնիկը, մարալը: Հայտնի է մոտ 40 տեսակ՝ տարածված Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային Աֆրիկայում, Ամերիկայում: ՀՀ անտառային գոտում կան այծյամներ, ազնիվ և բծավոր եղջերուներ:

Հայաստանում եղջերուներ եղել են անհիշելի ժամանակներից, մ.թ.ա. 2 հազարամյակի երկրորդ կեսին է սկիզբ է դրվել կիսաքոչվորական անասնապահությանը Հայկական բարձրավանդակում և ողջ Անդրկովկասում։

Անասնապահության հետ մեկտեղ նոր վերելք է ապրում նաև որսորդությունը՝ քոչվոր անասնապահների սննդի աղբյուրներից մեկը։ Դամբարանային նյութերի մեջ հաճախ են հանդիպում եղնիկների ու եղջերուների և այլ կենդանիների ոսկորներ: Ժայռապատկերներում ևս շատ են եղջերուների պատկերները:

Ավելի ուշ քրիստոնեության շրջանում եկեղեցիների վրա քանդակում էին նաև արու եղջերուների պատկերներ:

Հեթանոսական ժամանակներից, օրինակ, պահպանվել է Նավասարդի մասին գողտրիկ ու փոքրիկ բանաստեղծություն.

– Ո՞վ կտա ինձ ծխանի ծուխը,
Եվ առավոտը նավասարդի,
Եղնիկների վազելը և եղջերուների վարգելը,
Մենք փող էինք փչում և թմբուկ զարկում,
Ինչպես օրենքն էր թագավորների…

ՀՀ-ում ազնիվ եղջերուն կլիմայավարժեցվել է «Խոսրովի անտառ» արգելոցում (1970 թ.), ապա տեղափոխվել «Դիլիջան» ազգային պարկ, որտեղ արագ հարմարվել է տեղանքի պայմաններին: Որսն արգլված է:

Եղջերուների մարմնի երկարությունը մոտ 200 սմ է, կենդանի զանգվածը՝ 100–300 կգ: Ունեն երկար ոտքեր, կարճ պոչ, երկար ու շարժուն ականջներ: Արուները (հյուսիսային եղջերուների՝ նաև էգերը) ունեն ճյուղավորված եղջյուրներ, որոնք ամեն տարի փոխարինվում են նորերով: Եղջերուների գունավորումը հաճախ շիկակարմիր է կամ գորշ, մատղաշները (երբեմն` նաև հասունները) բծավոր են: Ապրում են անտառներում, անտառատափաստաններում, տունդրայում, անտառատունդրայում՝ փոքր խմբերով: Իսկ հյուսիսային եղջերուներն աշնանը և ձմռանը մեծ հոտեր են կազմում ու անցնում հարյուրավոր կիլոմետրեր: Սնվում են ճյուղերով, տերևներով, խոտերով, մամուռներով, քարաքոսերով: Ձմռանը կերը փորելով հանում են ձյան տակից: Ունենում են 1–2 ձագ: Որսի և արդյունագործական կենդանիներ են. գնահատվում են տաքմորթին, ամուր կաշին և համեղ միսը: Ասիայի, Եվրոպայի և Ամերիկայի հյուսիսային շրջաններում զբաղվում են եղջերուների բուծմամբ: Առանձնահատուկ է հյուսիսային եղջերուների բուրդը: Մազաթելի հաստ միջուկը լցված է օդով, իսկ օդը լավ է պահպանում մարմնի ջերմությունը: Բուրդը նաև փրկագոտի է. հյուսիսային եղջերուները հեշտությամբ լողում են, որովհետև մազաթելերը սնամեջ են: Հյուսիսային ժողովուրդների համար եղջերուները փոխարինում են թե՜ ոչխարին, թե՜ կովին և թե՜ ձիուն:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել