Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը և նախարարի՝ ոլորտն համակարգող տեղակալ Տիգրան Գաբրիելյանը մասնակցել են հայ-իրանական բարձրաստիճան և մոնիթորինգային աշխատանքների նախապատրաստական նիստին։
Eco.am սոցիալական հարթակը ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացավ, որ նիստին մասնակցել են Իրանի Իսլամական Հանրապետության Շրջակա միջավայրի կազմակերպության մարդկային շրջակա միջավայրի հարցերով տնօրենի տեղակալ Իրաջ Հեշմաթին, Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին, նախարարության «ՀայՀիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը, նախարարության մասնագիտական ստորաբաժանումների ղեկավարներ, բարձրաստիճան ներկայացուցիչներ երկու երկրների շահագրգիռ կառույցներից։
Նախքան նիստի օրակարգային հարցերին անցնելը, նախարարը գործընկերների հետ քննարկել է սույն թվականի սեպտեմբեր ամսին Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան)՝ Ավազի և փոշու փոթորիկների դեմ պայքարին ուղղված միջազգային համաժողովը և դրա ընթացքում քննարկված հարցերի ընթացքը։
Ողջույնի իր խոսքում նախարար Հակոբ Սիմիդյանն երախտագիտություն է հայտնել Իրանի Իսլամական Հանրապետության շրջակա միջավայրի կազմակերպությանը շարունակական և արդյունավետ համագործակցության համար և անդրադարձել հայ-իրանական բարեկամական հարաբերություններին․
«Հայաստանի Հանրապետության կառավարությունը մեծապես կարևորում է փոխադարձ հարգանքի և վստահության վրա խարսխված առանձնահատուկ հարաբերությունների կայուն զարգացումը բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության հետ, որը ոչ միայն հարևան պետություն է, այլև առևտրային և շրջակա միջավարի պահպանության առումով ռազմավարական կարևոր գործընկեր: Ուրախ եմ, որ այսօր հնարավորություն ունենք առկա ձևաչափով քննարկել Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված համագործակցության ներկա վիճակը, փոխգործակցությանը վերաբերող, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերը»,-նշել է նախարարը։
Կարևորելով Արաքս սահմանային գետի պահպանության վերաբերյալ արդյունավետ համատեղ և շարունակական աշխատանքն ու արձանագրած հաջողությունները, նախարարը Շրջակա միջավայրի նախարարության անունից պատրաստակամություն է հայտնել շարունակել համագործակցությունը բնապահպանական բոլոր ուղղություններով և անդրադարձել է երկու երկրների համատեղ մոնիթորինգային խմբի աշխատանքների վերսկսմանը։
Իրանի Իսլամական Հանրապետության Շրջակա միջավայրի կազմակերպության մարդկային շրջակա միջավայրի հարցերով տնօրենի տեղակալ Իրաջ Հեշմաթին իր հերթին շնորհակալություն է հայտնել նիստը նախաձեռնելու համար։ Պարոն Իրաջ Հեշմաթին նաև իր երախտիքն է հայտնել հայ գործընկերներին Արաքս գետի ջրի որակի հանդեպ մշտական ուշադրության և դրա պահպանությանն ուղղված ջանքերի համար։
Նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը կարևորել է հանդիպումը, քանի որ տևական դադարից հետո ազդարարվում է երկու երկրների համատեղ մոնիթորինգային խմբի աշխատանքների վերսկսման մեկնարկը։
Նիստի ընթացքում ներկայացվել է Արաքս սահմանային գետի ջրի որակի համատեղ մոնիթորինգային աշխատանքների իրականացման ծրագիրը, աշխատանքների իրականացման ճանապարհային քարտեզը և հաստատվել է տարեկան ժամանակացույցը։
Թողնել մեկնաբանություն