«Ուրախ ենք արձանագրել, որ 2021 թվականի ծրագրի խորհրդի առաջարկը՝ դիմելու Կլիմայի կանաչ հիմնադրամին ծրագրի գործողության ժամկետը 36 ամսով երկարաձգելու համար, արդեն իրականացվել է, ու ծրագիրը շարունակվելու է մինչև 2026 թվականի հունիս»,– «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և Կլիմայի կանաչ հիմնադրամի (ՄԱԶԾ-ԿԿՀ) ծրագրի խորհրդի նիստի ժամանակ ասաց Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։
Ըստ Սիմիդյանի, ծրագրի ժամկետների երկարացման համար հիմք է հանդիսացել ֆինանսների նախարարության և Տարածքյաին կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հստակ դիրքորոշումը կապիտալ վերակառուցման ծրագրերում էներգաարդյունավետության միջոցառումների լիարժեք ներառման և, բյուջետային ռեսուրսների տնտեսվար օգտագործման վերաբերյալ։
«Շրջակա միջավայրի նախարարության Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը այս ծրագրի շրջանակներում իրականացնում է բնապահպանական օգուտների համակարգված գնահատման համակարգի ներդնումը։ Ծրագրի արդյունքներն ունեն բոլոր նախադրյալները ծառայելու որպես երաշխիք Կլիմայի կանաչ հիմնադրամի կողմից նոր ռեսուրսների ներգրավման համար՝ ի բարօրություն մեր երկրի հանրությանը»,- նշել է նախարարը։

Նախքան նիստի մեկնարկը հաստատվել է Ծրագրի խորհրդի փոփոխված կազմը և օրակարգը։ Ելույթներով հանդես են եկել Ծրագրի համակարգող Վահրամ Ջալալյանը և Ծրագրի առաջին բաղադրիչի պատասխանատու Արմեն Աջամօղլյանը։ Առաջիկա գործողությունների, առկա խնդիրների, մարտահրավերների ու խոչընդոտների մասին զեկույցով հանդես է եկել Ծրագրի միջազգային ղեկավար Ռուսուդան Տաշուրին։
Այս տարի ծրագիրն ապահովել է արդյունավետ համագործակցություն ՀՀ Վարչապետի աշխատակազմի, Երևանի քաղաքապետարանի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Առողջապահության, Կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների հետ հասարակական և բազմաբնակարան շենքերի ջերմաարդիականացման մասով:
Ընդհանուր առմամբ ծրագրի օժանդակությամբ և համաֆինանսավորմամբ ջերմաարդիականացվել է շուրջ 220 շենք, որից ավելի քան 150-ը՝ բնակելի։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ




Թողնել մեկնաբանություն