2022 թվականի դեկտեմբերին, օպերատիվ տվյալներով, Հայաստան է այցելել առավել քան 130 հազար զբոսաշրջիկ։ Այս թիվը մոտ 20 հազարով գերազանցում է 2019 թ. ռեկորդային ցուցանիշը։
Eco.am սոցիալակն հարթակն այդ մասին տեղեկացավ ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի տրամադրած տեղեկատվությունից, ըստ որի ընդհանուր առմամբ՝ 2022 թվականին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը կազմել է մոտ 1.67 մլն մարդ՝ 2019 թ. 1.89 մլն մարդու համեմատ։
Հատկանշական է, որ հեղինակավոր Forbes ամսագիրն արդեն կազմել է 2023 թվականին ճանապարհորդությունների համար ամենահետաքրքիր ուղղությունների ցանկը, որտեղ Հայաստանը ճանաչվել է 2023 թվականի լավագույն տուրիստական ուղղություններից մեկը։
«Հայաստանը գեղեցիկ երկիր է իր հարուստ պատմությամբ և մշակույթով։ Այն հիանալի բնապատկերների տուն է, ներառյալ Կովկասի լեռները և Սևանա լիճը, ինչպես նաև ունի հնագույն բազմաթիվ ճարտարապետական հրաշքներ, ինչպիսիք են Գառնիի տաճարը և Հաղպատի վանքը։ Այդ հրաշքներից մի քանիսը ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում»,- Forbes-ի հոդվածում այսպես է ներկայացվում Հայաստանը, որպես լավագույն տուրիստական ուղղություններից մեկը։
Հոդվածում նաև առանձնահատուկ շեշտված է հայկական համեղ խոհանոցը․ «Հայաստանը հայտնի է նաև իր համեղ խոհանոցով՝ իր մի շարք թարմ խոտաբույսերով և համեմունքներով: Եթե սննդի սիրահար եք, ապա չմոռանաք հայկական խաշը (ոսկորների արգանակ), տոլմա (խաղողի թփով), մանթի, իհարկե, տնական թթու վարունգը»,– հեղինակավոր Forbes ամսագիրն այսպես է ներկայացրել Հայաստանն իր տեսարժան վայրերով ու խոհանոցով։





Թողնել մեկնաբանություն