2023-ին ՀՀ ԳԱԱ-ն 35 նիստով քննարկել է Սևանա լճին և ջրավազանին առնչվող ծրագրեր ու նախագծեր

https://eco.am/2023-%d5%ab%d5%b6-%d5%b0%d5%b0-%d5%a3%d5%a1%d5%a1-%d5%b6-35-%d5%b6%d5%ab%d5%bd%d5%bf%d5%b8%d5%be-%d6%84%d5%b6%d5%b6%d5%a1%d6%80%d5%af%d5%a5%d5%ac-%d5%a7-%d5%bd%d6%87%d5%a1%d5%b6%d5%a1-%d5%ac%d5%b3/

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովը 2023 թվականին անցկացրել է 35 նիստ։ Eco.am սոցիալական հարթակը ՀՀ ԳԱԱ-ից տեղեկացավ, որ քննարկվել են Սևանա լճին և ջրավազանին առնչվող ՀՀ նախարարությունների, գերատեսչությունների, մարզպետարանների և մի շարք ընկերությունների կողմից ներկայացված ծրագրեր, նախագծեր, հաշվետվություններ:

Հանձնաժողովին փորձաքննության ներկայացված 41 ծրագրերին, նախագծերին և առաջարկություններին տրվել է 16 բացասական և 25 դրական կարծիք։

Բացասական կարծիք է տրվել Սևանա լճից ջրառի, Սևանա լճի ջրավազանում տարբեր բնույթի հանքավայրերի բացման և կեղտաջրերի մեխանիկական մաքրման կայանների արդիականացման, երկրաբանական ուսումնասիրություններ կատարելու վերաբերյալ ծրագրերին ու նախագծերին։

Դրական կարծիք է տրվել Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման և օգտագործման, ոռոգման նպատակով, «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին, արևային ֆոտովոլտային էլեկտրակայանների հիմնման, Գեղարքունիքի մարզում երկրաբանական հետախուզական ուսումնասիրության աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտերին։

Հանձնաժողովը քննարկել և 19 առաջարկություն է տվել Սևանա լճից ջրբացթողումների, ջրակորուստների նվազեցման, բույսերի ջրապահանջի նորմերը պահպանելու, Սևանա լճի ջրածածկման ենթակա տարածքների մաքրման, Սևանա լճի բացասական հաշվեկշռի կարգավորման և բնակավայրերի կոյուղաջրերի խնդիրների վերաբերյալ։

Հանձնաժողովի կողմից քննարկվել և հավանություն է տրվել Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի տարեկան առավելագույն չափաքանակների վերաբերյալ որոշման նախագծին։

Ընթացիկ տարում իրականացվել է այց Սևանա լճի ջրավազան, կազմակերպվել են քննարկումներ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի մասնագետների, Գեղարքունիքի մարզպետարանի համապատասխան ծառայության մասնագետների հետ համատեղ: Համատեղ քննարկումներ են կազմակերպվել ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչների հետ:

Համագործակցելով միջազգային կազմակերպությունների հետ՝ հանձնաժողովը կազմակերպել է քննարկումներ «ADWISE Consulting» կազմակերպության ներկայացուցիչների հետ՝ «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն – EU4Sevan» ծրագրի ՄԱԶԾ բաղադրիչի շրջանակներում իրականացող Սևանա լճի երկարաժամկետ ազգային տեսլականի սահմանման ճանապարհային քարտեզի իրականացման ընթացքի վերաբերյալ, EU4Sevan ծրագրի շրջանակներում իրականացվող և պլանավորվող աշխատանքների վերաբերյալ տեղեկատվության պարբերական թարմացման նպատակով, EU4Sevan ծրագրի շրջանակներում 2023թ․ ընթացքում կատարված աշխատանքների և հետագա քայլերի վերաբերյալ:

Հանձնաժողովը պարբերաբար կազմակերպել է հանդիպումներ մամուլի ներկայացուցիչների հետ՝  հանրությանը ներկայացնելով Սևանա լճի խնդիրները:

Հանձնաժողովի նիստում քննարկվել և հաստատվել է 2024թ․ աշխատանքային ծրագիրը և տարեկան գործունեության հաշվետվությունը, որոնք ներկայացվում են ՀՀ ԳԱԱ նախագահին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Խախտվել է «Սևանա լճի մասին» օրենքով սահմանված ընթացակարգը․ փորձագիտական հանձնաժողովը հայտարարությամբ է հանդես եկել

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով