Նախորդ՝ 2023 թվականի ընթացքում ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն աշխատել է ծանրաբեռնված և հիմնականում կատարել է իր առջև դրված խնդիրները։ Այդ մասին այսօր հաշվետու զեկույցում ներկայացրեց ԲԸՏՄ ղեկավարի տեղակալ Վրեժ Գալոյանը և ընդգծեց․ «2023-ին կառույցի առաջնային ուշադրության կենտրոնում են եղել ընդերքի, ջրային ռեսուրսների, կենդանական և բուսական աշխարհի օգտագործման և պահպանության, մթնոլորտի պահպանության խնդիրները»:
Ըստ Վրեժ Գալոյանի, նախորդ տարվանից ԲԸՏՄ-ն ընդերքի վերահսկողության ոլորտում ակտիվորեն կիրառում է օրթոֆոտո պատկերների միջոցով ծավալային տվյալների ստացման թվային տեխնոլոգիան․ «Այդ եղանակով Արաքս գետի հունի ողջ երկայնքով կատարած ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերված խախտումների փաստով կասեցվել է երկու ոչ բարեխիղճ տնտեսվարողի գործունեություն»,– ասաց ԲԸՏՄ ղեկավարի տեղակալն ու ընդգծեց․ «Լաբորատոր հետազոտությունների արդյունավետության բարձրացման նպատակով 2023 թվականին ձեռք են բերվել սարքավորումներ, որոնք հնարավորություն են տալիս ստանալ ավելի ճշգրիտ արդյունքներ և կրճատել աշխատաժամանակը՝ հատկապես փոշու, ծխագազերի, ջրի քանակական և որակական չափագրում կատարելիս: Դրանց օգտագործմամբ կատարվել է 964 լաբարատոր հետազոտություն»:
ԲԸՏՄ ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանն էլ հավաստիացրեց, որ աշխատանքի բարձր նշաձող է սահմանվել նաև 2024 թվականին․ «Այս տարի նախատեսվում է իրականացնել ծրագրային 180 և գրեթե նույն քանակի արտածրագրային ստուգում: ՀՀ վարչապետի հանձնարարականի համաձայն՝ 2024-ին նույնպես մեզ համար գերակա են լինելու ընդերքօգտագործման, ընդերքի ու ջրային ռեսուրսների պահպանության ոլորտները»,- ընդգծեց ԲԸՏՄ ղեկավարն ու հավելեց․ «2024-ին, ինչպես նախորդ տարի, ԲԸՏՄ կապիտալ ծախսերը կազմելու են 58 միլիոն 130 հազար դրամ: Անցյալ տարի այն ամբողջությամբ իրացվել է: Այս տարի արդեն հայտարարվել են գնումներով նախատեսված բոլոր մրցույթները»:
Այնուամենայնիվ, ընդհանուր առմամբ 2023-ին գրանցվել է 2544 իրավախախտման դեպք: 2022 թվականի (2393) համեմատ խախտումների քանակն ավելացել է 6,3, իսկ 2021-ի (2083)՝ 22,1 տոկոսով։
Հարուցվել է 1352 վարչական վարույթ: Դա 45,4 տոկոսով գերազանցում է 2022 թվականի (930) և 31,9 տոկոսով՝ 2021 թվականի (1025) ցուցանիշը:
872 անձի նկատմամբ կիրառվել է ընդհանուր առմամբ 1116 վարչական տույժ: Դա 9,2 տոկոսով շատ է 2022-ի ցուցանիշից (1022), սակայն 2,4 տոկոսով քիչ է 2021 թվականին (1144) կիրառված տույժերի քանակից:
Սահմանված վարչական տուգանքների չափը 2023-ին կազմել է 135 մլն 750 հազար դրամ: 2022-ին տուգանքների չափը կազմել է 99 մլն 160 հազար, իսկ 2021-ին՝ 103 մլն 490 հազար դրամ:
Բնությանն ու պետությանը հասցվել է 5 մլրդ 176 մլն 182 հազար 531 դրամի վնաս: ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 143 մլն 868 հազար 695 դրամ։ Գանձումների գործընթացն օրենքով սահմանված կարգով շարունակվում է:
Eco.am
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ






Թողնել մեկնաբանություն