3 տարածված միֆ՝ մրգերի մասին

https://eco.am/3-%d5%bf%d5%a1%d6%80%d5%a1%d5%ae%d5%be%d5%a1%d5%ae-%d5%b4%d5%ab%d6%86%d5%9d-%d5%b4%d6%80%d5%a3%d5%a5%d6%80%d5%ab-%d5%b4%d5%a1%d5%bd%d5%ab%d5%b6/

Մրգերը մարդու սննդակարգի կարևոր բաղադրիչն են։ Առողջապահության համաշխարհային կոմիտեն խորհուրդ  է տալիս օրական ուտել առնվազն 400 գրամ միրգ։ Սակայն, մեր շրջապատում հաճախ ենք հյուսված լեգենդներ լսում մրգերի մասին, թե երեկոյան ժամերին չի կարելի միրգ ուտել, կամ՝ միրգը նույն շաքարն է և հանդիսանում է ավելորդ քաշի աղբյուր։

Բժիշկ-դիետոլոգ Լիդիա Այվազյանն ասում է, որ թվում է՝ մեր սննդակարգում կան բավականին շատ մթերքներ, որոնց առողջ կամ անառողջ լինելու շուրջ կարելի է քննարկում ծավալել, բայց արի ու տես, որ արդյունքում տուժում են «խեղճ» մրգերը:

««Միրգը նույն շաքարն է», «Մրգերը պետք է քչացնել՝ քաշ նվազեցնելու նպատակով», «Միրգը որոշակի ժամից հետո միանգամից վերածվում է ճարպի»․․․ այս միֆերը բերում են միայն մի բանի՝ առողջարար, շատ օգտակար, վիտամինների, հակաօքսիդանտների, բջջանյութի, միկրոէլեմենտների աղբյուր հանդիսացող մթեքների՝ ՄՐԳԵՐԻ կրճատման»,- պնդում է բժիշկ-դիետոլոգն ու թվարկում մրգերի մասին ամենատարած միֆերը:

Միֆ N1- Միրգը նույն շաքարն է:

Մրգերը պարունակում են գլյուկոզա և ֆրուկտոզա, որոնք չեն համարվում ԱՎԵԼԱՑՎԱԾ շաքար: Բացի այդ, մրգերը պարունակում են բջջանյութ, որը դանդաղեցնում է պարզ շաքարների ներծծումը: Դրա համար էլ խորհուրդ է տրվում միրգը ուտել, ոչ թե նրա քամած հյութը խմել (բջջանյութը մնում է հյութաքամիչի մեջ):

Միֆ N2- Մրգերը պետք է քչացնել` քաշը նվազեցնելու նպատակով:

Քաշ նվազեցնելու համար անհրաժեշտ է կալորիայի դեֆիցիտ, որը ՉՊԵՏՔ է լինի ի հաշիվ մրգի: Սննդային օրագրերը քննարկելուց փորձում ենք կրճատել կալորիան ի հաշիվ դատարկ կալորիաների, տրանս ճարպերի, հագեցած ճարպերի և այլն: Եվ, փորձը ցույց է տալիս, որ այն մարդիկ, ովքեր ուտում են օրվա ընթացքում բավարար քանակությամբ մրգեր, կալորիայի ավելցուկ քիչ են ունենում:

Միֆ NՄիրգը որոշակի ժամից հետո միանգամից վերածվում է ճարպի:

Շա՜տ սխալ «հաստատում», մեր օրգանիզմի ֆիզիոլոգիայի հետ կապ չունեցող միֆ, քանի որ օրգանիզմը ճարպ է կուտակում ավել կալորիայից: Սպիտակուցը, ածխաջուրը, ճարպը կուտակվում են ճարպի տեսքով, եթե դրանց քանակությունը գերազանցում է ծախսը:

Ընդհանրապես, մրգերի սահմանափակում կարող է լինել որոշ հիվանդությունների սրացման փուլում և  անհատական անտանելիությունների ժամանակ (լուծ, փքվածություն, այրոց…)։

«Տարբեր երկրների սննդային ուղեցույցում չկա մրգերի սահմանափակում, ժամային ուղեցույց, հակառակը, միայն ավելացման մասին է: Քանի որ բոլոր երկներում էլ խնդիրը առողջարար մթերքների քիչ օգտագործման մեջ է»,- շեշտում է բժիշկ-դիետոլոգ Լիդիա Այվազյանը։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով